«Ողորմություն եմ կամենում և ոչ` զոհ»
Նմանատիպ
«Եթե իմանայիք, թե ինչ է` ողորմություն եմ կամենում և ոչ` զոհ, ապա դուք անպարտներին չէիք դատապարտի» (Մատթ. ԺԲ 7):
Այս խոսքերը մեր Տեր Հիսուս Քրիստոս ուղղեց իրեն ամբաստանել ցանկացող փարիսեցիներին: Հիսուս շաբաթ օրով, երբ անցնում էր արտերի միջով, աշակերտներն սկսում են հասկ պոկել և ուտել: Քանի որ հրեական օրենքով արգելվում է շաբաթ օրը որևէ աշխատանք կատարել, փարիսեցիները անմիջապես արձագանքում են և, որ գլխավորն է, ուղղակիորեն մեղադրում Քրիստոսին օրինազանցության և դրա տարածման մեջ, որովհետև շաբաթ օրն աշխատելը օրինավոր չէր: Եվ քանի որ վերջիններս օրենքի տառն են վկայակոչում, Քրիստոս Իրեն հատուկ խոնարհությամբ պատասխանում է.
«Դուք չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ քաղց զգաց նա և նրանք, որ նրա հետ էին… Կամ թե Օրենքում չե՞ք կարդացել, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները պղծում են շաբաթը և անմեղ են…» (Մատթ. ԺԲ 3-5): Ոչ պատահականորեն, նախ Քրիստոս վկայակոչում է Դավթին` այն միակին, ով իր ժամանակի մեջ ընթանում էր Աստծո իշխանությամբ, ով փրկարար թագավորի հազվագյուտ օրինակ էր` Աստծուց խոստացված և ապա` հաղթական, բայց հանդարտ վեհությամբ հռչակում է. «Բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից մեծ մեկը կա… և ուրեմն մարդու Որդին տերն է շաբաթ օրվա» (Մատթ. ԺԲ 6, 8):
Մատթեոս ավետարանիչը հստակ ու հանգամանալից փոխանցում է օրվա և ժամանակի պատկերը: Հրեական օրենքը երբևէ չէր արգելում, որ աղքատները դաշտի կամ այգու միջով անցնելիս բերքից ուտեին, բայց ոչ երբեք շաբաթ օրով: Եվ սա այն պատճառով, որ շաբաթը պահելը հրեաների մեջ ընդունված «անուրանալի» պահանջներից մեկն էր: Եվ քանի որ Տաճարը հրեական միջավայրում հավատի մեծագույն խորհրդանիշ է համարվում, Քրիստոս հայտարարում և հռչակում է. «Բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից մեծ մեկը կա»: Եվ եթե օրենքը լուծվում է զոհի ու պատարագի համար, ինչո՞ւ չպիտի լուծվի սիրո, գթության և բարի գործերի համար:
Քրիստոս ամեն առիթ օգտագործում է` փոխանցելու քրիստոնեական օրենքի ոգին, առաքելությունն ու առավելությունները` տարբերակելով առաջնայինն ու երկրորդականը. ներում է առաքյալներին, որովհետև գութն ու սերն առավել նախընտրելի են Աստծո առաջ, քան «օրինական զգուշավորությունը», մանավանդ` անձնական հանձնառությամբ, որովհետև ծառայությունը ոչ թե գրվածքի հնությամբ է, այլ, ինչպես առաքյալն է նկատում, հոգենորոգությամբ, ըստ կարողության չափի, առանց հապաղելու, արժանավորապես և ծածուկ, որովհետև օրենքի և մարգարեների կատարումը (լրումը) սերն է, որ է Քրիստոս, և ոչ երբեք մարգարեներին ձևականորեն հետևումը: Չէ՞ որ Աստված սիրում է զվարթառատ տուրքը, և գթությունը գործողի կարողությամբ է չափվում` զվարթագին, վայելչաբար, անտրտունջ և արդար վաստակից:
Ի՞նչ օգուտ է մարդուն ճշմարտությամբ իմանալ աստվածային վարդապետությունն ու չարաչար գործել` հուսահատի համակերպությամբ, սպառիչ ու մշտնջենավոր տևականությամբ:
Բայց մարդն իր կոչմանն ու առաքելությանը չէր ծառայում, որովհետև գերի էր մեղքին, ձգտում էր, բայց չէր հաջողվում, իսկ բազմապարգևն Աստված ոչ միայն արդար, այլ նաև ողորմած է և ում սիրում, խրատում է:
Քրիստոսով Հին Ուխտը իր լրումին է հասնում, ամբողջանում և շարունակվում. ծառայության օրենքը համալրվում է ազատության, որդեգրության օրենքով, մարդն ազատագրվում է մեղքից, և օրենքն ամբողջանում է շնորհով և ողորմությամբ, որովհետև ատելությամբ ու վրեժխնդրությամբ հնարավոր չէ քայլել դեպի բարի գործերի արդար և արժանի հատուցում:
Դեռևս Ք.Ա. 740 թ. Աստծո «անհաշտ առաջամարտիկ» Եսային գրում է. «Իմ ինչի՞ն են պետք Ձեր բազմապատիկ զոհերը… լվացվեք, մաքրվեք… չէ՞ որ ես կարող եմ ձյունաճերմակ դարձնել ձեր արյան պես կարմիր մեղքերը» (Եսայի Ա 11-18): Քրիստոս` ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը, «օրհնյալ գթությամբ» նո՛ր հորդոր, նո՛ր պատգամ է տալիս. «Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմիններին» (Հռոմ. Զ 12), որովհետև «Ով որ ձեզ է լսում, ինձ է լսում…» (Ղուկ. Ժ 16):
Երկնի և Երկրի Տերը` ինքն Աստված, մարդկության պատմության սկզբից ի վեր առաջին անգամը լինելով հայտարարում և հռչակում է, որ այլևս դուք անպարտելի եք, սիրելի՛ հավատացյալներ, քանզի մարդու ներքին ձայնը, ներքին մարդն ինքն իր մեջ չի սկզբնավորել մեղքի գաղափարը, այլ հակառակ է մեղքին, հետևապես աշխարհն ու աշխարհայինը չեն կարող գերագահ լինել: Ա՛յս է պատճառը, որ Քրիստոս իր «անսովոր» գեղեցկությամբ փարատելով ու ցրելով այլևս սին ու լռին հայացքները` պատգամում է.
«Եթե իմանայիք… ապա դուք անպարտներին չէիք դատապարտի», քանզի մարդու կատարելությունն Աստծուն սիրելու մեջ է, Աստծուն, որով և իր նմանին, ոչ թե բազմապատիկ զոհերով, այլ բարեկարգ կենցաղավարությամբ:
«Տեր, քո ողորմությամբ աշխարհ իջար և մեր մեռած բնությունը կյանքի փոխարկեցիր»,- գրում է շարականագիրը:
Սիրելինե՛ր, արդ, Քրիստոս, նախքան Իր երկրորդ անգամ գալը, այսօրվա` Հոգեգալստյան 3-րդ կիրակիի Պատարագից մե՛կ պատգամ, մե՛կ հորդոր ունի մեզ` ողորմություն եմ կամենում` ոչ թե հարկադրաբար, այլ ընտրությամբ, հեզությամբ, քաղցրությամբ և հավատքով: Քրիստոսի երկրային տնօրինականքի ամեն մի դրվագ, մինչև խաչափայտի վրա արյան վերջին կաթիլը, ողորմություն է և ողորմության կատարյալ օրինակ` հանդեպ համայն մարդկությանը, այլև նոր ուխտ, հարաբերության նո՛ր եղանակ, որն ուղեկցում է մեզ ամենքիս դեպի ճշմարիտ ինքնա և աստվածաճանաչություն: Հետևապես, ողորմությունը նախևառաջ Աստծո հետ հաշտ ու համերաշխ լինելու մեջ է` Աստծո հանդեպ մարդու ունեցած պարտքի հատուցման, իր նմանին բնականորեն գթալու մեջ, քանզի ամենամեծ ներշնչանքի աղբյուրը մաքրամաքուր, պարզ ու լուսավոր երկինքն է, որքան հեռու, այնքան մոտիկ ու խորհրդավոր: Իսկ այդ երկնքից այսօր և ամեն օր մեզ է գալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը. «Ողորմություն եմ կամենում և ոչ` զոհ»:
«Արարածների մեծությունից և գեղեցկությունից նույն համեմատությամբ էլ երևում է դրանք արարչագործողը»: Մի՞թե որողորմություն չէ և ողորմության կատարյալ օրինակ` Աստծո հայտնությունը մարդկության մեջ, Աստծո սերը մարդու հանդեպ, մարդու հաղորդակցությունը աստվածայինին Ս. Հաղորդությամբ և ճշմարիտ հավատքի խաղաղ լուսաբանումը Եկեղեցու միջոցով: Չէ՞ որ վերջնանպատակը գործի պատճառների մեջ առաջինն է:
Սիրելի՛ հավատացյալներ, թող երկայնամիտ, միակ և անմահ թագավոր Հիսուս Քրիստոս, որ Իր սրբազնասուրբ արյամբ հավիտյանս որդեգրել է մեզ ամենքիս, անխափան և անխախտ պահի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` հայոց ամրակառույց և անբեկանելի տապանը, որը դարեր շարունակ «իբրև ընդ հայելի օրինակաւ» և այսօր էլ, իբրև միակ և հաստատուն վեմը իր հավատացյալների համար, «ամենախնամ գլխի» ներքո «հրաշադեպ և հայրենաշունչ» աղոթքով և «ինքնաճանաչության համոզումով» իր հավատացյալներին է բաշխում «և՛ հավատքի հոժարությունը, և՛ սուրբ սիրո հավասարությունը` բոլոր հոժարներին մեկտեղելով Քրիստոսի մեջ», Որին փառք ըստ ամենայնի և հավիտյանս. ամեն:
Տ. Իսահակ աբեղա Պողոսյան
(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր Տաճարում մատուցված ս. Պատարագին, 17-ը հունիսի 2007 թ.)
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում