Գյուղնախարար. «Հայաստանի գյուղատնտեսությունը մեծ ներուժ ունի»

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հայաստանի ծրագրերի նորանշանակ ղեկավար Մունիֆ Նուրալահի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիմնադրամը ՀՀ կառավարության հետ 1995թ-ից իրականացրել է 6 ծրագիր, որոնք ուղղվել են գյուղական բնակչության եկամուտների ավելացմանը, գյուղական բնակավայրերում ձեռնարկատիրության խթանմանն ու աղքատության նվազեցմանը, Հյուսիս-արևմտյան գոտու գյուղերի կենսամակարդակի բարձրացմանն ու սննդի անվտանգության բարելավմանը, արտադրողից մինչև իրացնող շղթան ընդգրկող հիմնական ենթակառուցվածքների արդիականացմանը:
Գյուղատնտեսության նախարարն արդյունավետ գնահատեց իրականացված ծրագրերը, մասնավորապես նշելով. «Հայաստանի գյուղատնտեսությունն ունի մեծ ներուժ և առկա են իրատեսական բոլոր հնարավորություններն այն զարգացնելու համար: Պատահական չէ, որ ՀՀ կառավարությունն իր նոր ծրագրով գյուղն ու գյուղատնտեսությունը չի տարանջատել, և կառավարման առումով այն դիտարկում Է որպես մեկ ամբողջություն»:

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հայաստանի ծրագրերի ղեկավարն ի պատասխան նշեց, որ Հայաստանի հետ հիմնադրամի գործակցությունը կլինի անընդհատ և շարունակական ‘ ներկայացնելով առաջիկա գործունեության հիմնական բաղադրիչները.

Ա.Աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանն ու արտահանմանը
Բ.Գյուղական ենթակառուցվածքների զարգացում
Դ.Աջակցության ծրագրերի կառավարում

Սերգո Կարապետյանն անդրադարձավ նաև գյուղական վարկերի արդյունավետության բարձրացմանը, նշելով, որ առևտրային բանկերը բարձր տոկոսադրույքներ են սահմանում այդ վարկերի դիմաց, և հարկ է փնտրել նոր ֆինանսական գործընկերների, ովքեր ավելի հասանելի կդարձնեն հիմնադրամի տրամադրած ֆինանսական օժանդակությունը և չեն կիրառի գրավադրման մեխանիզմներ:

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հայաստանի ծրագրերի նորանշանակ ղեկավար Մունիֆ Նուրալահը հավանություն տվեց այս առաջարկին, այն գնահատելով որպես բավականաչափ կառուցողական, նշելով, որ շրջել է Հայաստանի բոլոր մարզերում և վստահ է, որ իր ղեկավարած հիմնադրամի և ՀՀ կառավարության համագործակցությունն այսուհետ նույնպես կծառայի գյուղի ու գյուղատնտեսության արդիականացմանը, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում