«Ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Aravot.am: Վերջերս երրորդ անգամ անցկացվեց հայաստանյան երաժշտարվեստի ոլորտում իր տեսակի մեջ եզակի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը, որի շրջանակում վեց համերգները կայացան Երեւանում, Գյումրիում եւ Էջմիածնում: Նախորդ տարիների օրինակով էլ փառատոնի նպատակը նույնն էր. երաշխիքի խոսք մեծանուն կոմպոզիտորին, ինչպես նաեւ նոր շունչ հաղորդել նրա ստեղծագործություններին: Հատկանշական է, որ հրավիրված երաժիշտները (յոթ երկրի ավելի քան 20) հռչակավոր նվագախմբերի արտիստներ էին, այդ թվում՝ Բեռլինի, Վիեննայի, Ցյուրիխի «Տոնհալլե» եւ այլն:
Եթե չենք սխալվում, առաջին անգամ ականատեսը եղանք գոնե մեր իրականությունում երբեւէ չարձանագրված երեւույթի: Թեեւ մեզ հետ զրույցում ժամանակին Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան նշել էր, որ ինքը դասական երաժշտության երկրպագու է, նույնիսկ հավաստիացրել, թե հիացած է Կոմիտասի արվեստով, անգամ տեղեկացրել էր Ճապոնիայում գործող կոմիտասասերների միության մասին, փառատոնի բացման համերգին դեսպանին հանդիպեցինք որպես գալարափողահարի: Նույնիսկ այնպիսի պատասխանատվությամբ էր նա մոտեցել միջոցառմանը, որ արձակուրդ էր վերցրել պատշաճ ներկայանալու համար: Փառատոնային ծրագրերում հնչեցին ոչ միայն Հարությունյանի, այլեւ նշանավոր կոմպոզիտորների գործեր եւս:
«Առավոտը» զրուցեց փառատոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր, վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի հետ:
Խորհրդային Միության փլուզումից հետո հայ կատարողական արվեստի հիմքը գուցե իներցիայի ուժով դեռեւս մնում է խորհրդային դպրոցը: Այն տարիներին «մոդայիկ» էր մեր երաժշտական դպրոցներում երեխաների երաժշտական կրթությունը ուղղորդել հիմնականում դաշնամուրի եւ ջութակի դասարաններում: Ոչ մի երաժիշտ չի կարող հակառակվել այն մտքին, թե մշտապես մեզ մոտ «կաղել» է փողային գործիքների երաժիշտների որակը: Համակարծիք լինելով վերոնշյալ դիտարկմանը, դիրիժորն ասաց.
«Մեր փառատոնը, ձեր խոսքով ասած՝ «մոդայիկ» է դարձնում «փողային գործիք» հասկացությունն ու առանց ավելորդ համեստության պետք է փաստեմ, որ փառատոնն իր ներդրումն ունի այդ հարցում: Բացի փառատոնային երեկոներից, նախորդ տարիների օրինակով այս տարի նույնպես անցկացվեցին վարպետության դասեր: Ըստ էության, հրավիրյալ երաժիշտները ոչ միայն հանդես են գալիս բարձրարվեստ կատարումներով, այլեւ վարպետության դասեր անցկացնում մեր երիտասարդ երաժիշտների հետ: Չէ՞ որ յուրաքանչյուր պատանի երաժիշտ պարզապես հնարավորություն չունի եվրոպաներում կատարելագործվելու…
Ալ. Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնի արտասահմանցի մասնագետները:
Մի փաստ եւս. մեր նվագախմբերում կան տաղանդավոր երաժիշտներ, որոնք տիրապետում են, սակայն ոլորտում դեռ կան խնդիրներ՝ կապված հենց փողային գործիքների կատարողական արվեստի դպրոցի հետ: Իսկ դրանք աշխարհում երկուսն են՝ ամերիկյանն ու եվրոպականը: Փառատոներից հետո տարբեր երկրների, այդ թվում՝ մեր մասնակիցները եւս կապ են պահպանում միմյանց հետ, շփվում… Սա շատ կարեւոր է, մանավանդ՝ երիտասարդ երաժշտի համար…»: Հավելեց նաեւ, թե ի հարգանք փողային գործիքների հայ մասնագետների, պրոֆեսորների, որոնք իսկապես անում են առավելագույնը, բայց, մեր զրուցակցի խոսքերով, առավելագույնից վերն էլ կա, ինչին անհրաժեշտ է ջանալ ու հասնել:
Զրույցի ընթացքում Կարեն Դուրգարյանը հատկապես նշեց Շվեյցարիայում ուսանած ֆագոտահար, փառատոնի տնօրեն եւ գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանի ծավալուն աշխատանքը. «Երեք տարիների ընթացքում փառատոնի առիթով Հայաստան է այցելել շուրջ 40 երաժիշտ: Եղել են այնպիսիները, օրինակ, գերմանացի հոբոյահար Մարտին Ֆրուտիգերը, որ Արամ Խաչատրյանին, Ալեքսանդր Հարությունյանին իր համար հայտնաբերել է որպես հայազգի կոմպոզիտորների: Մինչ այդ նրանց գիտեր իբրեւ խորհրդային արվեստագետների: Եղել են նաեւ արտիստներ, որոնք առաջին անգամ են ներկայացել հայ հանդիսատեսին: Այս տարի Ավստրիայից ժամանել էր հայկական արմատներով դիրիժոր Դավիթ Ալեքսանդրի Ռահբինը եւ այլն»:
2001 թվականից իտալա-շվեյցարական մենեջերական գործակալության հետ համագործակցող Կարեն Դուրգարյանից, որը շուրջ 4 տարի է արդեն, ինչ Երեւանի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը չէ եւ այդ ընթացքում արտասահմանում տարեկան ղեկավարում է շուրջ 150 ներկայացում ու համերգ, չէինք կարող չհետաքրքրվել՝ կարոտի զգացում չունի՞ մեր օպերային թատրոնի նկատմամբ: «Ունեմ թատրոնում աշխատող հիանալի ընկերներ, որոնց հետ մեծ սիրով շփվում եմ: Իսկ անցյալ տարի թատրոնի բալետային խմբի հետ մեկնել էի Մալայզիա… Բաներ կան, որ չենք բարձրաձայնում»,- հայտնեց արվեստագետը:
Չհամաձայնելով դիտարկմանը, թե իր գործունեությունն այլեւս արտասահմանում է, դիրիժորը հրավիրեց հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իր ելույթին, անվանի դաշնակահար Ալեքսանդր Թորաձեի մասնակցությամբ: Ասաց նաեւ՝ «ինձ տեսնում են այնտեղ, որտեղ հրավիրում են»: Իսկ Երեւանի թատրոնում կտեսնե՞նք ձեզ՝ հարցը մնաց առանց մեկնաբանության:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում