Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Ter-hambardzum.net: Հունիսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների բաժնի պատասխանատու Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն ընդունեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին՝ ուղեկցությամբ դպրոցի տնօրեն Արփի Ավանեսյանի և մի քանի ուսուցիչների:
Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին՝ ընդգծելով որպես ուխտավոր նրանցից յուրաքանչյուրի դերը Էջմիածնի պատմության մեջ՝ հիմնադրումից մինչև այսօր:
Սրբազան Հայրը կարևորեց նման այցելությունները` բացատրելով, որ դրանք մշտապես կապում են հայ երիտասարդին հայրենիքի հետ և դրանց շնորհիվ նրանք դառնում են քրիստոնեության պատմության ամբողջ ընթացքի անբաժան մասը:
«Այսօր դուք միախառնվում եք հայ ազգի հետ, որից հետո բաժանվելն այլևս անհնար է: Սա ազգային արմատներին և ինքնությանը վերադառնալու կարևորագույն քայլերից է, որը առաջնային նշանակություն ունի համաշխարհայնացման այս դարաշրջանում: Առանց մշակույթի, ավանդույթների և ինքնության մարդն անհասկանալի ինչ-որ մեկն է, այդ իսկ պատճառով շատ կարևոր է կարողանալ ճանաչել և պահպանել դրանք: Սա ևս մեկ առիթ է, որ ամրանաք ձեր հայ լինելու մեջ»,- ընդգծեց Նաթան արքեպիսկոպոսը:
Ավարտելով խոսքը` Սրբազանը երիտասարդներին պատգամեց այս ուխտը հավատարմության և սիրո ուխտ դարձնել, քանի որ Սուրբ Էջմիածին եկող ուխտավորը նորոգում է իր հայ մնալու և ազգայինին հավատարիմ մնալու ուխտը: Առանց հավատարմության սեր չկա և առանց սիրո՝ հավատարմություն` հաստատեց Նաթան Սրբազանը` հավելելով, որ այս երկուսն են, որ հիմք են հանդիսանում ազգային ինքնության պահպանման գործում:
Ուխտավորներին ողջունեց նաև Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետը` կարևորելով հայրենիքի զգացողություն ունենալը յուրաքանչյուր հայի մեջ: Նա մաղթեց, որ այս ուխտագնացությամբ աշակերտները զգան հայրենի հողի զորությունը և այդ զորությունն ու սերը տանեն այլ երկրներում մեջ բնակվող մյուս հայրենակիցներին:
Հանդիպմանը դպրոցի հայոց լեզվի և պատմության ուսուցիչ Բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գյումրույանը, նշեց, որ աշակերտների մեծամասնությունը առաջին անգամ են Հայաստանում և դպրոցում գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել, ըստ որի 10-րդ դասարանի աշակերտները ուխտավորաբար այցելում են Հայաստան և անպայմանորեն Սուրբ Էջմիածին՝ ծանոթանալու պատմական, ազգային, հոգևոր և մշակութային արժեքներին:
Մայր Աթոռ այցելության ընթացքում ուխտավորները ներկա գտնվեցին նաև ՀՀ ազգային հերոս Ալեք Մանուկյանի և տիկին Մարի Մանուկյանի շիրիմի առջև այս առիթով մատուցված հոգեհանգստյան արարողությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում