Ինկերի խոտե կամուրջը, որ ամեն տարի նորից են հյուսում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 01 ՀՈՒԼԻՍԻ, Irates.am: Ամեն տարի Պերուում հունիսին ինկերի վերջին պարանե կամուրջը քանդվում է ու նորից իրար կապում Ապուրիմակ գետի ափերը Կուսկոյի շրջանում: Կեսվաչակա կամուրջը ձեռքով հյուսվել է 600 տարի առաջ և եղել է տրանսպորտային հանգույցի մաս, որ իրար էր կապում ինկերի կայսրության կարևոր քաղաքները: 2013-ին կամուրջը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում: Կամուրջը նորացնելու ավանդույթը սերնդից սերունդ է փոխանցվում: Աշխատանքին մասնակցում են կոմունայի բոլոր մեծահասակները: Ավանդույթի համաձայն՝ կամուրջի կառուցմանը բացառապես տղամարդիկ են մասնակցում, կանայք միայն կիրճի վերևում պարաններ են հյուսում: Առաջին օրը հավաքվում են հին կամուրջի մոտ ու սկսում են փոքր պարաններիցց հյուսել մեկ մեծը:
Կամուրջի հիմքում 6 եռшշերտ պարաններ են՝ 30 սանտիմետր լայնությամբ, յուրաքանչյուրը 120 բարակ պարաններից: Ամեն ընտանիք պետք է հյուսի որոշակի երկարության երկշերտ պարան՝ ցրտադիմացկուն կոյա իչի խոտերից: Ճկունության համար խոտերը նախ քարով ծեծում են, հետո թրջում: Երբ բոլորն աշխատում են, մի քանիսը գյուղից բերված փայտի վառարանների վրա ուտելիք են պատրաստում: Հավ, ծովախոզուկ, Ապուրիմակի իշխան՝ ամենատարածված կերակրատեսակներն են, որ մատուցվում են տարբեր գույների ու ձևերի տեղական կարտոֆիլի հետ: Հին կամուրջը կտրվում ու ջուրն է նետվում: Խոտից լինելով՝ արագ քայքայվում է սառը ջրում: 6 հաստ պարաններից 4-ը կամուրջի հիմքում են դրվում, 2-ը դառնում են կողաճաղեր: Բոլոր 6 պարաններն ամուր հանգուցվում են կիրճի 2 կողմերի քարե հիմքերին: Օրվա մեծ մասը անցնում է խոտապարաններն անհրաժեշտ մակարդակով ձգելու վրա: Երրորդ օրը բարձրությունից չվախեցողներն անցնում են կամուրջով և կապում են կողաճաղերի պարանները: Ստացվում է կամուրջից ընկնելը կանխող պարիսպ: Ամբողջ կամուրջաշինության մեջ որևէ այլ նյութ կամ տեխնիկա չի օգտագործվում՝ միայն կոյա իչին և տղամարդկանց ուժը: Կեսվաչակա կամուրջն ամեն տարի կառուցում են 3 օրում և չորրորդ օրն ավարտում են երաժշտական ու գաստրոնոմիական փառատոնով, որ միշտ համընկնում է հունիսի երկրորդ կիրակիին:
BBC
Հ.Գ. Կեսվաչական աշխարհի թերևս միակ կամուրջն է, որ ամեն տարի փոխվում է, բայց կա 600 տարի: Ինկերի, ացտեկների, մայաների մշակույթում խոտերն ու թելերը առանձնահատուկ դեր են ունեցել, նույնիսկ գրերին են փոխարինել՝ ամեն գույն ու հանգույցի ձև իր նշանակությունն է ունեցել և նշանագրերով միմյանց հետ հաղորդակցվել են՝ անհասկանալի մնալով օտարազգիների համար: Խոտակամուրջը 21-րդ դարում գուցե արտառոց է հնչում, բայց կիսաանհետացած ժողովրդի պատմություն է ու մշակույթի մաս և արժանի է հարգանքի ու պահպանության:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում