Կոստան Զարյան․ Ճամփորդություն

Կոստան Զարյան․ Ճամփորդություն

Վերջին զանգը զնգող զանգի
Փշրվում է դեղին օդում
Հոկտեմբերի։
Մեկնո՜ւմ, մեկնո՜ւմ…
Վերը դրված պայուսակս երերում է,
Գնացքը դանդաղ
Մագլցում է
Մի բլուր աշնան
Ապա կտրում այգիների նեղլիկ ճամփան՝
Ուր որոճող, անշարժ կանգնած նիհար մի եզ
Նայում է մեզ
Եվ իր պոչը խփում մեջքին։
Հոկտեմբերը՝ դեղին, տրտում,
Լըվացվում է ոլոր եկող գետի ափին
Հետո գալիս հանգիստ նստում իմ աչքերում։

Մեկնո՜ւմ, մեկնո՜ւմ…

2
Թեթև մի քամի։ Գնացքը կանգնում է։ Անձրևից լվացված
Այս կայարանից
Հսկա վարդի պես
Բարձր ցցվում է ծաղկած երեկոն։
Դեղնագույն լույսի փարթամ մշուշից
Բացվում են տրտում բյուրեղացումներ։
Ռոմանտիկ վայր է, քընարերգական, ներշնչող այնքան…
Արծաթ, հեռավոր, սահուն ղողանջներ
Լուսավորում են վայրկյանը չքնաղ…
Անմիտ երեխի նըման ըզգացված, պիտի ուզեի իջնել և մնալ…
Մընա՞լ, չը մընա՞լ… Մինչ հարց եմ տալիս՝ գնացքը մեկնում է։
…Արագ անցնում ենք տների մոտից և պարտեզների՝
Մի գետի ափին դեղնած շուքերով շարքով երկարած…
Ահա ծռվում ենք, ցցվում են ոսկե աշտարակների
Լուսե կատարներ…

3
Սեմաֆորի լույսում կարմիր Բոց է դառնում մի կտոր գիշեր
Եվ մի երկիր՝
Խավարի հետ հանկարծ բուսած անհայտ ձևեր՝
Իմ քողարկված աչքերում
Թանձր մութի պալատներ է ուրվագծում։
Ինչքա՞ն պիտի տըխուր Օտարության,
Մենակության։
Այս մութ ճամփան՝
Ներքին ջերմը այս հուրհըրան…
Ինչքա՞ն պիտի հոգնած սրտիս մընա կպած
Այս անհայտը մթնատարած…

4
Ծառերի վառ կատարները
Վեր են ցցել բոցկլտացող լամպարները
Ծնվող լույսի։
Ծնծղաները արշալույսի
Բլուրի վրա կանգնած գյուղի
Գլխին պայթել՝
Հուր ու երանգ սել են թափել։

Առավոտը կանգնել է մերկ
Մի նոր, անհայտ կայարանում
Եվ մի արծաթ, հնչող ձայնով ասում է երգ
Մարդկանց համար կես մրափած վագոններում։
Օ, անկայուն և անվստահ օրեր կյանքի…
Արդեն անցան քանի քանի կայարաններ
Եվ մարվեցին լույսերը շող արշալույսի։
Ահա նոր օր, ահա անհայտ, նոր ճամփաներ…

5
Մի կտոր երկինք, գետակ, պարտեզ…
Հիշեցի քեզ
Եվ հիշեցի անցած, գնացած
Օրեր այնքան։
Անցած, գնացած
Օրեր այնքան։

6
Ահ, երբեք չպիտի հասնեմ տեղ։
Այս ի՞նչ է, և ո՞ւր է, որտե՞ղ է
Այն ինչ որ թըվում է տուն ու տեղ։

Գնում եմ։ Գալիս են դաշտերը, լեռները,
Գալիս են հեռավոր թըմբկող վայրերը
Կանաչ են, դեղին են, կարմիր են-
Բայց ի՞նչ են, ահ, ասիր՝ երկի՞ր են։
Բայց ի՞նչ են, տնե՞ր են լուռ ու մուռ
Իմ սրտում լուսացած պատուհա՞ն կամ բաց դո՞ւռ,
Դեպի ոչ ապաստան ինձ տանող
Դեպի ոչ ըսպասում ինձ սպասող։

Վագոն նեղ։ Կայարան և սուլոց անդադրում։
Վագոն նեղ։
Միշտ մեկնում։
Ահ, երբե՛ք, ահ երբե՛ք չպիտի հասնեմ տեղ։

1941

Հետևեք մեզ նաև Telegram-ում