Վախ և երկյուղ
Նմանատիպ
Չկա մարդ, ով վախ չունենա. բոլորն էլ ինչ-որ բանից վախենում են: Հաճախ վախի հետևանքով պատրանքն ու իրականությունը խառնվում են իրար, երբ մարդ չի կարողանում դրանք իրարից զատել:
Վախը մարդկային հոգու տկարության դրսևորումն է: Հոգու տկարություն ասելով հասկանում ենք մարդու խոցելիությունն ու թերահավատությունը: Թերահավատ մարդը չի կարող դիմակայել չարի փորձություններին:
Հոգեբաններն ասում են, որ վախը մարդու ինքնապաշտպանական բնազդն է: Իհարկե, սխալ ձևակերպում չէ. վախը նաև բնական դրսևորում է և դրա նպատակը ինքնապաշտպանությունն է:
Մարդկային վախերը տարբեր են այնպես, ինչպես մարդիկ են տարբեր:
Գոյություն ունի բնական ու անբնական վախ: Պարզ ու հստակ է, որ բնական վախը կապված է կոնկրետ երևույթների ու իրականության հետ. բարձրությունից, ջրից և զանազան այլ երևույթներից վախը դրա հստակ օրինակն է: Անբնական վախը ավելի միստիկ երևույթ է մարդկային կյանքում. մահվանից, մարդկային շփումներից, ուրվականներից, չար հոգիներից, ի վերջո, Աստծուց վախը նույնպես «օրինաչափ» երևույթ է շատ մարդկանց կյանքում:
Կրոնն ու հավատքն այն եզակի ճանապարհներն են, որով կարելի է ազատվել վախից:
Եթե բնական վախի դեմ կարելի է պայքարել հոգեբանական վարժանքների միջոցով, ապա անբնական վախի դեմ պայքարելիս մարդուն կարող են օգնել միայն կրոնական գիտելիքներն ու հավատքը: Այս իմաստով, հետաքրքիր է դիտարկել քրիստոնեության ու հեթանոսության տարբերությունը: Հեթանոսության մեջ վախն էր ստիպում մարդկանց պաշտել բնական երևույթներին, աստվածացնել դրանք, արդյունքում՝ դառնալ սնոտիապաշտ: Իսկ քրիստոնեությունն ազատում է մարդկանց վախի զգացումից:
Հնարավոր է, որ քրիստոնյաներն էլ վախենան, օրինակ՝ վախենալով դժոխքից՝ մկրտվեն, ապաշխարեն, խուսափեն մեղքերից և այլն: Սակայն նման դեպքում մարդիկ քրիստոնյա են դառնում առանց Քրիստոսի, քանի որ նման մարդկանց համար կարևորը Քրիստոս չէ, այլ՝ դժոխք չընկնելը, չպատժվելը: Մենք իրականում ընտրում ենք ոչ թե քրիստոնեական կրոնը, այլ՝ Քրիստոսին:
Ավետարանում Քրիստոս պատվիրում է՝ մի՛ վախեցեք, Ես եմ: Քրիստոս բացառում է վախի ամեն տեսակ դրսևորում, բայց Ավետարանը սահմանում է վախի տարբեր որակներ ու դրսևորումներ, հենց այստեղ է առաջ գալիս վախի և երկյուղի սահմանազատման անհրաժեշտությունը: Քրիստոս սովորեցնում է չվախենալ այն մարդկանցից, ովքեր մեր մարմինն են սպանում, այլ վախենալ նրանից, ով մեր հոգին դժոխքի կրակներում այրելու իշխանությունն ունի: Առաջին հայացքից հակասության ենք հանդիպում, բայց շարունակությունը կարդալիս հասկանում ենք, որ Ավետարանը հարուստ է վախի տարբեր դրսևորումների սահմանումներով: Բնական է, երբ մարդը վախենում է մեղք գործելուց, բայց վատ է, երբ մարդը վախենում է միայն պատժից: Բնական է, երբ մարդը վախենում է դիմացինին նեղացնել, քանի որ դիմացինի մեջ տեսնում է մարդու, բայց վատ է, երբ չի նեղացնում դիմացինին վախենալով, որ դիմացինն ավելի ուժեղ է և կպատժի իրեն:
Հաճախ Ահեղ Դատաստանը պատկերացնում ենք սարսափելի արհավիրքներով, դժոխքի կրակներով ու դաժան պատիժներով լի մի իրողություն: Վաղ քրիստոնյայի համար Դատաստանն ահեղ էր ոչ թե դժոխքի կրակների ու արհավիրքների պատճառով, այլ ահեղ էր իր պարզության մեջ: Որովհետև դատաստանի ժամանակ Աստված մեզ չի հարցնելու մեր գործած մեղքերի մասին, հարցը շատ ավելի պարզ է լինելու՝ սովածին կերակրե՞լ ես, ծարավին ջուր տվե՞լ ես…
Աստված մարդուն տվել է ամեն ինչ, մինչև իսկ Իր Միածին Որդուն: Բայց մարդը մերժեց Աստծուն՝ դավաճանությամբ ու շնությամբ, ստախոսությամբ ու պիղծ կյանքով: Ուստի մեր հոգևոր կյանքի համար կարևոր է մեղքի գիտակցումը և ապաշխարությունը, ինչը հնարավորություն է դրախտային երանության: Իսկ դժոխքն այն է, երբ մենք մեզ զրկում ենք սեփական մեղքերը շտկելու հնարավորությունից:
Չպատժվելու, դժոխք չգնալու վախը, մեզ ավելի հեռացնում է Աստծուց: Իսկ Ավետարանը մեզ ցույց է տալիս ոչ թե վախի, այլ երկյուղի ճանապարհը, երբ մեղք չենք գործում ոչ թե նրա համար, որ Աստված մեզ չպատժի, այլ որովհետև սիրում ենք Աստծուն:
Տեր Եսայի քհն. Արթենյան
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում