Արամ Խաչատրյանի որդին դատարանի միջոցով «արգելել» է հոր երաժշտության ապօրինի օգտագործումը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին Մոսկվայում դատական հայց է ներկայացրել այն թատրոնների դեմ, որոնք հոր ստեղծագործություններից մեկը՝ «Սպարտակ» բալետը, առանց իր թույլտվության են ցուցադրել, հայտնում է mk.ru-ն:
Դատական վճռի համաձայն՝ այժմ Կարեն Խաչատրյանին պետք է իրավունքների խախտման դիմաց փոխհատուցում վճարվի:
Հայտնի է, որ հոր մահից հետո որդին ստացել է «Սպարտակ» բալետի համար տաղանդաշատ կոմպոզիտորի ստեղծած երաժշտության իրավունքները: Սակայն 2018թ. նա պարզել է, որ բալետը ցուցադրվում է Ղրիմի, Սոչիի միանգամից մի քանի թատերական բեմերում, ինչպես նաև Յուրմալայի «Ձինտերի» համերգասրահում:
Խաչատրյանի տվյալներով՝ ներկայացումների կազմակերպիչներն են Մոսկվայի բալետային թատրոնը, Մայակովսկու անվան Մոսկվայի ակադեմիական թատրոնը և Սոչիի ֆիլհարմոնիկ համերգային միությունը: Սակայն թվարկված կազմակերպությունները պայմանագիր չեն կնքել կոմպոզիտորի որդու հետ և հետևաբար՝ նրան հոնորար չեն վճարել: Դատական նիստի շրջանակում Կարեն Խաչատրյանը պահանջել է արգելել Ռուսաստանում և արտերկրում «Սպարտակ»-ի բեմադրությունը: Բացի այդ, նա պատասխանող կողմից մոտ կես միլիոն ռուբլի փոխհատուցում է պահանջել:
Մոսկվայի բալետային թատրոնի ներկայացուցիչները խոստովանել են, որ Մոսկվայում, Սոչիում և Յուրմալայում բալետի ցուցադրությունն իսկապես անօրինական է եղել: Միևնույն ժամանակ նրանք բացատրել են, որ դա տեղի է ունեցել անպարտաճանաչ գործակալի մեղքով, որը վերջին պահին ձախողել է Խաչատրյանի հետ պայմանագրի ստորագրումը:
Ի վերջո դատարանը վճիռը կայացրել է հօգուտ հայցվորի՝ որոշելով, որ պատասխանող կողմը պետք է ավելի քան 300 000 ռուբլի փոխհատուցում վճարի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում