Ինչ «մեսիջ» է հղում արվեստագետը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Aravot.am: Հարցազրույց նկարիչ, քանդակագործ Արթուր Դուրգարյանի հետ
– Ձեր աշխատանքները, հիմնականում գրաֆիկական, շուրջ 20 տարի է, ինչ հանդիպում ենք հայաստանյան ցուցադրություններում: Մասնակցել եք նաեւ արտասահմանյան որոշ ցուցահանդեսների, բայց, ի տարբերություն ձեր մեծաթիվ գործընկերների, տպավորություն կա, թե չեք ձգտում ցուցադրվել «դրսում»: Եթե այդպես է, ապա ո՞րն է պատճառը:
– Ընդհանրապես մի բանի ձգտելը հարաբերական հասկացություն է: Նկարչի աշխատանքը նկարելն է, իսկ այն ներկայացնելու համար կան մասնագետներ՝ արվեստաբաններ, իմպրեսարիոներ… Կան նկարիչներ, որոնք իրենք իրենց իմպրեսարիոն են: Մեզ մոտ դեռեւս նկարիչ-իմպրեսարիո համագործակցությունը չի գործում: Հետեւաբար չկա նման ինստիտուտ: Եթե նույնիսկ 1-2 համագործակցության դեպքեր կան, դրանք զուտ անհատական նախաձեռնություններ են: Դրսում ցուցադրվելը պետք է դիտարկել պետության, այլ ոչ միայն նկարչի տեսանկյունից, քանի որ հայը ցուցադրում է հենց հայկական արվեստ, որում առկա են մեր մտածելակերպը, փիլիսոփայությունը, գաղափարախոսությունը: Դրսում ցուցադրվելն աննկարագրելի պարտավորեցնող է: Չէ՞ որ կտավիցդ պարզապես երեւում է աշխարհին ուղղված «մեսիջը»:
– Դատելով ձեր գործերից, կարելի՞ է ենթադրել, որ աշխարհին եք հղում մարդկային զգացմունքների «մեսիջ»:
– Իմ գործերում հիմնականում ոչ միայն զգացմունքների շարան, այլ կոնկրետ սերն է: Եթե նույնիսկ կան նկարներ էլ, որոնք իրենց թեմաներով առաջին հայացքից կարծես չեն համապատասխանում հնչեցրած մտքիս, միեւնույն է, ենթատեքստում քարոզում են սիրո գերբնական ուժը: Ի վերջո, ցանկացած իրավիճակում սերն է փրկիչ ուժը: Մշտապես անդրադառնում եմ այնպիսի հեղինակների երկերին, ինչպիսիք են Բուլգակովը, Էժեն Իոնեսկոն, Էդգար Պոն, Արսենիյ Տարկովսկին… Կարճ ասած՝ ոգեշնչվում եմ նրանց գրական կերպարներով:
– Փաստորեն, հիմնականում ոգեշնչման արդյունք են կտավին կամ թղթին հանձնած ձեր գործերը: Իսկ ոգեշնչող հայ գրող ունե՞ք:
– Ակսել Բակունց, Վիլյամ Սարոյան, Հրանտ Մաթեւոսյան… Արդարության դեմ չմեղանչելու համար, ասեմ, որ ոգեշնչման հիմնական աղբյուրս սյուրռեալիզմի հիմնադիրներից ամերիկացի գրող Էդգար Պոն է:
– Կան սիրո տարբեր հոգեվիճակներ: Էդգար Պոյի ստեղծագործություններում դոմինանտող ո՞ր հոգեվիճակն է ձեզ առավել սրտամոտ, ինչը գուցե չկա մեր հեղինակների գործերում:
– Սերն իր հոգեվիճակներով անվերջանալի թեմա է: Ավելին՝ մարդկության այսօրվա գոյությունը հենց նման հեղինակների շնորհիվ է նաեւ: Մարդկային կոնֆլիկտները շատ հաճախ տեղի են ունենում սիրո բացակայության պատճառով: Թվարկածս հեղինակները քարոզել են սիրո տարբեր հոգեվիճակներից մարդասիրությունը, գթասրտությունը… պայքարել են անարդարության դեմ, ինչը նույնպես գալիս է սիրո պակասից: Մի բան էլ կա՝ այդ վեհ զգացմունքն ունի նաեւ «ընդդիմախոսներ», որոնք հաճախ նույնիսկ հաղթում են… Ցանկացած ճշմարիտ ստեղծագործող փորձում է վերականգնել կյանքի գոյության բալանսը, ինչի հիմքում կամ ենթատեքստում միանշանակ սերն է:
– Կներեք, տպավորությունն այնպիսին է, թե զրուցում եմ «սիրո երգչի» հետ:
– Շնորհակալ եմ հաճոյախոսության համար: Վստահ եմ, որ մշակույթի ցանկացած ոլորտում ոչ թե կարող են, այլ պետք է լինեն «սիրո երգիչներ»:
– Ձեր որոշ գործընկերներ հավաստիացնում են, թե Դուրգարյանի ցանկացած գրաֆիկական աշխատանք կարելի է վերածել քանդակի: Եթե չենք սխալվում, երբեւէ հանդես չեք եկել քանդակների ցուցադրությամբ:
– Շնորհակալ եմ ընկերներիս՝ նման կարծիքի համար: Առաջիկայում ունեմ նման նախագիծ՝ ներկայանալ քանդակներով: Դրանք իմ դեպքում մանրաքանդակներ են:
– Երազանք՝ ոչ, բայց ցանկություն ունեմ: Ձեր խոսքերով՝ բաց երկնքի տակ տեղադրված, ասենք, հուշարձանը պետք է լինի հանրության գերակշիռ մասի կողմից ընդունելի: Եվ այդ հուշարձանը պետք է ճիշտ հրամցվի՝ սկսած բովանդակությունից, վերջացրած տեղադրման վայրով:
– Դուք անհնար բան եք ասում: Երեւանում ցուցադրված ցանկացած հուշարձան ունի «ընդդիմախոսների» մեծ բանակ:
– Դա այդպես է: Որովհետեւ կան այնպիսիները, որոնք ո՛չ իրենց բովանդակությամբ, ո՛չ էլ տեղադրված վայրի ընտրությամբ պարզապես հարմոնիա չեն ստեղծում միջավայրի, ավելին՝ քաղաքի հետ: Դա շատ պատասխանատու գործ է, չէ՞ որ վերջապես քաղաքը, լինի հուշարձան, թե սիմվոլիկ քանդակ, ներկայացնում է երկրի մշակույթը, պատմությունը…
– Արեւմուտքում, մասնավորապես՝ Եվրոպայի երկրներում, հանդիպում ենք մեծ թվով «բաց» քանդակների: Երեւանում մեկ-երկու նման նմուշներ կան: Օրինակ՝ Վերնիսաժում մեկ անձով ներկայացված՝ կրծքերով ու առնանդամով Քոչարի բարձրարվեստ աշխատանքը…
– Իհարկե, Քոչարն այս աշխատանքով ոչ թե ներկայացնում է կոնկրետ անհատի կերպար, այլ աշխարհի այլակերպման երեւույթը գրոտեսկի ժանրում, ինչը հեղինակի կողմից յուրատեսակ քննադատական քայլ է: Ինքս ավելի կողմնակից եմ սիմվոլիկ քանդակների: Իսկ «բացերը» թող ներկայացվեն փակ տարածքներում:
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Հետևեք մեզ նաև Telegram-ում