«Կյանքի դասերը»

«Կյանքի դասերը»

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Aravot.am: Խորհրդային տարիներն աստիճանաբար մոռացության գիրկն են անցնում: Դրա հետ մեկտեղ, ցավոք սրտի, նաեւ այն ամբողջ ստեղծարար գործունեությունը, որ ծավալել էր նախորդ համակարգը: Այսօրվա սերունդը այդ մասին գրեթե պատկերացում չունի: Նախորդ համակարգի նվիրյալներից էր ՀՀԿ Ալավերդու շրջկոմի 1-ին քարտուղար Լեւոն Սիմոնի Ալավերդյանը: 2019թ. հունիսի 3-ին նա կդառնար 90 տարեկան:

Լ.Ալավերդյանը ծնվել է Օձունում եւ մշտապես պահպանել է սերը հայրենի եզերքի հանդեպ: Իր հայրենակիցների նիստ ու կացը նրա ամենօրյա հոգածության խնդիրն է եղել: Ապրում էր նրանց հոգսերով: Որպես լեռնային ինժեներ, մտահոգված էր բնության պահպանության, հանքարդյունաբերության չարաշահման խնդիրներով:

Իր «Կյանքի դասերը» («Հայաստան» հր., 1985թ., առաջաբանը Սերո Խանզադյանի) ինքնակենսագրական գրքում Ալավերդյանը բերում է բազմաթիվ հետաքրքրական փաստեր իր տեսածի ու վերապրածի մասին: Նրա հուշերում թարմ են մնացել իր իսկ մանկական ապրումները՝ Հայրենական պատերազմի տարիները: Գրքում մեծ տեղ է հատկացվել նաեւ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հետագա տարիների պատմությանը: Այդ ամենում Լ.Ալավերդյանն ունի իր ծանրակշիռ ավանդը: Դրա համար էլ 50-ականներից սկսյալ գնահատվել է իր կատարած անբասիր աշխատանքի համար։ 

Երեւանի Պոլիտեխնիկականի լեռնամետալուրգիական ֆակուլտետի շրջանավարտ Լ.Ալավերդյանը ոգեւորվում, բայց չէր մեծամտանում եւ չէր կտրվում իրեն այդքան սիրող ու գնահատող ժողովրդից: Հմայիչ մարդ էր: Եվ վայելում էր ժողովրդի սերն ու հարգանքը: Նա պատկանում էր կոմունիստ ղեկավարների այն սերնդին, որոնք հետզհետե կորցնում էին իրենց դիրքերը, չցանկանալով ենթարկվել այն թելադրանքներին, որոնք ի հայտ եկան ՀԽՍՀ-ի ղեկավարներ Սուրեն Թովմասյանի (1953-60թթ.) եւ Յակով Զարոբյանի (1960-66թթ.) ասպարեզը թողնելուց հետո: Ներքին հակասությունները, տարաձայնությունները, առողջական վիճակը հանգեցրին այն բանին, որ Լ.Ալավերդյանն այլեւս չկարողացավ օգտակար լինել հանրապետությանը: Եվ նա, ավաղ, կյանքի ծաղկուն շրջանում՝ 51 տարեկանում իր մահկանացուն կնքեց Մոսկվայի կրեմլյան հիվանդանոցում:

Մարդուն, առավել եւս ղեկավարին, լավագույնս բնորոշում է, թե ինչպես է նա վերաբերվում այն մարդկանց, որոնց վրա տարածվում է նրա իշխանությունը: Նա երբեւիցե իրեն վստահված պաշտոնը ի չարս չի գործադրել: Ուներ հումորի մեծ զգացում եւ օժտված էր մեծ մարդասիրությամբ: Ահա բնավորության այդօրինակ գծերն էին, որոնք նրա համար ճանապարհ էին հարթում դեպի գործընկերների սիրտը:

Լեւոն Ալավերդյանի «Կյանքի դասեր» ինքնակենսագրական գիրքը մի յուրօրինակ հուշարձան-հուշապատում է, պատգամ այն բոլոր իշխանավորներին, որոնք հետագայում կծառայեն ազգին ու ժողովրդին:

ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում