Գյումրին «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կընդունի «ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում»-ը
Նմանատիպ
ԳՅՈՒՄՐԻ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում այս տարի ևս Գյումրիում կներկայացվեն ԱՊՀ երկրների վերջին տարիների լավագույն ֆիլմերը: Այս մասին հուլիսի 4-ին Գյումրիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց կինոփառատոնի մամուլի ծառայության ղեկավար Ռոզա Գրիգորյանը:
«ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում» ծրագրի բացումը տեղի կունենա հուլիսի 9-ին, ժամը 18:00-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանության, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համագործակցությամբ: «Բացմանը կներկայացվի ռեժիսոր Յուսուփ Ռազիկովի՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված «Սուսերով պարը» ֆիլմը: Ցուցադրությանը ներկա կլինի նաև ֆիլմի ստեղծագործական կազմը: «ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում» ծրագրի շրջանակում կանցկացվեն ֆիլմերի ցուցադրություններ, ԱՊՀ երկրներից կինոոլորտը ներկայացնող հյուրերն ու ուսանողները կմասնակցեն համատեղ արտադրությանն առնչվող կլոր-սեղան քննարկմանը: Ծրագրի շրջանակում կներկայացվեն ԱՊՀ վերջին տարիների ֆիլմերն ու պատրաստվելիք նախագծերը»,-նշեց Ռոզա Գրիգորյանը:
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը կարևորեց փառատոնի շրջանակներում համագործակցային ցանկացած դրսևորում: «Ողջունում եմ կինոփառատոնի հերթական մուտքը Գյումրի: «Ոսկե ծիրան»-ի առկայությունը Գյումրիում ապակենտրոնացման լավագույն օրինակներից մեկն է»,-նշեց պատասխանատուն՝ վստահեցնելով, որ քաղաքապետարանը պատրաստ է ցանկացած համագործակցության՝ մայրաքաղաքային աշխուժությունը Գյումրի տեղափոխելու համար:
Ասուլիսի ժամանակ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի համակարգող Արմինե Հարությունյանը լրագրողներին տեղեկացրեց, որ «ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում»-ի ընթացքում գյումրեցիները կդիտեն վերջին տարիներին ԱՊՀ երկրների նկարահանված լավագույն ֆիլմերը: «Գյումրիում ցուցադրվելու է 8 ֆիլմ՝ ամեն օր 2 ֆիլմի ցուցադրություն: Դրանք ԱՊՀ լավագույն ֆիլմերն են: Ծրագիրը շատ բազմազան ու հետաքրքիր է: Սպասվում է նաև անակնկալ ցուցադրություն՝ հատուկ գյումրեցիների համար»,-նշեց Արմինե Հարությունյանը:
Հուլիսի 7-14 Հայաստանում 15-րդ անգամ կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այս տարի փառատոնն ունենալու է 15 տարբեր խորագրեր կրող ազդագրեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է փառատոնի պատմությունը, ձեռքբերումները և մարտահրավերները։ Կինոփառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի, կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ:
Արմենուհի Մխոյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում