Համաշխարհային մեծ ճանաչում ունեցող Նիկիտա Մնդոյանցն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Հուլիսի 5-ին Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկի հետ՝ դիրիժոր Էռնեստ Հյոցըլի (Ավստրիա) ղեկավարությամբ, հանդես է գալու է դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը (Ռուսաստան)։ Սա նրա առաջին ելույթն է Հայաստանում։ Մնդոյանցը կկատարի Շումանի Լյա մինոր դաշնամուրի կոնցերտը, երկրորդ բաժնում կհնչի Բրամսի թիվ 2 սիմֆոնիան: Այս մասին հայտնում են նվագախմբի մամուլի ծառայությունից։
Նիկիտան ասել է, որ նա բազմիցս է այցելել Հայաստան, բայց համերգով առաջին անգամ է ելույթ ունենալու իր պատմական հայրենիքում: Նա շատ հուզված է և անհամբերությամբ սպասում է հայ հանդիսատեսի հետ հանդիպմաը:
Մնդոյանցը ծնվել է 1989թ. -ին Մոսկվայում՝ երաժիշտների ընտանիքում: Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի և կոմպոզիցիայի բաժինները: 2012թ.-ից Մնդոյանցը ՌԴ Կոմպոզիտորների միության անդամ է: 2013թ.-ից նա դասավանդում է Մոսկվայի կոնսերվատորիայի գործիքավորման ամբիոնում:
«Ժամանակակից տաղանդավոր երիտասարդության մեջ, որին ես շատ լավ եմ ճանաչում, Նիկիտա Մնդոյանցը թանկարժեք ադամանդ է, որը զարդարում է մեր կոմպոզիտորական և դաշնամուրային դպրոցը: Նրա այժմյան հաջողությունները թույլ են տալիս հուսալ, որ որոշ ժամանակ անց նա կդառնա ականավոր արվեստագետ, ով արժանի կերպով կներկայացնի մեր կոմպոզիտորական և կատարողական արվեստը ողջ աշխարհին»,- ասել է ռուս խորհրդային կոմպոզիտոր Տիխոն Խրեննիկովը:
Մեծ վարպետի խոսքերը մարգարեկան էին. Նիկիտա Մնդոյանցի կարիերայի թռիչքը սկսեց դեռ ինը տարեկանից, երբ նա իր առաջին մենահամերգով հանդես եկավ Հելսինկիի Սիբելիուսի անվ. Ակադեմիայում: Համերգի խտասկավառակը թողարկվեց ֆիննական ընկերության կողմից և սկսվեց «Ռուս հրաշամանուկի» հաղթարշավը ողջ աշխարհով մեկ: Նիկիտա Մնդոյանցը մի շարք հեղինակավոր մրցույթների հաղթող է՝ Քլիվլենդ (ԱՄՆ, 2016թ., 1-ին մրցանակ), Պադերևսկու անվ.մրցույթ (Լեհաստան, 2007թ., 1-ին մրցանակ), Վեն Կլայբերնի անվ. մրցույթ (ԱՄՆ, 2013թ., ֆինալիստ): Այս հաղթանակներն ու ճանաչումը նրա առջև բացեցին աշխարհի լավագույն համերգասրահների դռները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում