Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական դիվերսիաները պահանջում են ՀՀ ԱԳՆ արագ արձագանքը. փորձագետ

Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական դիվերսիաները պահանջում են ՀՀ ԱԳՆ արագ արձագանքը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: «Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պնդել է, որ Վաշինգտոնում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին առաջարկել են աշխատել զորքերի դուրսբերման ու խաղաղապահների տեղակայման ուղղությամբ: 

Հարցի շուրջ զրուցել ենք «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի հետ:

Փորձագետի պնդմամբ, խաղաղապահ զորքեր տեղակայելու մասին Մամեդյարովի հայտարարության մասով ուշադիր պետք է լինել մի քանի հանգամանքի. «Նախ հայտարարության տարածվելուց ժամեր անց ադրբեջանական մամուլում հայտնվեց հերքումը, Մամեդյարովի՝ այլ ձևակերպումներով հայտարարությունը: Առաջին հերթին պետք է հասկանանք՝ ի՞նչ նպատակ է հետապնդում ինֆորմացիոն այս մանիպուլյացիան: Այս համատեքստում մի քանի հարց է առաջանում. ինչո՞ւ է հենց այս պահին Ադրբեջանը խոսում խաղաղապահների մասին, ինչո՞ւ հենց Վաշինգտոնյան հանդիպումից հետո, ի վերջո այս ամենն ինչ-որ կերպ կարո՞ղ են աղերս ունենալ մեր տարածաշրջանում աճող լարվածությանը: Կարծում եմ սրանք հարցեր են, որոնք պետք է լինեն Հայաստանի և Արցախի արտաքին գերատեսչությունների ուշադրության կենտրոնում»,- նշեց փորձագետը:

Մեզ հետ զրույցում Լ. Ամիրխանյանը նշեց այլ հանգամանք ևս. «Համանախագահների հովանու ներքո կայացած հանդիպումից հետո սա Մամեդյարովի միակ հայտարարությունը չէր, որը մտածելու առիթ է տալիս»: 

Փորձագետը հիշեցրեց, որ մինչ այս Մամեդյարովը խոսել է 15 տարի բանակցվող միևնույն փաստաթղթերի մասին: «Խաղաղապահ զորքերի հետ կապված ինֆորմացիան, նախորդի հետ միասին, ցույց է տալիս, որ պաշտոնական Ադրբեջանը տեղեկատվական հարձակման քաղաքականություն է վարում: Այս ամենում մեծ նորություն չկա, քանի որ տարիներ ի վեր Ադրբեջանի կողմից ինֆորմացիոն գրոհները, այն էլ շատ դեպքերում՝ ապատեղեկատվություն, շատ են եղել: Այս դեպքում էլ նույն ինֆորմացիայի՝ ժամերի տարբերությամբ հերքումը դրա վառ օրինակներից է: Փաստացի, Ադրբեջանն ինչ-ինչ նպատակներով շարունակում է տեղեկատվական դիվերսիայի իր քաղաքականությունը և սա նորություն չէ:

Հարցը, սակայն, հայկական իշխանությունների կողմից նույն տեղեկատվական դաշտում ադրբեջանական մանիպուլյացիաների համար առավել բերանպաստ պայմաններ ստեղծելու մեջ է: Իհարկե խոսքն առաջին հերթին մեր իշխանությունների կողմից հայտարարված «առանց բանակցությունների», «Արցախյան կոնֆլիկտին ճանաչողական հանդիպումներ» եզրույթներին է վերաբերում»,– հավելեց փորձագետը:

Ըստ Ամիրխանյանի, հաշվի առնելով ինֆորմացիան տեղեկատվական դաշտ ներմուծելու, հետո այդ ինֆորմացիան հերքելու ադրբեջանական պրակտիկան,երբ իրականն ու անիրականը լղոզվում են, ՀՀ ԱԳՆ-ի արագ ու օպերատիվ արձագանքն անհրաժեշտություն է. «Այստեղ թերացում ունենք»,- հավելեց փորձագետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում