Կարևորն այն է, որ Սոռոսի առաքյալները ԵՊՀ-ում լիարժեք քողազերծված են
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, Facebook: 3 օր առաջ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստն էի նայում։ Պատկերացրեք, չափազանցեցրած չեմ լինի, եթե ասեմ, որ կար ու ձևի իսկական մաստեր կլաս էր։ Ռեկտորի, Խորհրդի նախագահի, իշխանական թիմի ներկայացուցիչների պահվածքը պարզապես ապշեցնող էր։ Մարդիկ սկի չէին էլ փորձել քիչ թե շատ տրամաբանական, «ուտվող» հիմնավորումներ մտածել ԵՊՀ-ն լիարժեք իրենց դուքյանը սարքելու մտադրություններին։ Խորհրդի անդամներից ոմանք ռեկտորի պաշտոնակատարին հարցնում են, թե արդյոք կասի՞ ում է պատրաստվում պրոռեկտոր նշանակի իր առաջարկած վերափոխումները կյանքի կոչելուց հետո, ցինիկ ծիծաղով պատասխանում է՝ ոչ։ Հարգանքի ոչ մի նշույլ այն մարդկանց հանդեպ, որոնք պարզապես ուզում էին հասկանալ, թե ինչի՞ն պետք է կողմ քվեարկեն։ Փաթեթով հարցեը բերել էին ու «հաղթողի իրավունքով» պահանջում տարբեր ստորաբաժանումներ լուծարել, իրար միացնել և այլն։
Ու կարողացան որոշ արդյունքների հասնել։ Ճիշտ է՝ ոչ բոլոր հարցերում։ Օրինակ, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցում քթներին կերան։ Շնորհակալություն Մայր Բուհի ուսանողներին, որոնք իսկական մարտ տվեցին գեղամգևորգյանների, գևորգմուրադյանների, հովհաննեսհովհաննիսյանների ու նմանատիպ այլ բաների դեմ։ Կռվեցին և հաղթեցին։ Բայց, ոնց հասկանում եմ, իշխանություններն ու Սոռոսի առաքյալները այդ վիրավորանքը չկարողացան կուլ տալ։ Նույն օրը ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը հրավիրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Գիտեք ի՞նչ գործով։ Չզարմանաք։ Գործը վերաբերում էր ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի մի որոշման, որի ընդունման ժամանակ Ափոյանը ծառայում էր ՀՀ Զինված ուժերում:
Հասկանում եք չէ՞ ինչ է կատարվում։ Փաստորեն մարդուն սկզբից կանչել են հարցաքննության, հետո նոր մտածել, թե ինչ «առիթ» կարող էր լինել նման բան անելու համար։ Դե քանի որ մտածելու հետ կապված ՀՀ նոր իշխանություններն իսկապես լուրջ խնդիրներ ունեն, ստացվեց այն, ինչ ստացվեց։ «Բայց ոչինչ, կարևորը մեսիջը տեղ ենք հասցրել, – երևի թե կարծում են Սոռոսի առաքյալները, – Հիմա արդեն Դավիթ Ափոյանը կիմանա, որ չի կարել ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդում իրենց ծրագրերին դեմ գնալ»։ Պարզապես մի շատ կարևոր հանգամանք նրանք հաշվի չեն առել։ Այն, որ Դավիթ Ափոյանը տղա է ու, ի տարբերություն իրենց, ինքնասիրություն ունի։ Եվ համոզմունք, որ չի կարելի Մայր Բուհը անսկզբունք իշխանամոլներին հանձնել։ Այս առումով Դավիթ Ափոյանը շատ ավելի կամային ու սկզբունքային է ոչ միայն նորելուկներից, այլև օրինակ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանից, ով պարզապես փախավ իր առաքելությունից։
Ինչևէ, այս խմորը դեռ շատ ջուր կտանի։ Գեղամգևորգյանները, գևորգմուրադյանները, հովհաննեսհովհաննիսյանները ու նմանատիպ այլ բաները շարունակելու են պայքարել իրենց տենչանքները կյանքի կոչելու համար։ Այս պահին թիրախում ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն է, որին չեզոքացնելուց հետո ԵՊՀ գործունեության կարևոր այդ ուղղությունը հանգիստ կմատուցեն Սոռոսի գրասենյակին։ Իմ տեղեկություններով, ԵՊՀ Խորհրդի վերջին նիստին հաջորդած այս երեք օրերի ընթացքում իշխանության ներկայացուցիչներն անընդհատ այդ հարցն են քննարկում։ Տեսնենք։ Երևի թե այդ ապօրինության ականատեսն էլ կլինենք։ Բայց դե ոչինչ։ Կարևորն այն է, որ Սոռոսի առաքյալները ԵՊՀ-ում լիարժեք քողազերծված են։ Իսկ իշխանությունն էլ այնպիսի բան է, որ այսօր ձեռքումդ է, վաղը… Դե դուք արդեն հասկացաք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում