Բա մենք թույլ տանք, որ Ազգային Ժողովն այսքան իջնի՞. Հ. Բագրատյան

Ազգային Ժողովի այսօրվա նիստը սկսեց լարված՝ պատգամավորների քննարկմանը ներկայացվեց Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային արտոնություն տրամադրելու օրինագիծը, որ ոչ միանշանակ ընդունվեց ընդդիմության կողմից: Մասնավորապես, իր ելույթում ՀԱԿ խմբակցության անդամ Հարնտ Բագրատյանը հայտարարեց, թե այսօրվա դրությամբ դա անընդունելի է, քանի որ «մարդիկ մեզանից փող են ուզում, բայց չեն ասում՝ ինչի համար»: Այս մասին գրում է Panorama.am-ը:

«Տվեք ինձ արտոնություն, ինչքան ուզում եք քոլեջներ բերեմ, թող բերաններից ջրեր չվազի, թե տեսեք-տեսեք արտասահմանյան դասախոսներ են գալու…. Բա մենք թույլ տանք, որ Ազգային Ժողովն այսքան իջնի՞»,- վրդովված բարձրաձայնեց նա՝ առաջարկելով դրա փոխարեն շնորհանդես անցկացնել, որի ժամանակ էլ կներկայացվի, թե ի՞նչ դասախոսական կազմ է լինելու դպրոցում, քանի՞ ավտոմեքենա են բերելու և այլն:

Aravot.am-ն էլ մեջբերում է Բագրատյանի խոսքը. «Սա ի՞նչ բիզնեսի ձեւ է: Անընդհատ ասում են՝ ներդրումներ կան, չգիտեմ ինչեր կան, հետո՞ ինչ: Ես կարող եմ դեմ լինել, դուք կարող եք սա ընդունել, բայց ես չեմ հասկանում ձեւը: Գոնե իրենց հարց տայիք՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ եք առաջարկում, ո՞նց է հարկայինը աշխատելու դրանից հետո»:

Հրանտ Բագրատյանը նաեւ զգուշացրեց , որ «վաղն էլ վարչապետը մի հատ ժողով կանի, կասի հարկային տեսուչներին, որ ինվեստորներին խանգարում եք, վերջ տվեք վարչարարությանը, ստուգումներ մի արեք, բայց այ սենց օրենք կընդունի: Սա ԱԺ է, եթե բան եք ուզում ասեք, գոնե ասեք՝ ինչ եք ուզում ասեք: Չի կարող այսպիսի օրենքի նախագիծ ընդհանրապես համարձակվի մտնի ԱԺ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում