Հրաչյա Թամրազյան. Բանաբան
Նմանատիպ
«Աղոթքի կանգնել – լուսայգից առաջ»…
Ու գունատ մի ցոլք ներս է ճառագում:
Ընդունիր խոսքի ծնունդն անարատ՝
Երկինքը կապտած ու արճճագույն:
Գիշերը խոհ է դառել մահացու
Ու անդենական անդորր ու հանգիստ,
Ու լույսի մեջ խոր ակոս են բացում
Օրերը նրա՝ սև, երկաթագիր:
Ու լուսաշերտեր առկայծող, բեկբեկ,
Հույսի ծվեններ, աստղերի փշրանք,
Կրծքիդ կռացած կենդանակերպեր –
Հին հիվանդության նոր ախտանշան:
Աստղահմաներ, բանդագուշանքներ,
Եվ սակայն գոց է դուռը գրբացի,
Ու այս հանգերը՝ կառչող, գիշակեր,
Արդեն հիվանդ են ու մեռելածին
Տեսիլքի նման այս աղավաղվող –
Անկյալ հրեշտակ – քայքայվող պատկեր,
Ու տող է դառնում տենչը խաղաղվող,
Ու նրա խորքում – քո երգն է պառկել:
Ու զառանցանքն այդ դառնում է երազ,
Կնոջ մարմինն է ծնվում իր կողից,
Երգը հոսում է – իբրև քներակ,
Կյանքի առագաստ, մահվան անկողին:
Ու թրթռում է շուրթերին գունատ
Կյանքի լեգենդը – «ես սիրում եմ քեզ» –
Ու հեռանում է մութը ձեռնունայն,
Ու լույսն է բացվում – ձեռքերին վերքեր:
Ու կրկին նրա կոկորդին բառն է,
Որ այս գիշերով դու խաչ հանեցիր,
Որքան դժվար է հարություն առնել,
Այդ կյա՞նքն է քո մեջ, թե՞ առեղծվածն իր
Այս լուսաբացին այսպես բարբառում,
Ասես երգում է կարոտը կնոջ,
Ասես մերձիմահ բառն է արարում,
Որ ձեռք բերեցիր քո կյանքի գնով…