«Մինչեւ լիարժեք չկատարելագործվեմ Եվրոպայում, մշտական չեմ վերադառնա»

«Մինչեւ լիարժեք չկատարելագործվեմ Եվրոպայում, մշտական չեմ վերադառնա»

Հայտարարում է դաշնակահար Արմեն-Լեւոն Մանասերյանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, Aravot.am: Ավելի քան 5 տարի Բելգիայում ստեղծագործական գործունեություն ծավալող, դաշնակահար Արմեն-Լեւոն Մանասերյանին առաջին անգամը չէ, որ անդրադառնում է «Առավոտը»: Դրա համար կան առիթներ, որոնք կապված են արտիստի ոչ միայն մասնագիտական, այլեւ հասարակական գործունեության հետ: Նշենք մեկ-երկուսը՝ ավելի քան 3 տարի է, ինչ Բելգիայում անցկացվում է արվեստագետի հիմնած Vitrage փառատոնը, որի շրջանակներում անցկացվող համերգներին հրավիրվում են նաեւ հայաստանցի երաժիշտները: Կամ՝ Մանասերյանի նախաձեռնությամբ անցկացվող բարեգործական համերգները, ինչի մասին երաժիշտը չի ցանկանում բարձրաձայնել: Օրինակ, նշենք մեկը՝ համերգներից եկած հասույթը փոխանցվել է քառօրյա պատերազմի զոհերի ընտանիքներին, ինչը ժամանակին ցուցադրվել է Արցախի հեռուստատեսությամբ ու տեղադրված է YouTube-ում: Այս տարվա գարնանն էլ Երեւանում դաշնակահարը աուտիզմով հիվանդ երեխաների հետ անցկացրել է Արտ-թերապիա, որի ընթացքում ներկայացված երաժշտական համարներից հետո մանուկները նկարում էին իրենց ստացած տպավորությունը: Նման միջոցառում Մանասերյանն անցկացրել է նաեւ անցյալ տարի:

2018թ. Երեւանում կայացավ նրա առաջին CD-ի շնորհանդեսը, իսկ CD-ն, ըստ էության, 2017թ. Մալթայում կայացած դաշնակահարների 5-րդ մրցույթում շահած Գրան պրիի մրցանակն էր, որի արդյունքում մեր հայրենակիցը իրավունք էր ստացել թողարկել այն իսպանական հեղինակավոր KNS Classicol ֆիրմայում:

Հայաստանյան երաժշտական շրջանակներում Արմեն-Լեւոն Մանասերյանի մասին խոսելիս կեսկատակ-կեսլուրջ գործածվում է «հավերժ ուսանող» եւ «մրցութասեր» բնորոշումները: Իսկապես, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսում ստանալուց հետո, նա այն շարունակեց Բելգիայի Լիեժի թագավորական կոնսերվատորիայում, այս պահին էլ սովորում է Գերմանիայի Մյունստեր քաղաքի կոնսերվատորիայում՝ հայտնի պրոֆեսոր Հերբերտ Կոխի դասարանում, զուգահեռ շարունակելով մասնակցությունը տարբեր վարպետության դասընթացներում:

«Առավոտի» հետ զրույցում դաշնակահարն ասաց. «Մինչեւ իմ պատկերացմամբ լիարժեք չսովորեմ ու չկատարելագործվեմ Եվրոպայում, մշտական չեմ վերադառնա հայրենիք: Գիտակցում եմ, իհարկե, որ մարդ սովորում է իր ողջ կյանքի ընթացքում: Այսպես թե այնպես, ես տարվա ընթացքում երկու-երեք անգամ տարբեր նախագծերով այցելում եմ Երեւան»: Մեր զրուցակցի այս միտքը կանխեց հարցը, թե չի՞ պատրաստվում, իր որոշ գործընկերների օրինակով, ընդմիշտ վերադառնալ: Իսկ այս օրերին դաշնակահարի՝ Երեւանում գտնվելու առիթը «Հովեր» պետական կամերային երգչախմբի եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի լարային կազմի հետ մասնակցությունն է հունիսի 27-ին Կամերային երաժշտության տանը կայանալիք Ալեքսանդր Իրադյանի Testimonium ստեղծագործության պրեմիերային:

Հաստատելով մեզ հասած տեղեկությունը, թե իր «Ձայնի գույնը» նախագիծը, որը ծանոթ է հայաստանյան հանդիսատեսին, մեծ արձագանք է ստացել Արեւմուտքում, Արմեն-Լեւոն Մանասերյանն ասաց. «Այս նախագիծը ներկայացրել եմ արդեն տասը երկրում, այդ թվում՝ Պորտուգալիայում, Մալթայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, մինչ երեւանյան այցս, ներկայացրի նաեւ Իսպանիայում, կրկին Գերմանիայում»:

Հիշյալ նախագիծը, ըստ էության, Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» դաշնամուրային ցիկլն է, որ կոմպոզիտորն այն գրել է 1870-ականներին՝ ազդվելով Վիկտոր Հարթմանի գեղանկարչական ցուցահանդեսից: Մեր համերկրացու դեպքում, ինքն է ազդվել Մուսորգսկու երաժշտությունից՝ նկարելով 10 պատկերներ, որոնք ցուցադրվում են ցիկլի կատարման ժամանակ:

Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ չի համագործակցում որեւէ մենեջերի հետ, ինչը հավանաբար կհեշտացներ մի քանի ոլորտում միաժամանակ իր աշխատանքը, գուցե դեռեւս առաջարկ չի՞ ստացել, Արմեն-Լեւոն Մանասերյանը պատասխանեց. «Մենեջերներից շատ եմ ստացել համագործակցության առաջարկներ, բայց նրանց հետ աշխատանքն ունի նաեւ իր մինուսները: Օրինակ, չես կարող անտեսել մենեջերի այս կամ այն առաջարկը, եթե սրտովդ չէ ու համաձայնել: Մինչ օրս նրանց ծառայության կարիքը չեմ զգացել: Մի տեսակ վարժվել եմ կամ սովորություն է դարձել միանձնյա ե՛ւ տնօրինել, ե՛ւ պատասխան տալ իմ ցանկացած նախագծի համար»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում