«Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Irates.am: «Իրատեսի» հյուրը ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՆ է:
– Պարոն Միլիտոնյան, ի՞նչ հարաբերությունների մեջ են գրողն ու ժամանակը: Ո՞վ է ումից առավել ազդվում:
– Մարդը պատահականորեն հայտնվում է ժամանակի մեջ և առաջին հերթին ենթագիտակցորեն մղվում է ճանաչելու բնությունը, շրջապատը՝ ընտանիքից սկսյալ: Այդ ամենը ժամանակի մեջ թատերականացված վիճակներ են: Առանց այդ ամենն ընկալելու՝ սովորական մարդն իր տեղն անգամ ընկալել չի կարող ընդհանուր դաշտում, էլ ուր մնաց՝ գրողը: Եթե գրող ես, այդ ամենը դարձնում ես բանաստեղծություն, պատմվածք, վեպ: Բնականաբար, հաղորդակից անոթների պես գրողն ու ժամանակն անվերջ փոխշփման մեջ են: Անգամ իր չապրած ժամանակների, իր գենետիկ արմատների հետ է հաղորդակցվում գրողը և գուցե՝ ավելի շատ: Գրողի նյութի մեջ դրված-խտացված են տարբեր ծրագրեր, որոնք հայտնվում են գրականության մեջ՝ հաճախ ենթագիտակցական մղումներով: Գրելիս գրողը կարող է նույնիսկ չընկալել, թե ինչպես և ինչու եկավ տվյալ բառը, տվյալ տողը: Այն կարող է քեզ շեղել քո մեջ եղած, քեզ ծանոթ աշխարհից, ինչպես որ ծառի ընձյուղն է շեղվում ծառի բնից: Հաճախ դա կոչում ենք ի վերուստ տրված շնորհ: Բայց այդ ամենը առարկայական է, հյութ, ավյուն, ուժ է ստանում՝ հաղորդվելով քո անձնական, հասարակական և ընդհանուր աշխարհի կենսափորձի հետ: Չմոռանանք նաև մշակութային գիտակցության մասին, որը տարիների ընթացքում ընկալում-կուտակում է գրողը, որի հետ ապրում է ինքը, արարվում, փորձում ինչ-որ բան ստեղծել, և որը տարբեր ծավալումներ է ունենում: Ժամանակն ունի տարբեր պատկերներ՝ տեսանելի, թվացյալ տեսանելի, անտեսանելի, անըմբռնելի, իսկ գիրը դառնում է այդ ամենի հանրագումարը: Գրողն ու ժամանակը սիամական երկվորյակների պես են:
– Մենք սովոր էինք, որ երկրում կատարվող փոփոխությունները սկիզբ են առնում Գրողների միությունից: Վերջին անգամ այդպես չէր, փոփոխությունը «դրսից» եղավ: Ինչպե՞ս այն ընդունվեց Գրողների միությունում:
– Մի քիչ վերամբարձ է հնչում, թե փոփոխությունները սկիզբ են առնում Գրողների միությունից: Ես երևույթը Գրողների միության հետ չէի կապի, որովհետև գրականությունը, գրողի անձը միության գոյությունից անկախ կան: Միությունը մի կազմակերպություն է, որին մարդը միանում է իր կամքով: Դա կաղապար չէ, որը դրված է մարդու վրա և թելադրում է, թե նա ինչպիսին պիտի լինի: Մեր գրողներն իրենց գրվածքներում ժամանակի անհանգստացնող տարբեր թեմաներ արծարծել են: 1965 թվի շարժման ակտիվ մասնակիցները եղել են գրողները, բայց դա Գրողների միության հետ չի կապվում: Դա ավելի բարձր մի բան է: Գրականությունն ամենաբարձր գոյավիճակն է ինձ համար, որը չի պարփակվում որևէ միության, որևէ երկրի և անգամ աշխարհի մեջ: 1920-ականներից՝ Չարենցից, Բակունցից, Մահարուց, մյուսներից սկսած՝ բարձրացվում էին, չէ՞, Ցեղասպանության, կորստի թեմաները, որոնք հետո պոռթկացին 1965-ին: Սովետական Միության, «Գլավլիտի» պարագան, փաստորեն, ազգային մտածողության հունը սեղմեց, սակայն գրողներն անդադար անդրադարձան Ցեղասպանության, կորսված երկրի թեմաներին: Թոթովենցը, Զապել Եսայանը, Մահարին, Դաշտենցը, Շիրազը, ուրիշները մի մեծ ուղի էին բացում, որում ամեն մեկն իր հիշատակները, իր կորուստները, իր ապրումներն էր բերում: Տարբեր սերունդների հայաստանյան և սփյուռքի գրականությանը ծանոթանալով՝ տեսնում ենք, թե ինչպես է այդ թեման գիր դարձել: Որքան էլ Հայաստանում «Գլավլիտը», սովետական գաղափարաբանությունը խեղճացնում էին այդ դրսևորումները, արգելում, որպեսզի դա ընդարձակումներ չունենա, միևնույն է, մեր գրողները գրում էին: Եվ այդ սերնդի նկատմամբ մեծ հարգանքը նաև թելադրվում էր թեմատիկայի հանգամանքով: Շիրազի բանաստեղծությունները, պոեմները, Սևակի «Անլռելի զանգակատունը», Քոչարի «Կարոտը», Դաշտենցի «Խոդեդանը», Ալաջաջյանի «Եղեգները չխոնարհվեցին» և էլի բազում երկեր նախապատրաստել էին 65 թիվը: Ոչ թե Գրողների միությունից էր շարժումն սկսվել, այլ գրականությունից: Նույնն էր 88-ին: Ղարաբաղյան թեմատիկան մեր գրականության մեջ եղել է, չէ՞: 1940-ականների վերջին Իսահակյանի Արցախ գնալը մեծ շնչառություն հաղորդեց արցախյան թեմատիկային:
-1953-54 թվականներին Դերենիկ Դեմիրճյանը գրում էր «Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ» խոհաշարը, որի մասին իմացվեց բոլորովին վերջերս: Այսինքն՝ գրողը, եթե անգամ ոչ հրապարակավ, ապա գոնե ինքն իր համար, իր հոգու, իր խղճի հանգստության համար չի կարող շրջանցել ժամանակի, ազգի ցավոտ թեմաները:
– Այո՛: Եվս մի կարևոր փաստ, որը հաստատում է, որ գրողի ստեղծագործությունը, ասելիքը կապ չունեն որևէ միության հետ: Ես չեմ ուզում, որ հարցը պարզունակացվի: Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ: Իհարկե, Գրողների միությունում ժամանակ առ ժամանակ արվում են քննարկումներ, արծարծվում են հասարակությանն անհանգստացնող տարբեր թեմաներ, բայց դա չի նշանակում, թե Գրողների միությունն է ինչ-որ շարժում կազմակերպում, ինչ-որ քայլերի մղում: Առաջ սոցիալական ցանցեր չկային, մամուլում կար որոշակի արգելանք այս կամ այն թեմայի նկատմամբ, ուստի մնում էին ժողովները՝ ինչ-որ թեմաներ քննարկելու, դրանց նկատմամբ վերաբերմունք արտահայտելու համար: Բայց այդ թեմաների հիմնական տիրույթը գրականությունն է, գրական երկը: 88-ը մեծավ մասամբ մշակութային հիմքի վրա էր, և պատահական չէ, որ մշակութային գործիչները շարժման մեջ մեծ թիվ էին կազմում: Ղարաբաղյան խնդիրը 88-ից առաջ էլ բարձրաձայնվել է: Արցախ-Ադրբեջան հարաբերությունների սրացումից առաջ եղավ գորբաչովյան «չսՈրվՏրՑՖ»-ը, որը հույս ներշնչեց, թե հնարավոր է պետական սահմանների փոփոխություն մեկ պետության ներսում: Ավելի շատ սա մղեց, որ լարվեն-սրվեն նմանատիպ հարցերը ամբողջ սովետական երկրում: Այդ ժամանակ միայն մենք չէինք, որ ունեինք այդպիսի խնդիր, տարբեր ազգամիջյան խնդիրներ կային, չէ՞, Խորհրդային Միությունում: Իհարկե, Հայաստանում տարբեր տարիքի գրողներն ամենաակտիվներից էին: Մի շարք ժողովներ արվել են ոչ միայն Գրողների միությունում, այլև Կինոյի տանը, Երգչախմբային ընկերությունում, ուրիշ տեղերում: Ես բոլորին մասնակցել եմ: Դա համընդհանուր ազգային խնդիր էր, որի մեջ գրողներն ունեին իրենց մասնակցությունը, բնականաբար: Այո՛, Գրողների միության շենքում եղել են սենյակներ, որոնցում աշխատել են շարժման առաջնորդները, այս շենքում էին «Գրական թերթի» ու «Սովետական գրականություն» (հետո «Նորք» վերանվանված) ամսագրի խմբագրությունները: Այո՛, միությունն ունեցել է իր դերը, հանդես է եկել հայտարարություններով, արտահայտել իր դիրքորոշումը, ինչպես մյուս բոլոր կազմակերպություններն ու հիմնարկությունները: Բայց ես ավելի եմ կարևորում գրական անհատի դերը, ոչ թե միության: Մեր շարքերից էին Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, որոնք իմ սերնդի ներկայացուցիչներ էին: Ավագ սերնդից էին Սիլվա Կապուտիկյանը, Սերո Խանզադյանը, Համո Սահյանը, Գևորգ Էմինը, Վահագն Դավթյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, մյուսները: Նրանք իրենց խոսքն են ասել ամեն տեղ՝ թե՛ Գրողների միությունում, թե՛ հրապարակում, թե՛ մամուլում, թե՛ այլ տեղերում: Այնպես որ, դա համընդհանուր մի շարժում էր, որը բնավ էլ Գրողների միությունից չի սկսվել: «Էլեկտրիկ Երևան» շարժումն էլ կապեցին Գրողների միության հետ, նրանց ժողովներն այստեղ էին արվում, շատ գրողներ էլ մասնակցում էին, ես էլ եմ հարցազրույց տվել և համերաշխությունս արտահայտել շարժման կազմակերպիչների հետ: Բայց հո չեղա՞վ, որ «Էլեկտրիկ Երևանի» սկիզբը Գրողների միությունը դրեց: Այդպես պետք է լինի: Գանք թավշյա հեղափոխությանը: Այդ հեղափոխության ակունքները, եթե կուզեք, մեր գրականության մեջ են՝ գեղարվեստական ստեղծագործություններում, հոդվածներում, ելույթներում, գրական մամուլի էջերում: Սոցիալական, հոգեբանական բազմաթիվ հարցեր արծարծվել են այդ տիրույթում: Մենք բոլոր գրողների կարծիքները հրապարակել ենք մեր «Գրական թերթում»: Գրողները հիմնականում սատարում էին հեղափոխությանը: Այսինքն՝ գրողն իր քայլն արել է ըստ իր մտածածի և կարծիքի: Մեր որևէ անդամի առկայությունն այս կամ այն շարժման մեջ արդեն մասնակցություն է: Ես հոդվածներով եմ արտահայտել իմ կարծիքը: Գրողների միությունը փակ կառույց չէ, որ հրահանգներ իջեցնի և պահանջի այս կամ այն կերպ մտածել ու գործել: Պիտի վերջապես փաստենք, որ ամեն մի գրող ունի իր կարծիքը, ճանապարհի իր դիտարկումը, իր տեսլականը: Թույլ տանք, որ մարդիկ մտածեն, ամեն մեկն անի այն, ինչ ինքն է ուզում ու ճիշտ համարում: Ես միության ղեկավար եմ ոչ թե նրա համար, որ գրողներին ասեմ՝ ինչպես մտածեն, այլ նրա համար, որպեսզի հնարավորություններ ստեղծեմ ազատ մտածելու, ազատ գրելու, ազատ հրատարակվելու համար: Հիմա ի՞նչ անենք, միությունը սարքենք մանկապարտե՞զ, համընդհանուր հրահանգնե՞ր իջեցնենք: Որևէ Տոլստոյ կամ Դոստոևսկի աշխարհում չի սպասել, որ իրեն թելադրեն ինչպես մտածել: Գրողը մի հսկա աշխարհ է, և երբեք չտաք գրողին թելադրվողի, ենթարկվողի, ուղղորդվողի կարգավիճակ: Գրողը դրանցից տասնապատիկ բարձր գոյություն է: Որևէ միություն ո՛չ Արամ Խաչատրյանին կարող էր բան թելադրել, ո՛չ Դերենիկ Դեմիրճյանին, ո՛չ Ավետիք Իսահակյանին: Ցանկացած բարեփոխիչ շարժման ամբողջ հոգեբանական, մշակութային, քաղաքական նախապայմանները եթե ուսումնասիրեն, կտեսնեն, որ դրանցում առաջնային տեղը գրականությանն է ու գրողինը: Պարզապես պետք է կարդալ մեր լավագույն գրողներին:
(շարունակելի)
Զրույցը վարե` Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
Հետևեք մեզ նաև Telegram-ում