«Ոսկե ծիրանը»՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների գնահատմամբ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը թույլ է տալիս հանրությանը բացահայտել միջազգային կինեմատոգրաֆիայի բազմազանությունը, որի մաս է կազմում նաև ֆրանսիականը։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։ Դեսպանի խոսքով, փառատոնի այս տարվա ծրագրում ֆրանսիական կինեմատոգրաֆիան շատ լավ ներկայացված է, ինչի համար ուրախ է. փառատոնի ծրագրերում ներառված 110 ֆիլմերից 23-ը ֆրանսիական են կամ Ֆրանսիայի հետ համատեղ արտադրության։ Ժոնաթան Լաքոտն ասաց, որ փառատոնի ընթացքում ներկայացված են նոր ֆիլմեր, որոնք միջազգգային վերջին փառատոներում մրցանակների են արժանացել։ Նա հայտնեց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Ֆրանսիայից մասնագետներ են ժամանելու Հայաստան՝ մասնակցելու փառատոնին։
«Այս փառատոնն այս տարածաշրջանում կինեմատոգրաֆիստների համար ամենակարևոր հանդիպումներից մեկն է»,- ասաց Ժ. Լաքոտը։
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը հայտնեց, որ փառատոնի ընթացքում ներկայացվելու է 5 տարբեր ժանրերի գերմանական ֆիլմեր, որով հայ հանդիսատեսը կկարողանա ծանոթանալ այն բազմաժանրությանը, որ գոյություն ունի այսօր գերմանական կինոյում։
«Մեր կարծիքով «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի բարձրակետը լինելու է հենց գերմանական ֆիլմերի ներկայացման օրը, որը նշանակված է հուլիսի 10-ին»,- ասաց փոխդեսպանը։
ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ռոբերտ Անդերսոնն ասաց, որ անհամբերությամբ են սպասում փառատոնի ընթացքին, ներկայացրեց, թե փառատոնի ընթացքում ինչպիսի ամերիկյան ֆիլմեր են ներկայացվելու։
ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն նշեց, որ կինոփառատոնը հայտնի է ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ իր երկրում, այն երկրներում, որոնց ներկայացուցիչները ներկա են այս ասուլիսում։ Նրա խոսքով, հայտնի լինելը գալիս է փառատոնի տնօրինությունից։ Դեսպանն ասաց, որ «Ոսկե ծիրանը» որակյալ ֆիլմերի փառատոն է, նպատակն է կինոյի միջոցով զարգացնել շփումը մարդկանց մեջ, կինոխցիկի միջոցով ավելի ամրացնել կապը։
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն ասաց, որ Բրիտանական խորհուրդը փառատոնի հետ համագործակցել է ստեղծման իսկ օրերից, ուրախ է, որ շարունակվում է համագործակվությունը փառատոնի նոր ղեկավարության հետ։
«Բրիտանական խորհուրդը կարևորել է ոչ միայն բրիտանական փորձի ներկայացումը, նաև փորձի փոխանակումը, վերապատրաստման դասընթացների կազմակերպումը»,- ասաց Ա. Սարիբեկյանը։
ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը հրավիրեց բոլորին մասնակցել փառատոնին՝ ներկայացնելով լեհական ծրագիրը։
Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ փառատոնը կայանալու է հուլիսի 7-14-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում