Հովհաննես Երանյան. Քավարան՝ հոդվածի և պատմվածքի միջև
Նմանատիպ
Երկիր մոլորակի վրա շոգն ուժգնանում է, հալչում է երկրագնդի սառույցը, և նոր համաշխարհային ջրհեղեղն անխուսափելի է: Մարդն այս անգամ տիեզե՞րք է ճողոպրելու, թե՞ էլի իմ Սարին է ապավինելու:
Արարատյան դաշտի իմ տանը առավոտս սկսվում է Նրա հետ անխուսափելի, պարտադիր հանդիպումով, որն ինձ տկարացնում է, մռայլում օրս, որովհետև մարդկության մեծ վերածննդի խորհրդանիշն իմ հայացքի ճանապարհը փակում է։ Կուռքիս տողն ինձ համար որևէ կերպ պատվիրան չեմ կարողանում դարձնել, և ամեն օր արթնանում եմ տիկին մահը գրկած:
Քանի այդպիսի հայացք է առել իր վրա, մահվան քանի սարսուռ է եկել բախվել ժեռ կողերին. Ինքը հարատև վեհատեսիլ ներկայություն է, որն ինձ հոգնեցնում է. ես չեմ կարող մոռանալ նրա գոյությունը, ուրանալ հրաշագեղությունը, գերազանցել երկարակեցությունը:
Հայացքս փորձում է շրջանցել, աջ- ձախ, առաջ-ետ՝ Նրա՝ էլի վեհ ձագերն են: Ծվարում է հայացքս նրանց միջև՝ կարոտ կորչելու հորիզոնի անվերջության մշուշում, կարոտ անապատի, կարոտ տափաստանի, կարոտ օվկիանոսի: Ծովի ափին հայացքս այլ չափումների տեր էր դառնալու՝ հորիզոնի, երկնքի և ծովի խորության անվերջության:
Ծովի ափին հայացքս տիեզերքի խորհրդանիշ խորանարդ խաղալիքը անհանգիստ, հետաքրքրասեր երեխայի պես այսուայնկողմ էր պտտելու, խառնելու էր լայնությունը, երկարությունն ու բարձրությունը, հետ էր բերելու իր հավերժական ներդաշնակությանը:
Իսկ իմ ձորում հայացքս անօգուտ ճիգ է անում՝ շրջանցելու անհաղթահարելի լեռները՝ մոտիկ, կիպ, և միակ փրկությունը կամ վեր նայելն է, կամ՝ ներս:
«Մարդն ապրում է ոչ միայն հացով, այլև Աստծո խոսքով» տողի փոխարեն եթե ասված լիներ «Մարդն ապրում է միայն Աստծո խոսքով», ապա կկտրեի ամեն օր հոդված գրող ձեռքս և ձախով պատմվածքներ կգրեի, կավարտեի վեպս: Օզոնի շերտը կամաց-կամաց լղարում է, ջերմոցային էֆեկտը սպառնում է սպառել մեր բաժին թթվածինը, ու իմ Սարն էլ ոչնչով չի կարողանալու օգնել:
Ես այս մասին չպիտի՞ մտածեմ:
Տասներեք տարեկան դստերս համար համադասարանցի տղեկի ինքնասպանության փորձից աղջկաս նկատմամբ հայրական խանդս անբնակա՞ն է, կատաղությունս՝ ասիակա՞ն…
Շառլ Ազնավուրը ամսագիրս հավանել է. չպիտի՞ ձգտեմ հիասթափություն չպարգևել:
Երկրիցս փախեփախի մասին խոսելիս օտար լեզվի ուսուցչուհի հարևանուհիս Ջոյսի «Դուբլինցիներից» մեջբերում է անում այսօր էլի կես էջ կթարգմանի և կգնա հարևան գյուղերը՝ մուրալու:
Խորհրդարանում քստմնելի սպանության տեսարանն ինչո՞ւ է անընդհատ կրկնվում էկրանին. ես դրանից աղիքային հիվանդություն չէի՞ վաստակելու:
Ավտոմեքենայից հաց են բաժանում, հերթի մեջ հրմշտոց է, երկու ճարպիկ տղեկ, երկուական հաց փախցրած, անութների տակ սեղմած, ուրախ ու գոհ սուլելով, քայլում են երեկ հիմնահատակ ավերված քաղաքի փողոցներում բարիկադված դագաղների միջով:
Պատկերի բնօրինակից տասներեք տարի է անցել. ես էլի տասներեք տարի հետո կարողանալո՞ւ եմ բիբերիս պահեստից այն դուրս նետել:
Անգլիայում արգելել են մարդու կրկնօրինակի արտադրությունը, Հոլանդիայում՝ թույլատրել մահ ներարկել անբուժելի կամավորին, Շվեդիայում՝ միասեռ ամուսնությունը. ես սրանց վրա ինչո՞ւ թքած չունեմ: Մեղրու սահմանից քամին պարսկական ախորժալուր մուղամն առնում, սարերի վրայով թռցնում, բերում է ինձ. ե՞րբ է վերջանալու սահմանապահի զինապարտությունս:
Ֆրանսիացու գույնի անընդհատ մգացումն իմ ի՞նչ ցավն է:
Ինչո՞ւ է աղջկան բռնաբարած ռեժիսորը հանճար, դեսպանը՝ հիվանդ, իսկ պահակը՝ ոճրագործ: Այս անարդարությունից իմ զզվանքն ինձ պլեբեյացնո՞ւմ է, մատնում ազգությո՞ւնս, գյուղական ծագո՞ւմս:
Մտովի ատրճանակը պահում եմ քունքիս ու ինձ ստիպում վերջին գովված վեպից մի քանի տող կարդալ:
Իմ գրող ընկերն ինչո՞ւ է ինձ հետ գրողավարի խոսում. իր քածերի հետ՝ էլի հասկանում եմ, թե ինչու: Ինչո՞ւ է իմ գրողը անվերջ սեթևեթում՝ գրավոր թե բանավոր, ինչո՞ւ նրան գինին իսկ չի օգնում, չի հասարակացնում, մարդացնում. անընդհատ տաղանդավոր է:
Իմ գիտնականն ինչո՞ւ է ուզում միշտ անսխալ լինել, չգերազանցված մնալ. բանաստեղծ հո չէ՞:
Ես իմ վեպը ե՞րբ եմ ավարտելու: Թե ինչպես Էջմիածին քաղաքից մի դեռատի աղջնակ կամքին հակառակ հայտնվում է Նյու Յորք քաղաքում, դառնում պոռնիկ, զբաղվում թմրանյութեր վաճառելով, կամաց-կամաց իր ձեռքն է առնում քաղաքի թմրաբիզնեսի մի մասը, մի քանի հասարակաց տներ ու խաղատներ, մտերմանում երկրի էլիտային, գայթակղում Ռոբերտ դե Նիրոյին, դարձնում իր գործակալը, այնուհետև բանտ նետում, նրա միջոցով շատ-շատերին ծառայեցնում իր ազգի նկատմամբ պատմական արդարության վերականգնմանը: Նրանց միջոցները վատնում իր Ղարաբաղը զինելու համար:
Ես թքած ունեմ՝ Ռոբերտ դե Նիրոն որքան կնստի, կկործանվի՞ բանտում, թե՝ կներվի: Իմ աղջիկն ավելի գեղեցիկ չէր, ավելի հրապուրիչ չէր, ավելի գայթակղիչ չէր, քան իր շուրջը պտտվող հազարները: Իմ աղջիկը միակն էր, որ անդիմադրելի էր իր ազգայնականության կրքով: Ինչո՞ւ, ախր ինչո՞ւ պիտի որոշես, որ քոնը պիտի լինեն բոլոր միակները: Ես իմ աղջկա համար եմ պատասխանատու, իր մասին թող ուրիշները մտածեն:
Կես, մեկ կամ մեկուկես դյույմանոց առնանդամների տարբերության ծնած ողբերգություններով ինչքա՞ն կարելի է կերակրել մարդկանց:
Էմմին Աստծո առաջ մեղք գործեց. նա ծնվել էր, որ աղքատ ու ծեր հորը խնամեր, որպեսզի հարսը չծեծեր նրան, աշխարհ էր եկել՝ իր գյուղում խոնարհաբար կորած գեղեցկուհի լինելու: Ինչպե՞ս պեղեցին. իմ ձորում գետն այլևս երգեցիկ չէ, իմ կիրճում լեռներն այլևս առավել սառն են ու ահարկու, իմ հայացքն ու իմ Սարը առանց նրա այլևս մեն-մենակ են իրենց ամենօրյա կռվի մեջ: Այդ ծեր ու հիվանդ ամերիկացին, նրա բոլոր տեղերը լպստելով, Էմմիին գեհենի բաժին է դարձնելու:
Առանց Էմմիի երկրում ես ցրտին մրսում եմ, անձրևից՝ թրջվում, շոգից՝ արևահարվում, կայծակից՝ խփվում։ Առանց Էմմիի երկրում ինքնասպանության թափն իսկ կորսվում է: Եվ ես մեռնում եմ ամեն օր, կամ շաբաթը երեք անգամ՝ ամենաքիչը:
Երկրի կոկորդը սրունքների արանքում ճզմող պետերի գեղգեղուն խոսքի սղագրումն իսկ սպանում է ինձ առանց հարության հույսի:
Ես Աֆղանստանում ուս ուսի կռված, տարիներ հետո մարտի դաշտում դեմդիմաց կանգնած Վաչիկի ու Սախավետի մասին պատմվածքս չտպագրելուս պատճառը ինքս ինձ մի օր խոստովանելո՞ւ եմ:
Հավաբնում՝ հարբած, իրեն փնտրող հորից թաքնված աղջնակի մասին պիե՞ս կլինի:
Աքլորն անգթորեն կտցահարում է տասը տարեկան աղջկան, իսկ նա՝ ուժերի գերլարումով զսպում է իրեն, որովհետև գիտի՝ հայրն էլ չէր ների, որ դարձյալ շուրջն է հավաքել գյուղի տղաներին, կիթառ է նվագել, երգել Երևանի մասին, Էդիթ Պիաֆի մասին, իր երազանքների մասին:
Երկրաշարժին արագիլները մնացել էին, մի մասը չդիմացավ մինչև գարուն: Ողկույզից պոկված, ճզմված խաղողի հյութը տարին երկու անգամ փակ ամանի մեջ կատաղում է, փրփրում՝ մեկ մոր փնդման, հղիացման օրերին, մյուսը՝ այգեկութին:
Օտար լեզվի ուսուցչուհի իմ հարևանուհու մեջ մի օր հպարտություն է արթնանալու, թքելու է միայն Աստծո խոսքով չապրող իր զավակների ու ամուսնու ճակատագրի վրա, փախչելու է, կորչելու է չգիտեմ որտեղ:
Էմմին ու նա իրենց երակներով իմ գրչի թանաքն են տանում, հանում իմ երկրից, ահա-ահա այն կպրծնի: Հոդվածի համար արյուն-թանաք հարկավոր չէ: Անարյուն կյանքիս բոլոր գոլ օրերը թող մսխի հոդվածը: Մնացողների ամբողջ մի սերունդ իր կիրքն ու տաղանդը չորրորդին գտնելու, «բլոտի» շուրջ խմբվելու, մի շիշ էժան օղի ձեռք բերելու օրական երազանքի վրա է վատնում: Ամեն գիշեր՝ «Այսօր Երևանի ծննդատներում քսանհինգ երեխա է ծնվել. տասնմեկը՝ երջանիկ, տասնչորսը՝ անբախտ, տասը՝ հարուստ և տասնհինգը՝ աղքատ, քսանը՝ առողջ և հինգը՝ հիվանդ, տասներկուսուկեսը՝ ազգային, մնացածը՝ ապազգային, ինը տաղանդավոր, տասնվեցը՝ ապաշնորհ, քսանմեկը՝ գեղեցիկ, չորսը՝ տձև, կեսը՝ ազնիվ, նույնքանն էլ խաբեբա, կեսը՝ խիզախ, մնացյալը առաջին օրվանից թրջել են տակները»։
Ամեն գիշեր՝ «Այսօր Երևանի ծննդատներում քսանհինգ երեխա է ծնվել, բոլորն էլ՝ հպատակ ու ստրուկ»։
Մոլորակի շոգն ուժգնանում է, ջերմացնում անծայրածիր սառույցները՝ ի հաշիվ մարդու հոգու, և նոր ջրհեղեղն անխուսափելի է: Իմ Սարը նույնն է, ինչպես իմ ծնվելուց առաջ և հետո, ինչպես իմ մեռնելուց առաջ և հետո կլինի: Նա անհաղորդ է Էմմիի ճակատագրին, նրան չեն հետաքրքրում կամավոր ցրտահարված արագիլները: Նա էլի կփրկի մարդկությունն ու կմնա անփոփոխ՝ սահմանից այնկողմ, հայացքիս սահմանապահ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում