«Победителей не судят»

«Победителей не судят»

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, Irates.am: Կյանքից հեռացավ ռեժիսոր, ժողովրդական արտիստ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր ՀՐԱՉՅԱ ԱՇՈՒՂՅԱՆԸ։ Նրա հետ աշխատել եմ հեռուստատեսության դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրությունում։ Նա հեռուստատեսություն եկավ 1976 թվականին։ Եղավ գրական-գեղարվեստական հաղորդումների խմբագրության գլխավոր ռեժիսորը, հետագայում տեղափոխվեց հեռուստաթատրոն որպես ռեժիսոր, դարձավ հեռուստաթատրոնի առաջատար ռեժիսորներից մեկը։ Մինչ այսօր հեռուստադիտողը հիշում է նրա բեմադրությունները` Ե. Օտյան «Թաղականին կնիկը», Գ. Սունդուկյան «Վոդևիլներ», Վ. Սարոյանի «Հայն ու հայը», Ա. Թրուայայի «Փորձակենդանիները»… Իմ ղեկավարած «Մանրապատումների թատրոն» բաժնում Աշուղյանը բեմադրեց Զ. Դարյանի «Օր առանց մայրամուտի», Ա. Չեխովի, Ի. Բունինի, Վ. Շուկշինի պատմվածքները։ Նրա բեմադրություններից շատերը պահպանվում են հեռուստատեսության ոսկե ֆոնդում, իսկ ռադիոյի ոսկե ֆոնդում պահվում է ռեժիսորի ավելի քան 30 ռադիոբեմադրություն։
Հրաչյա Աշուղյանը ծնվել է 1938 թվականին ճանաչված դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Գևորգ Աշուղյանի ընտանիքում։ Գևորգ Աշուղյանը թիֆլիսեցի էր, ավարտել էր Մոսկվայի Ռուբեն Սիմոնովի ղեկավարած դերասանական ստուդիան, Թբիլիսիի Ստ. Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի առաջատար դերասաններից էր։

1939 թվականին Համո Բեկնազարյանը Գևորգ Աշուղյանին հրավիրեց Երևան նկարահանվելու «Լեռնային հեղեղ» ֆիլմում։ Երիտասարդ դերասանին նկատեցին Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ռեժիսորները և հրավիրեցին Մայր թատրոն, որին նա հավատարիմ մնաց մինչև կյանքի վերջը։ Հրաչյայի մայրը` Գոհարը, ինժեներ էր, իսկ մորաքույրը հայտնի գրող Լյուսի Թարգյուլն էր։

– Ես մեծացել եմ գրական-թատերական միջավայրում,- հարցազրույցներից մեկում պատմում էր Հրաչյա Աշուղյանը։- Արդեն դպրոցում զգացի, որ թատրոնը ձգում է ինձ, երազում էի ռեժիսոր դառնալ։ Եվ քանի որ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում ռեժիսուրայի բաժին չկար, աշխատանքի ընդունվեցի «Հայֆիլմ» կինոստուդիայի հարդարման արտադրամասում։ 1958 թվականին միայն բացվեց ռեժիսուրայի բաժինը, և ես ընդունվեցի Վարդան Աճեմյանի ղեկավարած կուրսը։

Դիպլոմային աշխատանքս կատարեցի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, բեմադրեցի «Աֆրիկական սերը» ըստ Պրոսպեր Մերիմեի։ Ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ, և ես դարձա մայր թատրոնի ռեժիսոր։ Ստեղծագործեցի Վարդան Աճեմյանի կողքին, աշխատեցի հայ բեմի հսկաների հետ։ Աճեմյանի տարբեր տարիների նկարած յոթ մտերմական շարժերը և մի լուսանկար` «Սիրելի Հրաչիկին` աշակերտին և զինակից կոլեգային» մակագրությամբ, շատ թանկ հուշ են ինձ համար։

1966 թվականին Գ. Սունդուկյանի անվան թատրոնը մեկնեց Լիբանան հյուրախաղերի։

Երևանում մնացած երիտասարդ դերասաններին Հրաչյա Աշուղյանն առաջարկեց սկսել Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները» պիեսի աշխատանքներն իր բեմադրությամբ։

Եվ երբ թատրոնը վերադարձավ Լիբանանից, ներկայացումը պատրաստ էր։ Հրաչյան դիմեց թատրոնի տնօրեն Գուրգեն Ջանիբեկյանին, որը բարկացավ, որ առանց ղեկավարությանը տեղյակ պահելու բեմադրություն է արվել։ Բայց երբ ներկայացումը հանձնվեց գեղխորհրդին, բոլորը ջերմ խոսքեր ասացին, իսկ Ջանիբեկյանն ասաց. «Победителей не судят»։ Ներկայացումը մտավ խաղացանկ և շատ երկար բեմադրվեց։

Երկարակյաց էր և Վինա Դելմարի «Հիշիր վաղվա օրը» ներկայացումը, ուր զբաղված էին թատրոնի լավագույն ուժերը։ Իսկ գլխավոր դերերում փայլում էին անզուգական Արուս Ասրյանը և Գեղամ Հարությունյանը։

Գ. Սունդուկյանի անվան թատրոնում Հրաչյա Աշուղյանը համագործակցել է տաղանդավոր ռեժիսոր Միխայիլ Շատրինի և հանրաճանաչ Բորիս Զախավայի հետ։

Բեմադրություններ է արել նաև Կ. Ստանիսլավսկու անվան, Հ. Պարոնյանի անվան, Պատանի հանդիսատեսի, Երիտասարդական փորձարարական թատրոններում, Կանադայում, Լիբանանում, Սիրիայում։

Երբ առաջին անգամ նշվեց «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը, բեմադրիչը Հրաչյա Աշուղյանն էր։ Հետագայում նրան մշտապես վստահվել է թե ավանդական դարձած «Էրեբունի-Երևանի», թե զանգվածային այլ ներկայացումների բեմադրիչի դերը։ Եղել է Կանադայում անցկացվող հայկական արվեստի օրերի գեղարվեստական ղեկավարը։ 2008 թվականին Հալեպում 22 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող միջազգային ակցիայի շրջանակներում Հրաչյա Աշուղյանը պատմական բերդի տարածքում բեմադրեց «Էջեր հայոց պատմության» ներկայացումը։

1967 թվականից Հրաչյա Աշուղյանը զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։

Հրաչյա Աշուղյանը կյանքը սիրող մարդ էր, լավ ընկեր, հումորի նուրբ զգացողություն ուներ։ Նրա հյուրասեր տան դուռը միշտ բաց է եղել բարեկամների, հարևանների, ընկերների, աշակերտների համար։ Այստեղ հաճախ են եղել Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, ռուսական թատրոնի, կինոյի, հեռուստատեսության հայտնի գործիչներ։

Հրաչյա Աշուղյանը ստեղծել է գեղեցիկ և ամուր ընտանիք. նա անզուգական ամուսին էր, հոգատար հայր, սիրող պապիկ։

Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում