Միքայել Մինասյան. «Հռոմի Պապը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց մեր ժողովրդի պատմության հանդեպ»

«Ֆրանցիսկոս Պապը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց մեր ժողովրդի պատմության հանդեպ և վերահաստատեց իր հարգանքն ու ուշադրությունը»: Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, այդ մասին իտակալան «LIBERO» թերթին հայտնել է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը: Փաստ, որն ավելի է ամրապնդում Վատիկանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները, որոնք երկար տարիների պատմություն ունեն:

«Մեր որդեգրած ճանապարհը ժողովրդավարական արժեքների ուղին է, որի հիմքում ընկած են մեր ժողովրդի քրիստոնեական արժեքները, ըստ այդմ՝ բնական է, որ մեր ու Սուրբ Աթոռի միջև կապերն ամուր են: Ի դեպ, հայերն առաջինն են ընդունել քրիտոնեությունը», – նշել է դեսպանը:

Խոսելով տարածաշրջանի քաղաքական զարգացումների մասին, դեսպան Մինասյանը նշել է, որ ընդհանուր առմամբ, Հայաստանում մեծ անհանգստությամբ են հետևում Թուրքիայում կատարվող իրադարձություններին, ինչպես նաև քաոսային ու քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիայում տեղի ունեցող դեպքերին: Ինչպես հաճախ պատահում է, նման դեպքերում առաջին հերթին տուժում են քրիստոնյա համայնքները: Այդ իրադարձությունների հետևանքով հազարների է հասել ջարդերից ու բռնություններից փախչող գաղթականների թիվը:
«Սա պատմության մի նոր սարսափելի գլուխ է, որն իր դրոշմն է թողնում բազմաթիվ հայերի կյանքում: Նրանք, ովքեր այսօր փախչում են Սիրիայից, 1915 թ. Թուրքիայում կոտորածներից մազապուրծ եղածների հետնորդներն են, նրանց թոռները…», – հիշել է երիտասարդ դիվանագետը:

2015 թվականին, երբ կլրանա երիտթուրքերի կառավարության կողմից 1915թ. ապրիլին կազմակերպված Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, նախատեսվում են տարբեր միջոցառումներ ու մշակութային ծրագրեր: Օրինակ’ առաջիկայում հայ ժողովրդի պահապան Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված մեծ ցուցահանդես կկազմակերպվի Հռոմում:

«1915թ. նահատակվեց առնվազն մեկ ու կես միլիոն հայ, գուցեև՝ ավելի, որոնք մեծամասամբ արտաքսվեցին և մահացան Անատոլիայի անապատներում: Ցեղասպանություն, որը Թուրքիան երբևէ չի ցանկացել ճանաչել, որպես միտումնավոր ու կանխորոշված ծրագիր՝ միաժանակ փորձելով նվազեցված ներկայացնել զոհերի թիվը», – գրում է իտալական թերթը:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին:

Դեսպան Մինասյանի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի միջև կայացած զրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև գոյություն ունեցող երկկողմ պատմական կապերին, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությանը: Այս կապակցությամբ դեսպան Մինասյանը նշեց, որ նպատակ ունի ուղղել Սուրբ Աթոռում ՀՀ նորաստեղծ դեսպանության գործունեությունը երկկողմ մշակութային կապերի, հոգևոր ընդհանրությունների առավել ընդլայնմանը, ինչպես նաև, համաշխարհային մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս կազմող հայկական քրիստոնեական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը:

Դեսպան Մինասյանը Հռոմի Պապին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջույնը: Նա նաև երախտագիտություն հայտնեց վերջերս Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Հայ կաթողիկե եկեղեցու հոգևոր առաջնորդ Ներսես Պետրոս 19-րդի միջև կայացած հանդիպման ժամանակ Քահանայապետի կողմից Հայոց ցեղասպանության առնչությամբ հնչեցրած դիրքորոշման համար:

Հանդիպման ընթացքում դեսպան Մինասյանը Հռոմի Պապին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի’ Հայաստան այցելելու հրավերը: Քահանայապետը խոստացավ դիտարկել Հայաստան այցելելու հնարավորությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում