Ոչ սովորական նկարիչը

Ոչ սովորական նկարիչը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Այսօր հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից Երվանդ Քոչարի ծննդյան օրն է։

Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը «Ազնավուր» կենտրոնում կնշվի: ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ, միջոցառման ընթացքում տեղի կունենա «Մաեստրո Քոչարի ուղերձները» տեսաֆիլմի շնորհանդեսը. տեսաֆիլմում Ե. Քոչարի ուղերձները ներկայացնում են մեր քաղաքի մշակութային և քաղաքական կյանքում նշանակալի դերակատարում ունեցող անձինք, մեր երկրում հավատարմագրված դեսպաններ, Քոչարի արվեստի երկրպագուներ:

Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև Երվանդ Քոչարի բազմանիստ տաղանդի դրսևորումներից ևս մեկը՝ նրա գրական-գեղարվեստական ժառանգության մաս կազմող խոհափիլիսոփայական գրառումների մի ընտրանի, որ Վարպետն անվանել է «ՓՇՐԱՆՔՆԵՐ…»:

Քոչարը ծնվել է Թիֆլիս: 1918 թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1915-18 թթ-ին միաժամանակ սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության դպրոցում (դասատու՝ Եղիշե Թադևոսյան), 1918-19 թթ-ին՝ Մոսկվայի Ազատ գեղարվեստի արվեստանոցների վերջին կուրսում (ղեկավար՝ Պյոտր Կոնչալովսկի): 1919 թ-ին նկարչություն է դասավանդել Թիֆլիսի հայկական դպրոցներում, 1921 թ-ին՝ բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում: 1918-ստեղծել է գույնի նուրբ զգացողությամբ, հոգեբանական խնդիրներ արծարծող, ջերմ ու հուզական կտավներ («Կշռաքարերով նատյուրմորտ», 1918 թ., «Ջութակ», 1919 թ., «Նկարչի մոր դիմանկարը», 1919 թ., «Ըմպանակով կինը», 1920 թ., և այլն), որոնցով դրսևորվել են Քոչարի արվեստին բնորոշ ռացիոնալիզմը, սիմվոլիստական մտածելակերպն ու ձգտումը պլաստիկ ծավալային ձևին:

1922 թ-ին եղել է Կոստանդնուպոլսում, Վենետիկում (դիմաքանդակների համար արժանացել է արծաթե մեդալի), ապա՝ Ֆլորենցիայում, Հռոմում, 1923 թ-ից՝ Փարիզում, որտեղ ստեղծագործել է և ցուցադրվել նշանավոր սալոններում: Այդ շրջանի գործերում («Ղազարոսի հարությունը», 1923 թ., «Տեսիլք», 1924 թ., «Սրճարան», 1925 թ., «Պտուղներով հուրին», 1926 թ., և այլն) նկատելի է ժամանակակից հոսանքների և ձևերի համադրումը, որի հանրագումարը «Ընտանիք-սերունդներ» (1925 թ.) կտավն է:

Քոչարն այդ շրջանում ստեղծել է նկարչության նոր տեսակի՝ եռաչափ (տարածական) երկ (1926 թ.). մեկ կտավի փոխարեն նկարել է նույն առանցքով միմյանց զոդված թիթեղներին:

«Քոչարի տարածական նկարչությունն արդի արվեստի նվաճումներից է, նշանակալի այնքան, որքան Բրանկուզիի անեղծ ձևերը, Պիկասսոյի և Բրաքի կառուցվածքները… Տարածական նկարչութունը խարխլեց արձանագործության և հարթանկարչության շրջանակը: Այն բարեփոխեց տեսողական օրենքները՝ մի երրորդ ուղի բացելով նկարիչների ու քանդակագործների առջև: Եկել է ժամանակը հատուցելու Քոչար արարչագործի պատվո վճարը, որին նա արժանի է իրավամբ»,- ասել է ֆրանսիացի արվեստաբան Վալդեմար Ժորժը:

1935 թ-ին մասնակցել է Պրահայում, Բռնոյում, Բրատիսլավայում, Նյու Յորքում և Բրյուսելում, 1936 թ-ին՝ Լոնդոնում կազմակերպված ֆրանսիացի նկարիչների ցուցահանդեսներին:

1936 թ-ից ապրել և ստեղծագործել է Երևանում, մասնակցել տեղի և միութենական ցուցահանդեսների: Ե. Քոչարի վերադարձը Երևան դարձել է շրջադարձային արվեստագետի կյանքի և ստեղծագործության հետագա ընթացքի համար, քանի որ բռնապետական հասարակարգի պայմաններում Քոչարի առաջադեմ և նորարարական արվեստն ընդունվել է որպես «հակախորհրդային և հակահեղափոխական»: Բավական է ասել, որ հայրենիքում Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է վերադառնալուց 30 տարի անց միայն՝ 1965 թ.։

Քոչարը 1955 թ-ին կերտել է «Զվարթնոցի արծիվը» մոնումենտալ ուղենշան-կոթողը (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան): Նրա «Սասունցի Դավիթ» (1959 թ., ճարտարապետ` Միքայել Մազմանյան, Երևան, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1967 թ.) արձանը դարձել է հայկական ոգու խորհրդանիշ. ձիարձանի ոճավորված ցայտուն ծավալաձևերն ստեղծում են լուսաստվերային հարուստ խաղ, ընդգծում ձիու և հեծյալի անկասելի թռիչքը պայմանավորող հոգեկան ծայրահեղ լարումը:

1975 թ. ստեղծել է «Վարդան Մամիկոնյան» արձանը ( ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան):

Մոմաներկի գյուտի համար Քոչարին տրվել է հեղինակային վկայագիր (1948 թ.). այդ տեխնիկայով է ստեղծել «Աղջկա դիմանկարը» (1945 թ.), «Մանիկի դիմանկարը», «Կոմիտաս» (երկուսն էլ՝ 1946 թ.) և այլ գործեր: Թեմատիկ կոմպոզիցիաներից հայտնի են «Դոն Կիխոտ» (1951 թ.), «Նիզամին որդու հետ» (1953 թ.), «Մեխլու վարդապետի ապստամբությունը» (1955 թ.) գրաֆիկական գործերը և «Պատերազմի արհավիրքը» (1962 թ.) գեղանկարը:

Քոչարը ձևավորել է Ալեքսանդր Պուշկինի «Քարե հյուր», Կառլո Գոլդոնիի «Բամբասանք և սեր» (երկուսն էլ՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն), Իմրե Կալմանի «Կրկեսի իշխանուհին» (Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն) պիեսների բեմադրությունները:

Քոչարի գործերից պահվում են ՀՀ, ԱՊՀ և Եվրոպայի երկրների թանգարաններում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1965, 1971 և 1978 թթ.), Մոսկվայում (1973 թ.), Բաքվում ու Թբիլիսիում (1974 թ.), գործերի հավաքածուների ցուցադրումներ՝ Փարիզում (1945 և 1966 թթ.):

2007 թ-ին Երևանում լույս է տեսել նրա «Ես և Դուք» գիրքը:

Երվանդ Քոչարը վախճանվել է 1979 թվականին Երևանում։

«Ո՜չ, ո՜չ և հազար անգամ ո՜չ, Երվանդ Քոչարին չի կարելի սովորական նկարիչ համարել, հանրածանոթ բնութագրումներն ու մակդիրներն այս դեպքում անիմաստ են:

Ինչպես բնորոշել նրան՝ հզո՞ր, թե՞ հանճարեղ. այս երկու գնահատականների միջև թերևս կարելի է տատանվել, չնայած ես հակված եմ երկրորդին…»,- գրել է ֆիանսիացի արվեստի պատմաբան Անդրե Պասկալ Լևիսը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում