Մեզնից խլել են փորձում մեր գալիքը

Մեզնից խլել են փորձում մեր գալիքը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Irates.am: Հիսուս նրանց ասաց. «Սուրբ Գրքերում երբևիցե չե՞ք կարդացել՝ այն վեմը, որ կառուցողները անարգեցին, նա՛ է, որ եղավ անկյունաքար. Տիրոջից եղավ այս, և մեր աչքին սքանչելի է: Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կվերցվի Աստծու արքայությունը և կտրվի այն ազգին, որ պտղաբեր կդարձնի այն: Եվ ով այս վեմի վրա ընկնի, կփշրվի, և ում վրա այն ընկնի, նրան կճզմի» (Մատթ. 21;42-44)։

Վերջին խոսքը, էական նրբություներով, երկրորդում է Ղուկաս Ավետարանիչը. «Ով որ այս վեմին բախվի, կխորտակվի, և ում վրա որ այն ընկնի, կճզմի նրան» (Ղուկ. 20;18):

Այդ վեմի վրա հաստատվեց Հայ առաքելական սուրբ եկեղեցին, որ երբևէ չանարգեց այն, այլ ապավինեց, հենվեց-մնաց իր հավերժության ժայռին: Շառաչուն հողմեր են զարնվել այդ ժայռին, հեղեղներ են լափլիզել նրա ստորոտը, փորձել են մագլցել դեպի Սուրբ Էջմիածնի հիմքերը, սասանել ու հիմնիվեր փլուզել: Փորձել են ու… անցել: Անհետ կորել են բոլոր անարգներն ու հանդուգնները: Հիմա ինչ-որ անթև քամի ի՞նչ պիտի անի, հիմա ինչ-որ պղտոր առու ի՞նչ քշի-տանի: Հավերժ կանգուն է Վեմը, և անսասան է Միածնաէջ Մայր Աթոռը: Հավերժ ծաղկուն է հայի երկաթակուռ հոգու հառաչանք երկաթագիր Մատյանը հայոց: Հավերժ խոսուն է մեսրոպյան գիրը ուշիմ հայ մանկան շուրթերին: Հավերժ են հայոց դրախտակտակ բնաշխարհում հայ երգ ու հորովելի ելևէջները և հայոց երկնաէջ վանքերում` աղոթամրմունջ, խնկապարան շարականները: Հայը դարձավ ճշմարտության լույսի ջահակիրը, և ընդմեջ դարերի այդ մշտաբորբոք ջահը սերնդեսերունդ մեզ հասավ:

Մենք խավարը չսիրեցինք և խավարում չմնացինք, խավարում չերկնեցինք մեր պայքարները և խավարում չծնեցինք մեր հաղթանակները: Քայլեցինք լույսի մեջ, որովհետև հավատացինք.

«Ճիշտ է այս խոսքը, թե՝ եթե Քրիստոսի հետ մեռանք, Նրա հետ էլ պիտի ապրենք. եթե համբերենք, Նրա հետ էլ պիտի թագավորենք. և եթե ուրանանք, Նա էլ մե՛զ պիտի ուրանա. և եթե հավատարիմ չմնանք, Նա հավատարիմ է մնում, որովհետև Ինքն Իրեն ուրանալ չի կարող» (Բ Տիմ. 2;11-13):

Մենք լի էինք Հոգով և ոչ թե կասկածելի ոգիներով: Հոգեսնանկ դարիս հոգեզավակը չէինք անգամ, արյունակից չէինք ոչնչությանը: Իսկ այսօր շեղում են մեր ուշադրությունը մեր հոգևոր օրակարգից դեպի ուրիշների գրպանները, որոնցում իբր թե մեր արյուն-քրտինքն է: Մի՞թե մի նոր բան ենք հայտնագործում, երբ մեկեն անդրադառնում ենք, որ կան մարդ-տզրուկներ, մարդ-մրիկներ, մարդ-մակաբույծներ: Մի՞թե մեր քրիստոնեական ընթացքի սկզբին սոցիալիզմ հաստատելու տեսլական ունեինք, ինչքեր դիզելու անճար մոլուցքով այլոց` չհիմնավորված, բայց բավարարված ագահության ցուցիչներ դառնալու նվիրական տենչեր: Մեր վիճակը ճիշտ հասկանալու համար պետք է չծուլանալ և կարդալ Աստվածաշնչի լավագույն հատորը` Ժողովողի գիրքը, և ամեն ինչ պարզորոշ կլինի: Մի՞թե հեղափոխության և անկարգության դասեր ավանդեցին սրբերի բյուրավոր բանակները: Մի՞թե մենք իսպառ դադարեցինք պատկառել և զգաստանալ մեր հավատի սուրբ հոր` Գրիգոր Լուսավորչի` հրեշտակների զարմանքն անգամ շարժած չարչարանքներից, հավատից ու համբերությունից, որոնցից ծնվեցինք նոր ու փառավոր հավիտենական կյանքի համար:

Այսօր մեզնից խլել են փորձում մեր գալիքը: Զանազան միմոսություններով, խեղկատակություններով թուլացնում են մեր զգոնությունը, մեր հավիտենության հույսը պատվաստում են ստամոքսապատառ մտածողությամբ ու գաղափարներով: Աշխարհի բիրտ ատամի տակ ծամված-ճզմված ազգիս վերջին փշրանքները կլանում են կլանները տարատեսակ: Աչքեր բացող մարդիկ կան, իսկ առաջնորդողներ չկան: Չկան պետականամետ, պետականակերտ, ազգասեր ազգընտիրներ: Չկան հայ ազգի և հայոց աշխարհի շահը հետապնդողներ ու սպասարկողներ, փոխարենը կան միջազգային հովերով տարված կամ թուրքական բարաքյաթին փարված քաղաքական ապօրինածիններ: Բագրատունիները Հրեաստանի շահը չէին հետապնդում, ոչ էլ Արշակունիները` Պարսկաստանի: Նրանք հայոց պետության ու պետականության երաշխավորներն էին` անկախ ունեցած թերություններից և թույլ տված վրիպումներից:

Աշխարհում չկա ոչ մի լավ բան: Աշխարհում մենք միշտ էլ ստիպված ենք ընտրություն անել վատի ու վատթարի միջև, տենչալով լավագույն բարին` ընտրել չարյաց փոքրագույնը: Ապիկարների ու անօրենների դարն է հիմա, հանուն հայրենյաց գործված սխրանքը «զուր զոհողություն է ոչնչի համար»: Բայց նույնն է հայի հավերժության վեմը, հայի հավիտենական, անօտարելի բախտի գրավականը: Այդ վեմից չբաժանվենք, չհեռանանք, խոպան չգնանք, արմատներով կառչենք այդ վեմից, որ չքշվենք տարատեսակ մուսոններից: «Սատկած ճանճերը ապականում են անուշ յուղերը»,- ասում է Ժողովողը (10;1): Կեղտի սովոր կեղտոտ ճանճերը սատկում են` անուշ յուղերի մեջ ընկնելով, և ապականում, նույնպես և ամուր ժայռերին բախվողը կխորտակվի, իսկ ժայռին ապավինածը կմնա անսասան:

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Հետևեք մեզ նաև Telegram-ում