«Մութ սենյակում սեւ կատու ենք փնտրում, չտեսնելով դռանը նստած վագրին»

«Իրատես de facto»-ն քաղաքական մի շարք հարցերի շուրջ զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի հետ։ Հատված հարցազրույցից.

ՀՀ իշխանությունները պնդում են, որ համագործակցելու են եւ՛ Եվրամիության, եւ՛ Եվրասիական միության հետ, ընտրության խնդիր դրված չէ: Մինչդեռ Մաքսային միությունում դիտորդի կարգավիճակի հավակնող Ուկրաինային ԵՄ-ն անմիջապես առաջարկեց իր գերակայությունը ճշտել:

Ես զարմանում եմ ՀՀ իշխանությունների վրա, որ ուզում են ցանկությունը համոզմունք դարձնել, երբեմն այնքան են համոզում, որ հավատում ու հավատացնում են: Համոզում են, որ արտագաղթի տեմպերը վտանգավոր չեն, որ Հայաստանը ակտիվ տնտեսական կյանքով է ապրում, գյուղատնտեսությունը վերելքի մեջ է (կարկուտը չհաշված), բարեկեցությունն աճում է օրեցօր, որ խնդիրը ոչ թե կամ-կամ է, այլ’ եւ-եւ, գուցե դեռ մեկ այլ միության մեջ էլ կարող են ներգրավվել Աֆրիկայում կամ Ավստրալիայում: Իրականությունը բոլորովին այլ է: Երբ կարդում ես ռուսական որոշ վերլուծական կենտրոնների, պետական պաշտոնյաների վերլուծություններն ու ելույթները Հայաստանի Հանրապետության ու հայերի մասին, համոզվում ես, որ Հայաստանին վերաբերվում են իբրեւ երրորդ-չորրորդական երկրի, կցորդի, որի կարծիքն առանձնապես կարեւոր էլ չէ, կհրամայվի’ կկատարվի: Ընտրության խնդիր չկա: Եվրասիական միությունը մեզ ակնհայտ պարտադրում են: Եվրամիություն մենք ենք ուզում մտնել, որովհետեւ անդամակցելուց հետո մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական վիճակը կարող է բարելավվել:

Նոյեմբերին ստորագրվելո՞ւ է ասոցիացման համաձայնագիրը, թե՞ հերթական անգամ հետաձգվելու է:

Ես կողմնակից եմ համաձայնագրի ստորագրմանը, բայց համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը չի ստորագրելու: Ես տեսնում եմ, թե ռուսական կայսրությունն ինչ ազդեցություն ունի Հայաստանի վրա, դա միայն տնտեսական ու ռազմական չէ, նաեւ քաղաքական է: Տեսեք’ քաղաքական դաշտում ինչ ուժեր են ջատագովում Եվրասիական միությունը: Այդ ուժերն ունեն նյութական ու ֆինանսական լուրջ ռեսուրսներ (օրինակ’ ԲՀԿ-ն), ոմանք նաեւ ընդդիմադիր համբավ (մասնավորապես’ ՀԱԿ-ը), նաեւ ազգայնական հենք (օրինակ’ ՀՅԴ-ն): Փաստացի’ ներքաղաքական ազդեցիկ ներուժ ունի ռուսական կայսրությունը Հայաստանում: Այն ուժերը, որոնք կողմնակից են ասոցացման համաձայնագրին, խաչաձեւ հարվածների տակ են’ թե՛ իշխանության, թե՛ թվարկածս ուժերի կողմից: Նաեւ այս հանգամանքը հաշվի առնելով’ Սերժ Սարգսյանը, եթե նույնիսկ ցանկանա էլ ստորագրել, որին խորապես կասկածում եմ, չեմ հավատում, որ կստորագրի համաձայնագիրը:

«Հանրապետություն» կուսակցությունը ո՞րն է համարում իր անելիքը այս իրավիճակում:

«Հանրապետություն» կուսակցությունը հասկանում է, որ ինչքան շուտ դուրս գանք այս վիճակից, այնքան լավ երկրի համար: Հասկանում է նաեւ, որ այս վիճակից դուրս գալու հնարավորությունները, ժամանակից շուտ օգտագործվելու դեպքում, կարող են վարկաբեկվել: Ինչպես վարկաբեկվեց հեղափոխության գաղափարը, վարկաբեկվեց ընդդիմադիր լինելու գաղափարը, կուսակցության ու կուսակցականության գաղափարը: Թվում է’ երկրի դժբախտությունը քաղաքական կուսակցություններն են, եթե կուսակցությունները չլինեն, ամեն ինչ իր տեղը կընկնի’ քաղաքացիական հասարակության ուժերով: Մութ սենյակում սեւ կատու ենք փնտրում, չտեսնելով դռանը նստած վագրին: «Հանրապետություն» կուսակցությունը այսուհետ էլ վարելու է բաց, շիտակ քաղաքականություն, քաղաքական ասպարեզում իր խնդիրը համարելով բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը, համակարգային փոփոխությունը, անկախ պետության ամրապնդումը, ժողովրդավարության կայացումը, մարդու’ իբրեւ բարձրագույն արժեքի գիտակցության արմատավորումը»,- մեջբերում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում