Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնի ձայնագրությունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Մեքսիկայի Ազգային գրադարանի աշխատակիցները, հնարավոր է, հայտնաբերել են նկարչուհի Ֆրիդա Կալոյի ձայնի միակ ձայնագրությունը:
Ինչպես գրում է РИА Новости-ն, Ֆրիդա Կալոյի դեմքը ճանաչում են ողջ աշխարհում, սակայն ձայնը ոչ ոք չի լսել: Ֆրանսիացի լուսանկարիչ Ժիզել Ֆրոյդը, որն անձամբ ծանոթ է եղել նկարչուհու հետ, նրա ձայնը նկարագրել է որպես «մեղեդային և ջերմ»: Մեքսիկական Ազգային ձայնային գրադարանում հայտնաբերված ձայնագրության շնորհիվ Կալոյի ձայնն այժմ կարող են ճանաչել բոլորը:
Հայտնաբերվել է El Bachiller ռադիո հաղորդման առաջին թողարկման ձայնագրությունը, որը, ենթադրաբար, արվել է 1953-1954 թվականներին: Տվյալ հատվածում Ֆրիդա Կալոն ընթերցում է «Դիեգոյի դիմանկարը» էսսեն, որը նվիրված է իր ամուսնուն՝ նկարիչ Դիեգո Ռիվերային: Էսսեն հրապարակվել է 1949 թվականին՝ վերջինիս 50-ամյա ստեղծագործական գործունեության առթիվ:
«Նա մեծ, հսկա երեխա է՝ սիրալիր դեմքով և տխուր հայացքով: Նրա մուգ, չափազանց խելացի ու մեծ աչքերը հազվադեպ են կանգ առնում, գրեթե դուրս են գալիս ուղեծրից՝ այտուցված կոպերի տակից, ինչպես գորտի աչքերը: Դրանք թույլ են տալիս նրան լայն տեսնել և ասես հատուկ ստեղծված լինեին խոշոր չափսերի գեղանկարչի համար»,- ընթերցում է Կալոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում