Ազգային գրադարանը պետական կարգավիճակ ստանալու 100-ամյակը տոնեց ցուցահանդեսների բացմամբ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանում հուլիսի 2-ին մեկնարկեց հաստատության պետական կարգավիճակ ստանալու հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքը: Գրադարանի թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում բացվեց «Նվեր գրադարանին» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում ներկայացված են հայ մեծանուն մտավորականների մակագրություններով գրքեր, գրադարանին հանձնված պատվոգրեր:
«Այստեղ մեր պահոցի փոքր հավաքածուն է միայն: Ցուցադրված են գրքեր, որոնք հասարակական, քաղաքական, մշակութային գործիչները նվիրել են գրադարանին: Ներկայացված են Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի, Սիլվա Կապուտիկյանի և այլ մեծերի մակագրություններով գրքեր. դրանք հետաքրքիր բովանդակություն ունեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի ազգային գրադարանի անձեռնմխելի գրականության բաժնի վարիչ Ալիսա Ադամյանը:
Նա հավելեց, որ գրադարանում պահվում է ավելի քան ութսուն պատվոգիր, սակայն իրենք ներկայացրել են միայն այն նմուշները, որոնք նվիրված են 1919 թվականի հուլիսի 4-ին, երբ գրադարանը պետական կարգավիճակ ստացավ:
Անդրադառնալով նույն օրն իրենց բաժնի ընթերցասրահում բացվող «Երևանի Արական գիմնազիայի գրադարանի գրականությունը» խորագրով ցուցադրությունը` բաժնի վարիչն ասաց, որ հենց այդ գիմնազիայի գրականության հիման վրա է ձևավորվել Հայաստանի ազգային գրադարանը:
«Արական գիմնազիայի կնիքներով ունենք 13000 միավոր գրականություն: Երբ գիմնազիան դադարել է գործել, ամբողջ գրականությունը տեղափոխվել է նախկինում Հանրային գրադարան ու հիմա այդ ամենն առանձին հավաքածուով պահպանվում է մեզ մոտ», – շեշտեց նա:
Ադամյանը խոստովանեց, որ ցուցադրություններով ցանկանում են գրողներին, հրատարակիչներին հիշեցնել, որ գրադարանն այն կարևոր վայրն է, որտեղ պահվում են նրանց գրքերն ու փոխանցվում սերունդներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում