Ստեփան Զորյան․ Պապն ու թոռը
Նմանատիպ
Եփրեմ պապը շա՜տ ծեր էր։
Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները. այնպես որ, երբ նա թանով ապուր էր ուտում կամ շորվա, կերակուրը միշտ կաթկթում էր նրա սպիտակ, մի քիչ էլ կանաչած միրուքի վրա։
Բացի դրանից, Եփրեմ պապը չէր կարողանում երկար ման գալ, հեռու տեղ չէր գնում և միայն արև օրերին, երբ սիրտն ուզում էր զբոսնել տան առաջի պարտիզում, կանչում էր թոռանը – Աստղիկին և նրա առաջնորդությամբ, ձեռնափայտը ձեռին, կամաց-կամաց ման էր գալիս ծառերի տակ։ Հետո Եփրեմ պապի ատամներից շատերը թափվել էին, դրա համար էլ ոչ միս էր կարողանում ուտել, ոչ չոր հաց։
Շա՜տ ծեր էր Եփրեմ պապը։ Տանը նրան այնքան էլ չէին սիրում և ամեն բան չէին տալիս ուտելու։ Բայց նա սիրում էր ամենքին, և ամենից շատ փոքրիկ Աստղիկին. պատմում էր նրան հեքիաթներ, առակներ, պատմում էր ուրիշ տղաների, աղջիկների մասին և այն մասին, թե ինչո՛ւ են ընկնում աստղերը երկնքից։ Երբեմն կոպեկներ էր նվիրում նրան, որ կոնֆետ առնի… Եվ դրա համար Աստղիկը պապին շատ էր սիրում. ամեն անգամ բռնում էր պապի ձեռից և առաջն ընկածման ածում ծառերի արանքում ու բացատրում, թե որ ծառը ո՛րքան է բռնել և թե ինչպես է ծաղկել մասրի թուփը… Բայց Աստղիկը շատ էր ափսոսում, որ պապը չի տեսնում այդ բոլորը, և որովհետև պապը չէր տեսնում, Աստղիկը խղճում էր նրան և ավելի սիրում։
Մի բան սակայն դուր չէր գալիս Աստղիկին, այն, որ պապը հիվանդանում էր շուտ-շուտ։
Այժմ էլ՝ երեք շաբաթ էր ահա պապը հիվանդ էր։ Երբ նա հազում էր, Աստղիկին թվում էր, թե չոր տերևներ են խշխշում նրա կրծքի տակ, իսկ քնած տեղը այնպես էր խռխռացնում, մեկը կարծես խեղդում էր նրան… Քանի օր էր պապն ուզում էր դուրս գալ արևի տակ զբոսնելու, բայց տատը չէր թողնում. ասում էր՝ կմրսի… Եվ Աստղիկը զարմանում էր տատի վրա, թե ինչո՛ւ է նա այդպես անխիղճ մերժում պապին։ Ինչ կա որ,- մտածում էր նա, – թո՛ղ պապը դուրս գա, էլի տուն կգա… Բայց տատը և մայրիկը չէին թողնում։Եվ քանի նրանք չէին թողնում, պապն ավելի էր ցանկանում դուրս գալ…
Եվ ահա մի օր պապն անսպասելի վեր կացավ անկողնից։ Աստղիկն այդ օրը շատ լավ է հիշում։ – Կիրակի էր. տատն ու մայրիկը գնացել էին ժամ, իսկ հայրիկը քաղաքումն էր։ Երբ ինքը՝ Աստղիկը, փողոցից եկավ տուն, տեսավ պապը նստել է անկողնում և ձեռքերով բան է փնտրում կողքին։
– Ի՞նչ ես ուզում, պապի, – հարցրեց Աստղիկը։
– Շորերս, – ասաց պապը դողալով։
Աստղիկը տվեց նրան կապան, չուխան, ոտնամանները և գդակը։ Պապը դողդողալով հագնվեց և փայտը ձեռին դուրս եկավ պատշգամ ու նստեց այնտեղ թախտի վրա, արևի դիմաց։
Այդ օրը պապի դեմքը շատ տարօրինակ էր։ Աստղիկը նայում էր նրան և զարմանում, թե ինչու այդպես մտամոլոր է պապը և ինչի է ականջ դնում նա։
Պապն իսկապես ինչ-որ բանի ականջ էր դնում. գլուխը բարձր բռնած, աչքերը խուփ, նա կարծես կամենում էր լսել, թե ի՛նչ է կատարվում գյուղում և գյուղից դուրս… Քանի ժամանակ էր դուրս չէր եկել տնից և դրա համար, խորը շունչ քաշելով, ուզում էր լսել կարծես դրսի կյանքը… Մի քանի տարվա կուրությունը սրել էր նրա լսողությունը, ուստի և նա պարզ լսում էր մեղուների երգը օդի մեջ, բարդիների տերևների ուրախ ճքճքոցը և երեխաների զվարթ աղմուկը մի հեռավոր տան բակից։ Նրա ականջին էր հասնում և եկեղեցու տոնական զանգահարությունը, որը կարծես թրթռում, խաղում էր օդի մեջ և, շունչը կտրած, ընկնում գետին։
Զանգերի ղողանջը Եփրեմ պապի հոգում զարթեցնում էր անցած գնացած հուշեր, և նա իրեն տեսնում էր երեխա, որ Զատկին հոր հետ գնում էր եկեղեցի, ու զանգերը ղողանջում էին այդպես հանգիստ ու միալար… Հետո նա իրեն տեսնում էր ջահել ու առողջ, որ նույնպես ջահել մի աղջկա հետ, թև-թևի տված պսակի է գնում, ու զանգերն էլ ղողանջում էին այդպես թրթռալով… Վերջապես, նա տեսնում էր իրեն հասակն առած տղամարդ, որ գերանդին ձեռքին խոտ էր հնձում դաշտի մեջ… Զնգում էր գերանդին, լորերը թռչում էին խոտի միջից։ Խոտը լաս-լաս դարսվում էր շարքով և այսօրվա պես։ դարձյալ ղողանջում էին ժամի զանգերը…
Այս բոլորը հիշելով՝ Եփրեմ պապը հանկարծ զգաց հնձած խոտի հոտ և, բերանը բանալով, խորը շունչ քաշեց։
Աստղիկը, որ ամբողջ ժամանակ նայում էր հիվանդ պապին, հանկարծ զարմացավ, տեսնելով պապի դեմքը պայծառացած։
Պապը նորից խորը, երկար շունչ քաշեց։
– Աստղիկ։
– Ի՞նչ է, պապի։
– Ինձ տար բաղը։
– Բա որ մրսե՞ս, պապի, – ասաց Աստղիկը, տարակուսանքով նայելով պապի կույր աչքերին։
– Չեմ մրսի, աղջիկս, գնա՛նք…
Եվ պապ ու թոռ ձեռք-ձեռքի տված մտան պարտեզ։ Ծերունին, ձեոր թոռանը տված, քայլում էր նրա ետևից և հարցնում, թե ի՞նչպես են ծառերը, բոլորն էլ ծաղկե՞լ են արդյոք, ծաղիկները թափվե՞լ են, թե ոչ։
– Թափվել են, պապի, թափվել են, – պատասխանեց Աստղիկը։
– Պտուղներ երևո՞ւմ են ծառերի վրա։
– Այո, պապի, շա՜տ…
– էդ լավ է, – ասաց պապը, – էդ լավ է։
Խոսելով հասան փոքրիկ պարտեզի ծայրը, որտեղից մի փոքրիկ դռնակ էր բացվում փողոցի վրա։ Պապն այդտեղ կանգ առավ և նորից շունչ քաշեց։
– Գնանք տուն, պապի, – ասաց Աստղիկը, – կմրսես, տատը կբարկանա…
– Չէ, բալիկս, չեմ մրսի, – հանգստացրեց պապը և շարունակեց շունչ քաշել։
Մի փոքր այսպես կանգնելուց հետո պապը հարցրեց.
– Հանդն էստեղից մոտիկ է, չէ՞, Աստղիկ։
– Հա, պապի, իհարկե, մոտիկ է։
– Դե որ մոտիկ է, աղջիկս, – ասաց պապը, – ինձ տար հանդը։ Դու էլ քեզ համար ծաղիկ կքաղես։
Աստղիկն ուրախացավ.
– Հա՛, պապի. էնքա՜ն ծաղիկ կա հանդում…
Մի քանի րոպե անց արդեն գյուղացիները զարմանքով տեսան իրանց բակերից, թե ինչպես հիվանդ Եփրեմ պապը թոռան ձեռից բռնած գնում էր դեպի դաշտը։ նրանք գնում էին դաշտ և մոռացել էին, որ տանը մարդ չկա և դռները բաց են հավերի ու շների առջև։
Փոքր հետո նրանք դուրս եկան դաշտը և երկար ժամանակ գնում էին խոտերի միջով։
Պապը քայլում էր կռացած և հևում ամեն մի քայլ անելիս, բայց կարծես չէր հոգնում. իսկ Աստղիկը պապի ձեռը բռնած առաջնորդում էր նրան և շարունակ խոսում, «պապի, դեսն արի», «պապի, առաջիդ քար կա», «պապի, լոք տուր..»։ Եվ ծեր պապը, թոռան ձայնին հնազանդ, կատարում էր նրա բոլոր պահանջները, լոք էր տալիս ջրի վրայից, թեքվում էր այն կողմը, ուր քաշում էր իրենփոքրիկ աղջիկը։
Բավական տեղ գնալով՝ պապը կանգնեց, շունչ քաշեց բարձրահև ու հարցրեց Աստղիկին, թե ի՞նչ տեղ են գտնվում իրենք։
– Լավ տեղ ենք, պապի, – պատասխանեց Աստղիկը։ – Էնքան ծաղիկ կա…
Պապը շունչ քաշեց դարձյալ և հարցրեց.
– Անտառը մոտիկ է, հա՞…
– Հա, պապի, հրես մոտիկ։ Դու տեսնո՞ւմ ես որ…
Պապը, առանց պատասխանելու, կույր աչքերը բարձրացրեց և ականջ դրեց։Այս անգամ նա ուզում էր լսել անտառի ձայնը։ Եվ ահա պարզ նրա ականջին էր հասնում հինավուրց անտառի խշշոցը, որ նման էր գետի տևական շառաչի։ Անտառը խշշում էր այնպես, կարծես բոլոր ծառերը միասին երգ էին ասում։ Ի՜նչ լավ է խշշում անտառը, – մտածեց պապը։ Այդ խշշոցը նույնն էր, ինչ որ շատ-շատ տարիներ առաջ։ Այդպես էր խշշում նա, երբ ինքը երիտասարդ էր. այդպես էր խշշում մերին, երբ նա հասակն առած տղամարդ էր… Այդ խշշոցը նույնն է, առաջվանը. նույնը կլինի և միշտ… Ու Եփրեմ պապը տխուր հառաչանքով նստեց կանաչների վրա հանգստանալու, իսկ Աստղիկն սկսեց ծաղիկներ քաղել և վազել թիթեռների հետևից։
Նստած տեղը, բոլոր ժամանակ, Եփրեմ պապը շարունակում էր ականջ դնել։
Այժմ անտառի խշշոցի հետ նրա ականջին էր հասնում առվի քչքչոցը… Նա ճանաչում էր այդ առուն, հնձի ժամանակ քանի՜ անգամ էր հաց կերել նրա մոտ… Առվի քչքչոցի հետ
Եփրեմ պապի ականջին էին հասնում և թռչունների երգը – այդ արտույտներն էին երգում – և խոտերի շրշյունը, և հովից օրորվող թփերի շշունջը, իսկ հեռվից գալիս էր դարձյալ եկեղեցու զանգերի ձայնը ու խառնվում անտառի խշշոցին։
Ի՜նչ լավ է խշշում անտառը…
Այսպես էր մտածում պապն իր սրտի խորքում, և նրա շրթունքները դողում էին հուզմունքից, ուզում էր աղոթել, բայց միտքն աղոթքի խոսքեր չէին գալիս… Մի փոքր էլ ականջ դնելով այդ ծանոթ, հարազատ ձայներին, պապը հանկարծ կռացավ և գլուխը խոնարհեց գետնին…
Երկար համբուրում էր նա կանաչով ծածկված հողը և անզուսպ արցունքներն առատորեն թափվում էին նրա աչքերից… Մի փոքր էլ, մի փոքր էլ, և նա ուժասպառ ընկավ կանաչների վրա…
Քիչ հետո, երբ Աստղիկը ծաղիկներ գրկած վերադարձավ պապի մոտ, զարմացավ, որ պապը պառկել է…
«Պապն ինչո՞ւ է քնել էսպես», – մտածեց նա և ձայն տվեց։
Բայց պապը նրան չպատասխանեց։
Այդ ժամանակ Աստղիկն ավելի մոտեցավ նրան և շարժեց ձեռը,
– Պապի, ա՛յ պապի, – կրկնում էր ձեռքը քսելով պապի երեսին, գլխին։ – Վեր կաց, գնա՛նք… Դե, պապի, վեր կա՛ց, տատը կբարկանա…
Պապը դարձյալ չէր զարթնում։ Իսկ Աստղիկը շարունակում էր շարժել նրա ձեռը, գլուխը, աղերսում էր, որ զարթնի։ Բայց պապը ժաժ չէր գալիս…
Այդ տեսնելով, վերջապես, Աստղիկը որոշեց և վազեց տուն հայտնելու, որ պապը քնել է դաշտում ու չի զարթնում… Բայց պապը չէր քնել…
Գնացին տեսան պապը մեռել էր դաշտում։
Երբ Աստղիկն այդ իմացավ, նա չէր կարողանում հավատալ, որ պապը մեռած լինի, նա չէր հավատում և նրան, թե պապին կտանեն իրենց տնից և նա էլ ետ չի գա…
«Հապա էլ ո՞վ կպառկի նրա անկողնում, – մտածում էր նա, – ո՞վ կհագնի նրա չուխան…»։
Եվ երբ մյուս օրը տերտերները պապին տարան ժամ, Աստղիկն սպասում էր, թե պապը կվերադառնա, բայց մութն էլ ընկավ, նա չեկավ… Իսկ երբ տան դռները փակեցին, որ քնեն, Աստղիկը սաստիկ տխրեց ու լաց եղավ վերմակի տակ։ Նա լաց էր լինում ու մտածում, թե ի՛նչու տան դռները փակեցին. չէ՞ որ պապը կարող է գալ, գուցե հենց հիմա էլ ելել ու կանգնել է դռան առաջ…
Լաց լինելով մտածում էր, թե ո՛վ պետք է այնտեղ ման ածի պապին, չէ՞ որ նա չի տեսնում, կարող է քարի դեմ առնել կամ ոտը ջուրը գցել…
– Ա՜խ, տեսնես կլինի մեկը, – մտածում էր Աստղիկր, – մի բարի տղա կամ մի բարի աղջիկ, որ խեղճ պապին ման ածի այնտեղ…
Հետևեք մեզ նաև Telegram-ում