Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրն այս տարի կլինի մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը:
Հուլիսի 7-14-ն անցկացվող փառատոնի շրջանակում Ռեյգադասը կժամանի Հայաստան, կցուցադրվեն անվանի ռեժիսորի ֆիլմերը: Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։
Կառլոս Ռեյգադասը (Ալբերտո Կաստիլյո Ասունսոլո) իրավաբանություն է ուսանել Մեխիկոյում, ապա` Լոնդոնում մասնագիտացել զինված հակամարտությունների ուսումնասիրման մեջ և աշխատել ՄԱԿ-ում: 1987-ին Անդրեյ Տարկովսկու ֆիլմերը դիտելուց հետո հասկացել է, որ անհույս սիրահարված է կինոյին:
1997-ին «Գերմարդկայինը» առաջին կարճամետրաժ ֆիլմով Բելգիայում մասնակցել է կինոմրցույթի: 1999-ին սկսել է գրել իր առաջին լիամետրաժ ֆիլմի` «Ճապոնիայի» սցենարը, որն սկսել է նկարահանել միայն 2001-ին: Կինոնկարը ներկայացվել է Ռոտերդամի կինոփառատոնում և հատուկ հիշատակության արժանացել Կաննի «Ոսկե կինոխցիկ» մրցույթում, ինչպես նաև «Մարջան» մրցանակի արաժանացել Հավանայի կինոփառատոնում: 2004-ին Ռեյգադասը թողարկել է «Արյունը», որը նկարահանել է երիտասարդ ռեժիսոր Ամատ Էսկալանտեն: Ֆիլմը ներկայացվել է Կաննի փառատոնում և մրցանակ շահել «Հատուկ հայացք» ծրագրում: 2005-ին Ռեյգադասը նկարահանել է «Մարտ երկնքում» ֆիլմը: Կինոնկարը Կաննում հավակնում էր «Ոսկե արմավենու ճյուղին»:
2007-ին նկարահանած «Անաղմուկ լույս» ֆիլմի շնորհիվ Կաննում արժանացել է ժյուրիի մրցանակին: «Լույս՝ խավարից հետո» կինոնկարի համար արժանացել է Կաննի 65-րդ կինոփառատոնի մրցանակին՝ որպես լավագույն ռեժիսոր: Ռեյգադասը հանդես է գալիս նաև որպես կինոպրոդյուսեր:
«Ֆիլմ ստեղծելիս սցենարն ինձ համար այնքան էլ կարևոր դեր չի խաղում, այն օգնում է լոկ փոքր-ինչ կառուցել այն, ինչն ուզում եմ փոխանցել հանդիսատեսին»,-մի առիթով ասել է Կառլոս Ռեյգադասը:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը: Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»
Հետևեք մեզ նաև Telegram-ում