Գարուշ Հարյանց․ Բալլադ կորստյան

Գարուշ Հարյանց․ Բալլադ կորստյան

Երկնքից իջավ հերթական մի սուրբ,
որ պատժի սրտանց աղոթողին սուտ,

քծնախտ ու նախանձ տանել չէր կարող,
բայց տեսավ՝ շատ են մոմերը մարող,

իր լույսն էլ չկար շրջապատի մեջ,
համակ խավար էր շրջանակի մեջ,

լոկ լսելի էր խաչհամբույրների
դրամազրկման աղմուկը թերի,

որ ծովանում էր քահանայի շուրջ՝
կաղապարելով չե հավատ, թե շունչ,

մաքուր բան չկար, էլ ոնց անրջեր,
մեղքերն անցյալի ինչպես նա ջնջեր,

ինչպես հավատար բախտին գետնաքարշ,
ուղին՝ անվագոն եւ անշոգեքարշ,

սուրբը վհատվեց, ափսոսաց կրկին,
որ չճանաչեց շուրջն իր, ոչ մեկին

վստահությունը չէր առաջնորդում,
նրանք սուտ էին ծնկած աղոթում,

սուրբը վեր թռավ, որ չգլխատվի,
անտեր ջթողնի վահանը պատվի…

Ճիշտը գլխատվեց իր իսկ երազում,
ասֆալտն էլ հող չէր, ցորեն չէր ուզում:

Սեպտեմբերի 9, 2016 թ., Լոս Անջելես:

Հետևեք մեզ նաև Telegram-ում