«Բարև Երևան» դաշինքի ավագանու անդամները պատասխանատու կլինի Երևանի շրջանների համար

Երևանի ավագանու կազմում ընդգրկված «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը համարում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի այսօրվա երդմնակալությանը չմասնակցելը կեղծված ընտրությունների վերաբերյալ իրենց վերաբերմունքի հերթական արտահայտությունն է։

«Մենք այս պահին բարձրաձայնելու ենք քաղաքապետարանի անգործության և ապօրինությունների պատճառով տեղի ունեցած շատ փաստերի մասին»,- Tert.am-ի փոխանցմամբ, այսօր կայացած ասուլիսին, որը նախապես պլանավորված էր անցկացնել Ազատության հրապարակում, սակայն անձրևային եղանակի պատճառով անցկացվեց «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում, ասել է նա՝ ընդգծելով, որ Ազատության հրապարակում ասուլիսին ներկա կլինեին Երևանի քաղաքապետարանի կողմից տարբեր տարիներին տուժած խմբեր։

«Ես, լինելով կրթության և մշակույթի հանձնաժողովի անդամ, հնչեցնելու եմ բոլոր այն անօրինականությունների մասին, որոնց մասին տեղեկություններ կստանանք մեր քաղաքացիներից»,- ասել է Անահիտ Բախշյանը և մատնանշեց մանկապարտեզների հետ կապված մի քանի խնդիր։ Առաջինը՝ արդեն երկու տարի է Երևանի թիվ 1 մանկապարտեզը փակված է իբրև թե վերանորոգվելու համար, բայց մինչ այսօր դեռ չի նորոգվել։ Մեկ այլ մանկապարտեզ սեփականաշնորհված է, և տերը այն պետությանը վարձով է տալիս որպես տեղամաս։

Նա հիշեցրել է նաև տեղական հանրաքվեի կարգի մասին, որը մինչ այսօր չի կիրառվել։ «Փոփոխություն ենք առաջարկելու այն մասին, թե ինչու է օրենքում գրված, որ դա պարտադիր իրականացան բնույթ չի կրում»,- հավելել է նա։

Մեկ այլ աղբյուր` Aysor.am-ը գրում է, որ Անահիտ Բախշյանի խոսքով` «Բարև Երևան» դաշինքի ավագանու անդամներից յուրաքանչյուրը պատասխանատու կլինի Երևանի շրջաններից մեկի համար: Անահիտ Բախշյանը Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիայի պատասխանատուն է, Արմեն Մարտիրոսյանը՝ Կենտրոն վարչական շրջանի, Էրեբունու և Նուբարաշենինի պատասխանատուն Դավիթ Սանասարյանն է, Աջափնյակ և Դավիթաշեն շրջաններինը՝ Գագիկ Բաղդասարյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանինը՝ Արթուր Գասպարյանը:

Բանախոսը հավալել է, որ այսօրվանից սկսած «Բարև Երևանը» բարձրաձայնելու է քաղաքապետարանի ապօրինությունների մասին:

Անահիտ Բախշյանը խոստացել է «պատասխանատու» լինել նաև կրթության ոլորտի համար: «Բարև Երևան» դաշինքի անդամը խոսեց մանկապարտեզների խնդիրների մասին: Նա նշեց, որ Երևանի թիվ 1 մանկապարտեզը երկու տարի է ինչ փակ է, պատճառաբանում են, որ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, սակայն ըստ Ա. Բախշյանի, մինչ օրս մանկապարտեզը չի նորոգվել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում