«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ հայտարարությունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, Facebook: Սույն թվականի հունիսի 10-ին արդարադատության պաշտոնաթող նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության։ Այդ փաստը հաստատեց նաեւ նոր նախարարը։
Այս կապակցությամբ «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ն հարցում էր ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե
– եթե նախագիծը պատրաստ է, ապա ինչու այն չի հրապարակվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am),
– որ միջազգային կազմակերպությունները և/կամ որ միջազգային փորձագետներն են իրականացնելու համապատասխան փորձաքննությունը։
Հարցմանը ի պատասխան՝ նախարարությունը տեղեկացրել է, որ.
– Նախագծի մշակումը դեռևս ավարտին չի հասցվել և չի ներկայացվել շահագրգիռ մարմիններին: Միջազգային գործընկերների դիրքորոշումները ստանալուց և դրանք ամփոփելուց հետո նախագիծն օրենքով սահմանված կարգով կուղարկվի շահագրգիռ մարմիններին և կհրապարակվի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
– Նախագիծն ուղարկվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակ, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտ, Եվրոպայի խորհուրդ և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամ:
Այսինքն, ստացվում է, որ նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության՝ առանց նույնիսկ ներպետական մակարդակով այն շահագրգիռ մարմինների հետ քննարկելու։ Սա նվազագույնն առաջացնում է հետևյալ հարցերը.
– Արդյո՞ք միջազգային փորձաքննության արդյունքները լինելու են վերջնական, և ոչ մի ներպետական մարմին կամ կառույց չի կարողանալու ներկայացնել այդ փորձաքննության արդյունքներից տարբերվող դիտարկումներ։
– Ինչպե՞ս են ներպետական իրողությունները (որոնք արտահայտվում են շահագրգիռ մարմինների, ՀԿ-ների և մասնագիտական հանրույթի դիտարկումներում) հասանելի դառնալու միջազգային փորձագետներին, որպեսզի վերջիններս կարողանան առավել բազմակողմանիորեն անցկացնել փորձաքննությունը։
– Արդյո՞ք շահագրգիռ մարմինների կարծիքները ստանալուց հետո նախագիծն ուղարկվելու է կրկնակի միջազգային փորձաքննության։
– Ինչո՞ւ նախագիծը փորձաքննության նպատակով չի ուղարկվել նաև Վենետիկի հանձնաժողովին՝ չնայած այն փաստին, որ Վենետիկի հանձնաժողովը միակ միջազգային կառույցն է, որն իրականացրել է ՀՀ Սահմանադրության փորձաքննություն, իսկ քննարկվող նախագիծն առերևույթ հակասություններ ունի երեք սահմանադրական սկզբունքների հետ։
«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ն անընդունելի է համարում նման կարևոր նախագծի՝ նման ձևաչափով քննարկումները։ Անթույլատրելի է այն, որ նախագիծը հասանելի չէ ոչ միայն հանրության լայն շրջանակներին, այլև նույնիսկ շահագրգիռ պետական մարմիններին։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքներն ընդունվում են լայնածավալ հասարակական քննարկումների, թափանցիկության և հաշվետվողականության պայմաններում։ Սրանք են այն նվազագույն երաշխիքները, որոնք ապահովում են նախագծի նկատմամբ հանրային համաձայնությունը և վստահությունը, մինչդեռ մինչ այս պահը ՀՀ իշխանությունները որևէ կերպ չեն ապահովել նշված երաշխիքները։
Այդ պատճառով, նախագծի ընդունման համար վճռորոշ ենք համարում քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչների և մասնագիտական շրջանակների ակտիվ մասնակցությունը նախագծի քննարկմանը։ ՀՀ կառավարությունից պահանջում ենք ապահովել նախագծի քննարկման թափանցիկությունը և կոչ ենք անում մյուս հասարակական կազմակերպություններին՝ միանալ սույն հայտարարությանը։
Միևնույն ժամանակ, ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն հայտարարությունն ուղարկվելու է Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների մեր այլ գործընկերներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում