«Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» ցուցահանդես՝ Մատենադարանում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Մատենադարանում հունիսից 9-ին բացվելու է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից (13–14-րդ դարեր)» խորագրով ցուցահանդեսը։ Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։
Իտալիայի արվեստների քաղաք Ֆլորենցիայում Մեդիչիների Լավրենտյան գրադարանն ունի 14 հայերեն ձեռագիր: Այդ ձեռագրերը վկայում են Իտալիայում և հատկապես Տոսկանայում (որտեղ հայերը հաստատվել էին դեռևս միջնադարում) հայերի ներկայության և հայ մշակույթի կարևորության մասին:
Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոյի նախաձեռնությամբ, Իտալիայի ու Հայաստանի Հանրապետությունների նախագահների բարձր հովանու ներքո բացառիկ հնարավորություն է ընձեռնվել այցելուներին ներկայացնելու այդ նշանակալի հավաքածուից երեք ձեռագիր:
Այս ցուցադրությունը հրաշալի հնարավորություն է ընձեռում ևս մեկ անգամ արժևորելու հայ-իտալական մշակութային առնչությունները և բարեկամական դարավոր կապերը:
Ցուցահանդեսին ներկայացվելու են հետևյալ ձեռագրերը.
• Ձեռ. 790 (Սուրբ Մարկոսի հավաքածու)
Սաղմոսարան և Ժամագիրք, 1369 թ., Բուդապեշտ, գրիչ՝ Թովմա, ծաղկող՝ Ֆրանչեսկո դի Կաֆֆա, պատվիրատու՝ Սարգիս
• Ձեռ. 1.13 (Պլուտեուսի հավաքածու)
Պատարագամատույց, 1353 թ. Պիզա, գրիչ՝ ԳրիգորԱրքեպիսկոպոս
• Ձեռ. 1089 (Աշբուրնհամի հավաքածու)
Քահանաօրհնէք, 1232 թ., Կիլիկիա, գրիչ՝ Գևորգ, պատվիրատու՝ Հովհաննես Արքեպիսկոպոս
Տարիներ շարունակ Մատենադարանի հավաքածուից ձեռագրեր են տարվել աշխարհի տարբեր կենտրոններ՝ ներկայացնելու մեր ձեռագրական ժառանգությունը: Այս ցուցահանդեսը բացառիկ է, քանի որ առաջին անգամ Մատենադարանն է հյուրընկալում բարեկամ երկրում պահվող հայկական ձեռագրական գանձեր: Դրանք յոթ ամիս կցուցադրվեն Մատենադարանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում