Սերժ Սարգսյանի խոսքն ուղղված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն վստահեց Տարոն Մարգարյանին և հիմա ես շնորհակալ եմ երևանցիներին, որ իրենք իրենց հերթին վստահեցին Տարոն Մարգարյանին ու նրա գլխավորած ցուցակին: Այս մասին այսօր` Երևանի վերընտրված քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ, ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դուք վստահեցիք Տարոն Մարգարյանին, որովհետև նախորդ երկու տարիների ընթացքում Տարոն Մարգարյանն իրեն դրսևորեց որպես համեստ, ազնիվ, մարդամոտ ու խնդիրներով մտահոգ քաղաքապետ»,- Aysor.am-ի փոխանցմամբ`ասաց Սերժ Սարգսյանն ու ընդգծեց, որ բոլոր ընտրություններից հետո գալիս է պատասխանատվության ու տքնաջան աշխատանքի ժամանակը:

«Հիմա ճիշտ պահն է, որ Տարոն Մարգարյանն ու իր թիմակիցներն ավելացնեն իրենց եռանդն ու զարգացնեն այն որակները, որոնք ես հիմա նշեցի»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նախագահն ընդգծեց, որ Երևանում չկան անլուծելի ու լուծելի խնդիրներ.

«Կան երկու տեսակի խնդիրներ’ դժվար լուծելի ու լուծելի’ երկար ու տքնաջան աշխատանքի միջոցով: Իսկ քաղաքացիներ վստահությամբ իրոք շատ խնդիրներ կարելի է լուծել»,- ասաց Սերժ Սարգսյանն ու հիշեց իննսունական թվականները.

«Հիշում եք, երբ այդ տարիներին վերացան խաղահրապարակներն ու բակային տարածքները: Մարդիկ դրանց փոխարեն կառուցում էին բանջարանոցներ ու ավտոտնակներ: Եվ ահա, երբ իննսունականներից հետո փորձ արվեց վերացնել այդ ավտոտնակները ու դրանց տեղում նորից խաղահրապարակներ դնել’ ժողովորդը մի պահ չհավատաց: Մարդիկ մտածում էին, որ կհանվի իրենց ավտոտնակն ու փոխարենը կկառուցեն ինչ-որ մեծահարուստի ավտոտնակ, բայց հաջողվեց մարդկանց մոտ այդ վախը վերացնել: Մարդկանց վստահությունը վերականգնվեց»,- ասաց ՀՀ Նախագահն ու ևս մեկ անգամ համոզմունք հայտնեց, որ Տարոն Մարգարյանին ու իր թիմին կհաջողվի գալիք տարիներին հուսախաբ չանել ժողովրդին.

«Կրկին շնորհավորում եմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում