Երևանում կանցկացվի «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ը
Նմանատիպ
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել էստամպային գրաֆիկայի ոլորտը և «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ին ընդառաջ իրականացվող ծրագրերով խրախուսում փորագրանկարչությամբ զբաղվող հայ արվեստագետներին և ուսանողներին:
«Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»- ի շրջանակում 2019-ի փետրվարի 22-ին, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ երևանյան “Crumbs” սրճարանում բացվեց «20/4» խմբակային ցուցահանդեսը: Ներկայացվեցին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներ Մերի Անդրեասյանի, Անի Ներսիսյանի, Հասմիկ Սնգրյանի և Էդգար Սողոմոնյանի աշխատանքները: Այս ցուցահանդեսով մեկնարկեց «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019» – ին ընդառաջ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության կողմից ներկայացվող ցուցադրությունների շարքը:
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներ Միլենա Ադամյանն ու Լիլիթ Մինասյանը փետրվարի 25-ից մարտի 24-ը մասնակցեցին ծրագրի 6-րդ ձմեռային ճամբարին: «Բաց արվեստանոց» ձևաչափով իրականացվող ամենշաբաթյա հաշվետու ցուցադրությունների ժամանակ հայ արվեստագետները ներկայացան փորագրանկարչական պատկերաշարերով:
Շարունակելով “Crumbs” սրճարանում կազմակերպվող ցուցահանդեսային շարքը՝ հունիսի 20-ին բացվեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներ Ասյա Մանուկյանի, Սիրանուշ Ստեփանյանի և Արև Ֆարմանյանի «20/3» ցուցահանդեսը:
«Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ին հայտագրված հայ նկարիչների մեջ արդեն մեծ թիվ են կազմում երիտասարդ արվեստագետներն ու ուսանողները:
Ամփոփելով՝ անթաքույց հպարտությամբ պետք է նշենք, որ երևանյան բիենալեն իրապես նշանակալի իրադարձություն է դառնում ո՛չ միայն հայ մշակութային իրականության մեջ, այլև հասցրել է իր որոշակի տեղը զբաղեցնել համանման միջազգային հեղինակավոր փառատոնների երկար ցանկում:
Դիտարկելով արդյունքները, համադրելով ձեռք բերված փորձն ու նոր գաղափարները՝ մենք ձգտում ենք հաջորդ բիենալեն դարձնել առավել դիտարժան և բովանդակալի:
Հիմնական՝ մրցութային ցուցադրությանը զուգահեռ, երկու ամիս տևողությամբ ծրագրով նախատեսվում են փորագրանկարչական արվեստի բազմազանությունը բացահայտող, տեսական և կիրառական գիտելիքներ ապահովող մի շարք միջոցառումներ: Սույն թվականի սեպտեմբերի 7-ից նոյեմբերի 7–ը կիրականացվեն դասախոսություններ, զեկուցումներ, շնորհանդեսներ, հայ և հյուր վարպետների մասնակցությամբ անհատական և խմբակային ցուցադրություններ, արտերկրից ժամանած արվեստագետների ղեկավարմամբ էստամպի ավանդական, ժամանակակից և հեղինակային զանազան տեխնիկաներին նվիրված վարպետության դասեր: Առանձին ցուցահանդեսներով կներկայանան նաև առաջին բիենալեի մրցանակակիրներ Թոմաշ Վինիարսկին /Լեհաստան/ և Մինյե Ժանգը /Չինաստան/:
Հիշեցնենք, որ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ 2017թ.-ին Երևանում մեկնարկեց «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ը (First International Print Biennale, Yerevan 2017):
Այն լայն արձագանք գտավ հայ արվեստասեր հանրության շրջանում: Հատկանշական էր ուշադրությունը ուսանողների և արվեստագետների կողմից, որոնք այցելում էին ցուցահանդեսներ, մասնակցում դասախոսություններին և վարպետության դասերին Հայաստանի տարբեր քաղաքներից: Այն միջազգային նոր հարթակ դարձավ փորագրանկարչությամբ զբաղվող արվեստագետների համար:
Նկատի առնելով առաջացած մեծ հետաքրքրությունը՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը, 2018-ին գեղարվեստական տպագրության ոլորտում իրականացրեց մի շարք տարաբնույթ նախագծեր:
Երևանյան Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեն իր տեսակով, բովանդակությամբ և հետապնդող խնդիրներով բացառիկ է ողջ տարածաշրջանում:
Բիենալեի հիմնական նպատակներն են՝ գեղարվեստական տպագրության ոլորտում ներկա զարգացումների, միտումների ուսումնասիրությունը, տեղական մշակութային դաշտում կերպարվեստի այս շառավղի նկատմամբ հետաքրքրության մեծացումը և այլն:
Միևնույն ժամանակ, փառատոնը փորագրանկարիչների համար միմյանց հետ հաղորդակցվելու, փորձի փոխանակման, ստեղծագործական նոր հղացումների, ինչպես նաև սեփական արվեստը միջազգային ասպարեզում ճանաչելի դարձնելու հնարավորություն է: Ահա թե ինչու, այն մեծ գրավչություն ունի:
«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի արդյունքներն ամփոփվել են զետեղուն պատկերագրքում, որն արտացոլում է փառատոնի ամբողջական պատկերը:
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում