Թադևոս Տոնոյան

Թադևոս Տոնոյան

Փշրանքներ

Տեր իմ, ես չեմ մասնակցել սրանց գինի ու հացին,
Թեև իրենց սեղանից ինձ փշրանքներ են նետել,
Իմ մեղքն այն է, որ ոչինչ չավելացրի եղածին,
Ու չթողի քո որդուն ողնացողունն իմ էտեր։
Հարմարվեցի այդպես էլ կատարողի իմ դերին
Ու երագելն էլ, ավա՜ղ, չմոռացա ոչ մի օր,
Դու ամենայն ինչ գիտես, բայցև գիտե՞ս, որ, Տե՜ր իմ,
Ոչինչ չկա այս երկրում երազելուց ահավոր։
Ամեն բան է այս երկրում մոտեցել իր ավարտին
Եվ մարմնամերձ մեր կյանքը, և ուծացումը հոգու,
Ահա դրված քո գավթում իմ աննշխար միակ դին
Եվ փշրանքներն այն շուրջս, որ ես կերա իմ կյանքում։

Հողերկրպագու անձս

Ավելանու՜մ են… ավելացնու՜մ եմ պարտքերս Աստծուն,
Ու փոքրանում է տեղն իմ երկնքում, նվազում գանձս,
Մնացինք այսպես հայտնի ու անհայտ հանրային ցածում
Քրիստոնյա երգն ու հողերկրպագու անխոնարհ անձս։
Բայց էլ Որդու պես չեմ ընդունելու զոհամատուցում
Անտիկ քսության այդ շրջացոլքը սրտում դիցերի,
Քանի որ հին գիրն իմ դատապարտյալ ու փոքր ածուն
Մաշվում են որպես քարտեզ անճանաչ ու սոսկ… իղձերի։
Ինձ մնում է լոկ Ձիրքով Ստեղծումի հարազատ մնամ
Իմ Հորենական Նմանողությանն ու Չարչարանքին,
Որ մի օր կանգնեմ խաչին, մահվան ու կյանքին հանդիման
Ու հանապազօր հացի պաշարով բարձրանամ երկինք։

Տիրոջ մարմինը

Երանի նրան, ով երկրում ունի ճանապարհողն իր,
Առավել նրան, ով դիմավորող ունի երկնքում,
Մենք ուզում ենք մեր մարմինը փառքով տալ ի պահ հողին
Ու դրա համար նախ նայում ենք վեր ու խաչակնքում։
Բայց մի՞թե ձյունն այս փերթ-փերթ տեղացող Իր մարմինը չէ,
Որ պաղել է վեր նայող աչքերից գլխատ Մկրտչի.
Գուցե վերստին Նա ներել է մեզ ու երկիր իջել
Ու պիտի արդեն նաև դատի մեզ ըստ սուր ու գրչի։
Պաղել է հողը, պաղել են երկինք, մարմին ու անուն,
Երկինք են նայում ծերատ աչքերը դեռ ապրողների,
Որ Նա, ով ձյունող իր հոգեմարմնով մեզ է պատանում,
Թեև նեղացած սակայն մի վերջին անգամ մեզ ների։
Չէ՞ որ թիրախ են հոգիները դեռ Տիրոջ երամի,
Ու տխրել է մեր բաժին երկիրն ու անհույս պառավել,-
Ով երկրում ունի ճանապահողն իր նրան երանի,
Ով դիմավորող ունի երկնքում նրան առավել։

Բանաստեղծության բարաբան

Կանխորոշված է ջանքը մեր գրի.
Փրկենք խոսք ու բառ ժանգափառ ստից,
Երբ գաղտնի քուրմը քրիստոնյա երկրի
Փառաբանվել է ուզում իբրև դից։
Բայց անզոր մերժել Գովքը, որ ստին
Սպասավորել է դիպվածում պատեհ,
Միշտ այն գամերն ենք խփել մեր սրտին,
Որ Խաչին Տիրոջ Մարմինն են պահել։
Հիմա դրանք են մեր դեմ դրել ու
Խոսքով Փորձելու կերպը փառապանծ,
Ու քե զ է դարձյալ ամբոխն ընտրելու,
Բանաստեղծության անխոնջ բարաբա։

Ընկերոջս Կարենին այս աշխարհից

Իմ կյանքի գինը գինն էր քո կյանքի.
Մնացի,
որ սա
հասկանամ այստեղ,
Ու էլ չեմ ձգտում մեր անրջանքին.
Այն տարիքում ենք,
որ անիմաստ է։
Երկրում ընկեր ու
երկնքում աստղեր էլ չունեմ.
միայն…
բուրմունքը վաղվա,
Ընկերությունը դեռ պիտի փաստենք,
Դու այն աշխարհից,
իսկ ես, ավա՜ղ, այս։
Իմ երկրայինը
ձգվեց անհարկի.
Ես մեղավո՜ր եմ, որ մեղավոր եմ.
Իմ կյանքի գինը
գինն էր քո կյանքի.
Մահդ
կյանքիս մեջ
չտեղավորվեց։

Հրեշտակների այցելությունը
Եկանք երկրային մարմինը զգանք
Հաց վաստակելու ու Մարդու միջև,
Այցելությունն այս գուցե և սգան
Այնտեղ, ուր մեզ դեռ ուզում են հիշել
Լույսի կերպարով, լուսընթացունակ,
Այնտեղ, ուր դեռ լույսն իրենց չեն շիջել
Հույսով, որ պիտի վերստին ետ գանք
Հրեշտակներս ու մարդիկ, մինչև
Դարձյալ երկնային մարմին զգենանք։

25 հունվարի, 2009թ.

* * *

Պարբերաշրջանն իմ մեծ է այնքան,
Որ կարծես դեմ է ամեն օրենքի,
Բայց ես գիտեմ, որ Դիպվածը անգամ
Խարիսխ է գցում Տիրական հենքին,
Որն առինքնում է չափումով երեք
Պահելով ընդմիշտ Վայրում այն բերրի
Որտեղ ես էլ եմ, ես էլ եմ օրենք
Սերնդաշղթա սրտազարկերի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում