«Ամենասուրբ Երրորդության» գաղափարը արտահայտող ինքնատիպ պատկերները
Նմանատիպ
Ըստ Հայ եկեղեցու դավանաբանության՝ Աստված Ամենասուրբ Երրորդություն է. մի Աստվածություն՝ երեք Անձերի մեջ՝ Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված: Ամենասուրբ Երրորդությունը Ամենասուրբ Աստվածության երեք Անձերի անբաժանելի միությունն է:
Սարգիս Պիծակի կողմից նկարազարդած Մատենադարանի № 2627 Աստվածաշունչը բացվում է ամբողջ երկրորդ սյունակը գրավող երկարավուն ուղղանկյան մեջ ամփոփված Ս. Երրորդության, Ադամի և Եվայի, Մովսեսի և Ահարոնի պատկերներով: Այս երկարավուն եռադրվագ նկարում մարդկային ֆիգուրներով կազմվող կոմպոզիցիան աշտարակաձև է, որի սուր գագաթն ավարտվում է Աստվածահոր գլխով: Այստեղ ինքնատիպ է Երրորդության պատկերը և ունի կառուցվածքի գրանիտյա միասնություն, որի կազմակերպիչը Աստվածահոր եռաստիճան՝ բրգաձև բազմած կերպարանքն է: Նա հագել է բաց և խուլ ճերմակավարդագույն պատմուճան, ձախ ուսից նշմարվում է ոսկի երիզ (կլավի): Պատմուճանն ունի հարուստ ծալքավորում (կրապլաքին մոտ), հարստացված օխրայավուն թույլ նրբին երանգներով: Նա աջը բարձրացրել է օրհնության ժեստով (պարզված են ցուցամատը և մատնեմատը): Գլխի և մորուքի ճերմակ առատ մազերը պատկերված են գորշավուն երանգների վրա սպիտակ էլիպսաձև մազագծիկներով: Ճակատին ունի սուր մազափունջ (մազափնջով են նաև Քրիստոսի պատկերները):
Նրա գրկին որդին է, փոքր չափերով, բայց հասուն (այն տիպը, որ տեսնում ենք տոներում և բժշկության տեսարաններում), որի պատկերը ներսում կրկնում է Հոր եռաստիճան բրգաձևը (ծնկները, ուսերը, գլուխը): Նա ունի նույնպիսի պատմուճան, ինչ Հայրը, բայց տունիկան կապույտ է: Վերջապես, Որդու գրկին Հոգին է՝ պատկերված պրոֆիլով, ճերմակ աղավնու տեսքով: Նրանց միասնությունը մի անգամ ևս շեշտվում է խաչավոր լուսապսակներով. Սուրբ Հոգու գլխին փոքր, Որդու գլխին մեծ, Հոր գլխին՝ ավելի մեծ: Հայրը նստած է դեղնավուն գծակետանախշերով ճոխացված կարմիր (մորեգույն) երկարավուն մութաքային: Ոտքերի տակ ավելի փոքր կանաչ մութաքա է դրված: Նրա բազմելու դիրքը, ոտքերի դրվածքը հիշեցնում են հռոմեական կայսերական պատկերները:
Հարկ է նշել նաև, որ ընդհանուր ուղղանկյան գագաթին ուղղահայաց բարձրանում են ծաղկազարդ եղջյուրներ, մեջտեղում՝ խաչը, կողքերից՝ տերևավարսանդավոր ոստիկներ: Ուղղանկյունաձև գահից, որին բազմել է Աստվածահայրը, իբրև պատվանդան, դեպի ձախ և աջ, պրոֆիլով, տեսնում ենք առյուծ և ցուլ, իսկ գահի վերևում, մութաքայի աջ և ձախ մասում՝ հրեշտակ (մարդը) և արծիվ: Դրանք մեզ ծանոթ ավետարանիչների սիմվոլներն են, որոնք ներկայացնում են գրքի իդեական հիմքը:
Վասպուրականի ձեռագրերում գահակալ Քրիստոսին ներկայացնող նկարի մոտ երբեմն մակագրվում է. «Սուրբ Երրորդությունն է, բազմեալ յաթոռս չորեքկերպեան». մինչդեռ նկարում չկան Երրորդության մյուս Անձերը՝ Հայրը և Սուրբ Հոգին: Ենթադրվում է, որ «Երրորդության» գաղափարը այստեղ արտահայտվում է Քրիստոսի կերպարի խորհրդաբանական ամբողջականության մեջ. Նա Հայր Աստծո Որդին է, և ակնարկում է Սուրբ Հոգու ներկայությունը: Ասվածի հետ անմիջականորեն կապվում է Սուրբ Հոգու գաղափարը արտահայտող Քրիստոսի օրհնող աջի շարժումը: Ի դեպ, Հ. Քյոսեյանը նկատում է, որ Քրիստոսի պատկերի շուրջ կլոր կամ էլիպսաձև երեքշերտյա շրջանակները, ինչպես Սիմեոն Արճիշեցու ձեռագրում, նույնպես արտահայտում են Ս. Երրորդության խորհուրդը:
Վասպուրականի մի շարք ձեռագրերում եռաշերտ գունավորում ունեն գահին բազմած Քրիստոսի գլխավերևի կամարաշրջանակները: Այն, որ Գահակալ Քրիստոսի կերպարը խորհրդանշում է նաև Երրորդությունը, առարկայական ձևով ցույց է տրված Վասպուրականում 1391 թ. ընդօրինակված մի Ավետարանի մեջ: Այստեղ գահին բազմած Տիրոջ մեզ ծանոթ հորինվածքն է. միայն թե, ի տարբերություն նախորդների, գահակալ Քրիստոսի գրկում Սուրբ Հոգին խորհրդանշող աղավնին է և մի պատանի, որի ձեռքում բռնած թղթի վրա գրված է «Գառն Աստծո»: Քրիստոսն այստեղ խորհրդանշում է և՛ Հայր Աստծուն, և՛ Սուրբ Հոգուն, և՛ Որդուն՝ Աստծո գառին: Արվեստաբան Սիրարփի Տեր-Ներսիսյանը Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու գեղարվեստական հարդարանքի մասին խոսելիս նշում է, որ որոշ պատկերներում Աստծո ձեռքը, աղավնին և Հիսուսը ներկայացնում են Երրորդության գաղափարը: Վասպուրականի մանրանկարիչները, ըստ էության, հետևում են այդ թեմայի համառոտված տարբերակին: Ի դեպ, Մ.Մ. 7639 ձեռագրում հանդիպում է Ս. Երրորդության չափազանց տպավորիչ մի պատկեր. Հայր Աստված գրկել է խաչված Հիսուսին, Ում գլխից վեր աղավնակերպ Սուրբ Հոգին է:
Սուրբ Հոգու դրսևորման կերպերից մեկը (Աղավնուց զատ) հողմը, քամին կամ զեփյուռն է: Պատկերագրության մեջ որոշ դրվագներում (Ավետում ավետարանիչներ և այլն) պատկերված վարագույրի շարժուն վիճակը Ս. Հոգու ներկայության հարացույցն է: Ս. Բարսեղ Կեսարացու «Յաղագս վեցօրեա արարչութեան» մեջ «հոգի»-ի փոխարեն հանդես է գալիս «հողմ» ընթերցումը: «Հոգի=հողմ» համարժեքը հետևյալ արձագանքն է գտնում Դիոնիսիոս Արիոպագացու «Յաղագս երկնային քահանայապետութեան» երկում. «Ասիցէ ոք արդեօք զոդային հոգւոյն հողմեղէն մականունութիւն և աստուածատեսակութիւն երկնայնոցն իմացութեանց երևել…»: Նույն երկի մեկ այլ հատվածում հեղինակը նշում է, որ հողմը իր մեջ կրում է աստվածային գործողության նմանությունն ու կերպը: Այս պարագան հայտնութենական կարևորություն է ընծայում պատկերին՝ այն դարձնելով ոգեղեն իրականության պայմանանշան: «Հոգի=հողմ» համարժեքի արձագանքը կարելի է տեսնել հայ մեկնաբանական գրականության մեջ նմանապես:
Կազմեց Գայանե Սուգիկյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում