«Լոռեցի Սաքոյից» մինչեւ «Մարոյի» պրեմիերան ու նախկին փոխքաղաքապետի ստեղծագործական ջիղը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 01 ՀՈՒԼԻՍԻ, Aravot.am: Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Մեհրաբյան), մասնակցությամբ վերջինիս ստուդիայի սաների, հունիսի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հովհաննես Թումանյանի հոբելյանական տարվա շրջանակներում «Լոռեցի Սաքոն» եւ «Մարոն» պոեմների հիման վրա հանդես եկավ համանուն ներկայացումներով:
Երեւանի օպերային թատրոնում կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանի «Լոռեցի Սաքոն» բալետը առաջին եւ միակ անգամ բեմադրել է խորեոգրաֆ Ազատ Ղարիբյանը 1960-ականներին: Սաքոյի դերապարով հանդես է եկել Վանուշ Խանամիրյանը: Ավելի քան 30 տարի անց հախինյանական երաժշտությամբ թումանյանական պոեմին անդրադարձավ Նորայր Մեհրաբյանը:
«Առավոտի» հետ զրույցում բալետային ներկայացման իր ստեղծման պատմությունը ճանաչված խորեոգրաֆը ներկայացրեց այսպես. «1990-ականների սկզբներին, Հալեպում աշխատելիս «Լոռեցի Սաքոյի» բեմադրության «նաբրոսկաներ» էի անում: Երբ վերադարձա, Գրիգոր Հախինյանը հատուկ իմ բեմադրության համար, կարելի է ասել, «ծաղկաքաղ» արեց արդեն գրված բալետից, ներառելով նոր հատվածներ: Բնականաբար, սա բոլորովին այն տարբերակ է: Ձեռնամուխ եղա փորձերին, Հախինյանը վատառողջ էր, իսկ պրեմիերայի օրը, ցավոք, նա արդեն մեզ հետ չէր: Սաքոյի դերապարով առաջին անգամ հանդես եկավ Հրաչ Բադալյանը, հետո Կարեն Մակինյանը: Մինչ օրս այս ներկայացմամբ մի ութ անգամ ենք հանդես եկել: Վերջին չորսի ժամանակ Սաքոյի կերպարը մարմնավորեց Արսեն Մեհրաբյանը»:
«Լոռեցի Սաքոյում», բացի մեհրաբյանական դասական ակադեմիական հենքով համերգային պարարվեստի ուրույն ձեռագրից, հրաշալի է զգեստների նկարիչ, «Բարեկամության» մշտական գործընկեր Ռուբինէ Հովհաննիսյանի գտած լուծումները: Ոչ միայն դերապարերով, այլեւ խաղով հիացրին Մարիամ Խաչատրյանը (Տատ), Տաթեւիկ Բոլշիկյանը (Հարս), Արտյոմ Ղարիբյանը (Սատանա): Նույնը միանշանակ վերաբերում է անսամբլի յուրաքանչյուր արտիստի: Սաքոյի դերապարով հանդես եկած Շվեդիայի արքայական թատրոնի առաջատար բալետի արտիստ Արսեն Մեհրաբյանի արվեստի մասին, ինչպես միշտ, ասել, թե հիանալի էր կամ նույնիսկ կատարյալ, կնշանակի ոչինչ չասել:
Եթե «Լոռեցի Սաքոն» բացառապես Նորայր Մեհրաբյանի բեմադրական լուծումն է, ապա «Մարոն», մեզանում հազվադեպ հանդիպող ռեժիսոր-խորեոգրաֆ համատեղ աշխատանքի արդյունք է, որն ուղիղ կապ ունի հենց «Մարոյի» պարային բեմականացման հետ, որն իրականացրել էին ռեժիսոր Արամ Սուքիասյանն ու Նորայր Մեհրաբյանը: Իննամյա Մարոյի արտիստական կատարողական առումով շատ բարդ դերապարով հանդես եկավ մեծ բեմում իր առաջին քայլերը անող Արինա Մանուկյանը: Մյուս կերպարներում էին Արսեն Աբգարյանը (Հայր), Անժելիկա Դավթյանը (Մայր), Արամ Զախարյանը (Կարո), Զոհրաբ Բակալյանը (Վարժապետ), Ալիկ Հովսեփյանը (Տեր-Տեր), Աննա Սարգսյանը (Ջադու), Գոռ Նիկոլյանն ու Սերգեյ Ավետիսյանը (Կարոյի ընկերներ): Այստեղ էլ պարզապես ընդգծվեց անսամբլի պրոֆեսիոնալիզմը, ինչը նկատելի է ոչ մասնագետների կողմից նույնպես:
Ի դեպ, երկու բեմադրությունում էլ օգտագործված են էկրանը եւ թումանյանական տեքստերը՝ անվանի դերասանների (Սուրեն Քոչարյան, Սոս Սարգսյան եւ այլն) ընթերցմամբ: Անդրադառնանք ռեժիսոր-խորեոգրաֆ համագործակցությանը: Այս դեպքում այն լավագույն օրինակ է. Մեհրաբյանն ու Սուքիասյանը բազմաթիվ անգամ են համատեղ աշխատել տարբեր միջոցառումների շրջանակներում: «Մարոյում» ռեժիսորական լուծումը կամ բանաստեղծական թեմայի դրամատուրգիական մեկնությունը, որը շատ բարդ խնդիր է պարուսույցի համար, ինչպես է իր բեմական լուծումը գտնում ոչ խոսքային՝ պարային արտահայտման մեջ:
Պարային ամբողջական ներկայացումների բեմադրության հազվադեպ հանդիպող համագործակցության օրինակ է նաեւ ՀՀ ՊՆ «Սարդարապատ» բանակային պարի անսամբլի հետ ռեժիսոր Լեւոն Իվանյանի համագործակցությունը, որ պարուսույց Մուրադ Հակոբյանի հետ բեմադրել են «Արցախյան հրոսամարտ», «Գոյամարտ» պարային ներկայացումները:
Անհրաժեշտ ենք համարում երկու խոսք հղել ուղղված Երեւանի նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանին: Ձեզ շատ ավելի հաճելի է հանդիպել որպես ռեժիսորի, քան նախկինում ամենատարբեր միջոցառումների ժամանակ` որպես պաշտոնյայի, թեեւ այն զուգահեռում էիք ստեղծագործական, նույնիսկ մասշտաբային աշխատանքների հետ: Համենայնդեպս, արվեստագետների ու արվեստասերների մոտ այսօր էլ հիշվում է 2001թ. ձեր ռեժիսուրայով իրականացված «Գրիգոր Լուսավորիչ» ռոք օպերան: Ի վերջո, քաղաքականությունը անցողիկ է, արվեստը` մնայուն:
Մի կարեւորագույն հանգամանք եւս՝ «Մարոն» պոեմի թեման մեր ժամանակակից աշխարհում ու ներկայիս օրերի չափազանց միջազգայնացած ապրելակերպի համար դժվար բացատերլի ու ընկալելի է՝ խոսքը իննամյա մանկանը «պսակելու» մասին է: Առանց այդ էլ թումանյանական հանճարը ամենանուրբ ձեւով է կարողացել մատուցել մեր հին կյանքի ամենադատապարտելի թեման եւ նույնիսկ պարին զուգընթաց կարծես թե ակամա զուգահեռ հիշում ես Թումանյանի հանճարեղ տողերը. «Ժիր էր Մարոն, դուրեկան, Նոր էր ինը տարեկան…» կամ` «Չոբան Կարոն սարերի, Մի հովիվ էր վիթխարի, Բոյ-բուսաթին նայելիս, Մարդու զարզանդ էր գալիս» կամ` «Պսակեցին Մարոյին, Տվին չոբան Կարոյին» եւ այլ ակամայից հիշվող հանճարեղ գրված տողեր: Բավականին բարդ աշխատանք է թումանյանական սահուն տողերին բեմական կյանք տալը, դա առաջին հայացքից է թվում, թե Թումանյան կարդալը հեշտ բան է, բայց ի պատիվ Մեհրաբյան-Սուքիասյան համագործակցության՝ խնդիրը փայլուն է իրականացված: Թերեւս «Լոռեցի Սաքոյից»-«Մարոն» անցումը ապահովող էկրանը արժեր, որ շատ ավելի պատշաճ ներկայացվեր: Այս դեպքում բարձրակարգ պարային եւ զգեստների դիզայներական լուծումների համեմատ: ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/07/01/1053097/
© 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Հետևեք մեզ նաև Telegram-ում