Վտանգավոր լռություն
Նմանատիպ
Սիրում եմ լռել, հատկապես, երբ լռության մեջ լռությունն է տիրում: Ինչ-որ աստվածային բան կա այդ լռության մեջ, որը ոչ մի կերպ չի լինում բացատրել: Մարդկային աղմուկը ինձ շատ է թվում, լռությունը՝ քիչ: Ու երբ կարիք եմ ունենում Աստծո հետ խոսելու, փնտրում եմ վայր, որտեղ ձայները չեն խլացնի մեր շփումը: Երկար ժամանակ անբացատրելի լռություն էր, հավանաբար վախենում էի խոսել, ասել այն ամենը, ինչ տեղի էր ունենում ներսումս, հիմա խոսում եմ, որ լռությունս ավելի վտանգավոր չդառնա:
Լինում են օրեր, որ ցանկանում եմ գոռալ, ճչալ, մտածում եմ՝ այդ կերպ ձայնս ավելի շուտ կհասնի մարդկանց, հետո հասկանում եմ՝ դա տարբերակ չի: Ինչու՞ Աստված չի գոռում, չի բարկանում, ու ինչու՞ ենք մենք բարկանում: Պատասխանը շատ պարզ է՝ Աստված սեր է:
Իսկ ո՞վ ենք մենք այս դեպքում. արարածներ, ովքեր փորձում են հոշոտել միմյանց, ընկածին ավելի ցած իջեցնել, ուրիշի երջանկության ակնթարթները տխրությամբ կիսել, հուսալքությունը ավելի խորացնել: Այս ամենի մեջ ի՞նչ է մնում մեզ անել, իհարկե, Աստվածային հավատը մեր մեջ զորացնել: Երբ ասում ենք հավատքի մեջ զորանալ, ամենևին էլ չի նշանակում մեխանիկորեն ինչ-որ ծեսերի կամ արարողակարգերի հետևել:
Մենք պետք է փորձենք սիրել ու հանուն այդ սիրո գործել ու առաջ ընթանալ՝ մտածելով, որ պաշտպանված ենք, ամենակարող Տիրոջ կողմից: Ինչպես ժամանակին Օգոստինոսն է ասել՝ «Ինչպես օգտակար է լույսը աչքերին, այդպես էլ օգտակար է հավատքը մտքերին: Ինչպես որ ոչ մեկը առանց լույսի չի կարող ճանապարհ գնալ, այդպես էլ առանց հավատքի և ոչ ոք չի կարող գնալ դեպի Աստված»:
Պետք է փորձել հասկանալ՝ Ո՞վ է Աստված մեր կյանքում ու ի՞նչ ենք ակնկալում մենք Նրանից: Ես իմ ամենօրյա աշխատանքով եմ փորձում ցույց տալ Աստծո հանդեպ իմ սերն ու հասկանում եմ, տեսնում, որ Աստված ինձ պատասխանում է: Այդ պատասխանը ձայնի տեսքով չէ, այլ՝ սիրո ու հզոր ուժի, որ ինձ ամեն օր ապրելու ու աշխարհը վայելելու մեծ ցանկություն և հնարավորություն է տալիս:
Մարիետտա Խաչատրյան
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում