Անանիա Նարեկացի. Խրատ անմաքուր խորհուրդներից զգուշանալու մասին
Նմանատիպ
Արդ, խնդրեցիր, որ խրատ գրեմ անմաքուր խորհուրդների մասին, քանի որ գիտեմ դրանցից զգուշանալ և զգաստ լինել:
Նախևառաջ, մտքերի մաքրության համար հոգ տար: Մարգարեն ասում է. «Փառավորված է Աստված իր խորհուրդներում» (Սաղմ. ՁԸ 8):Ինչպես ծառան է սպասում է իր տիրոջ հրամանին, այնպես էլ բոլոր զգայարանները մտքի կողմից են կառավարվում:
Այսպես. մարդ նախ խորհում է բարին, հետո՝ իրագործում: Ինչպես մարգարեն է ասում. «Խորհեցի և պահեցի քո ճանապարհները» (հմմտ. Եսայի ԽԶ 11):
Մարդ նախ խորհում է մեղքը, հետո՝ կատարում: Ինչպես մարգարեն է ասում. «Հղացավ չարիք և ծնեց անօրենություն» (Սաղմ. Է 15):
Մարդ նախ մտքով է սիրում, հետո պարգևներ տալիս, ինչպես որ Հովնաթանը նախ հոգով կապվեց Դավթի հետ, ապա հանեց իր հանդերձները և հագցրեց նրան (տե´ս Ա Թագ. ԺԸ 1-4):
Մարդ նախ մտքով է ատում, հետո սպանում, ինչպես որ եղբայրները նախ ատեցին Հովսեփին, հետո վաճառեցին Եգիպտոս (տե´ս Ծննդ. գլ. ԼԷ):
Եվ հայտնի է, որ բոլոր զգայարանները կառավարվում են մտքի կողմից: Սրա համար էլ դու բոլոր զորություններդ գործադրի´ր և մտքերդ սրբի´ր ամեն տեսակ աներևույթ և զգայական մեղքերից, բայց առավել զգուշացի´ր պոռնկական մտքերից: Սրա համար է Տերն ասում. «Շնացավ իր սրտում» (Մատթ. Ե 28):
Զգո´ւյշ եղիր տեսնելու և լսելու հարցում, քանի որ տեսնելն ու լսելը խորհուրդների դուռն է: Սրա համար է առաքյալն ասում. «Ամեն տեսակ պղծություն կամ պոռնկություն թող չհիշվի ձեր մեջ, ինչպես որ վայել է սրբերին» (Եփես. Ե 5): Օրինակ, մարդ կարող է քաղցած լինել, բայց չմտածել այդ մասին, իսկ երբ տեսնում է լի սեղան, այդ ժամանակ քաղցն իրեն զգալ է տալիս, և մարդ ցանականում է ուտել: Մարդ կարող է ծարավ լինել, բայց չմտածել այդ մասին, իսկ երբ տեսնում է զուլալ աղբյուր, այդժամ ծարավը սաստկանում է, և մարդ ցանկանում է ըմպել:
Այսպես և մարդու հանդեպ ցանկությունը լռությամբ զսպվում է, բայց երբ մարդ տեսնում է գեղեցիկ դեմքեր կամ լսում պոռնկական երգեր, այդ ժամանակ բորբոքվում է ցանկությունը և ստիպում է մեղանչել մարդուն: Դրա համար էլ փակի´ր աչքերդ և ականջներդ, որ չհասնի քեզ անմաքուր խորհուրդների պատերազմը:
Օրինակ, երբ արծիվը թռչելիս թակարդի մեջ կերակուր է տեսնում, ուժգնորեն իջնում է բռնելու այն, իսկ երբ մագիլի ծայրը բռնվում է թակարդում, մարմնի այս փոքրիկ մասի պատճառով խոնարհվում է արծվի ողջ զորությունը: Այսպես և մարդն է. պատահում է, որ մի փոքր բանի պատճառով ընկնում է թակարդը:
Եթե կամենում ես հաղթել պոռնկական խորհուրդները, հրաժարվիր նաև ավելորդ կերակրից և ըմպելիքից: Սրա համար է մարգարեն ասում. «Հագեցրի քեզ, Իսրայե´լ, իսկ դու քո բոլոր քաղաքները պոռնկանոց սարքեցիր» (հմմտ. Երեմ. Ե 7):
Անմաքուր խոհուրդների պատճառ է, երբ չարախոսում և բամբասում ես ընկերոջդ մասին, երբ ատում ես կամ հպարտանում: Այդ ժամանակ Աստված թույլ է տալիս, որ չար խորհուրդները հարձակվեն քեզ վրա և խավարեցնեն միտքդ: Իսկ եթե լինես հեզ, խոնարհ և ողորմած, մարդասեր և խաղաղարար, այդժամ Աստված կհալածի խռովարար խորհուրդները, և միտքդ կլուսավորվի:
Անմաքուր խորհուրդների պառճառ կարող է լինել, երբ ծուլանում ես աղոթել և աշխատել, քեզ քնի ես տալիս և հանգստի: Այդ ժամանակ սատանան պիղծ խորհուդների սերմեր է ցանում քո սրտում և խավարեցնում միտքդ: Եթե լինես զգաստ և զվարթ, աղոթական և խոհեմ, այդժամ գարշելի խորհուրդները կհալածվեն, և միտքդ կլուսավորվի:
Անմաքուր խորհուրդների պատճառ կարող է լինել երկրավոր գործերով շատ զբաղվելը: Պիղծ մտքերը, խառնվելով այլ խորհուրդների հետ, մտնում և խավարեցնում են միտքդ: Եթե զսպես քեզ մարմնավոր խորհուրդներից, այդժամ հոգևորի մեջ կվարժվես, և միտքդ կլուսավորվի:
Երբ կգա պիղծ խորհուրդը, դու տագնապիր, մարտնչիր, խոստովանիր և ապաշխարիր, որպիսի չընտելանաս, չհամակերպվես և չպարտվես: Սրա համար է առաքյալն ասում. «Քանդում ենք գաղտնի մտածումները և դրանց բարձրությունները, և գերելով բոլոր մտքերը` հնազանդեցնում ենք Քրիստոսին» (Բ Կորն. Ժ 4-5):
Օրինակ, գողը խավարը իր համար զենք ունի և գողության է գնում գիշերը, իսկ երբ լույսը բացվում է, նա վախենում է լույսից և փախչում: Այսպես և սատանան է գող, երբ տեսնում է միտքդ խավարած, թուլացնում է այն: Այդ ժամանակ դու Քրիստոսի լույսը ծագեցրու քո մտքում, և սատանան կհալածվի, ու միտքդ կլուսավորվի: Քրիստոս ասում է. «Ես եմ լույսն աշխարհի» (Հովհ. Ը 12):
Եվ մի ժամ անգամ թույլ մի´ տուր պոռնկական խորհուրդներին մոտենալ քեզ: Հիշի´ր տերունական ահարկու խոսքը, որ է. «Շնացավ իր սրտում» (Մատթ. Ե 28):
Եվ ինչպես քաղաքն են պարսպապատում մինչ թշնամու գալը, այսպես և դու, նախապես պարուրիր միտքդ պահքով, աղոթքով ու արտասուքով, և Աստված քո ջանքերը կտեսնի ու կլուսավորի միտքդ:
Եվ փոքր մի´ համարիր մտքում հանցանքները, քանի որ հպարտությունը, նախանձը և ատելությունը մտքով են լինում և մեծամեծ մեղքեր են:
Օրինակ, քանի դեռ թշնամին ամրոցից դուրս է, հեշտությամբ կարող ես զգուշանալ նրանից, իսկ եթե մարտնչելով գրավի ամրոցը և մտնի ներս, այն ժամանակ դժվար է հանել նրան այնտեղից: Այսպես և դու. զգուշացի´ր խորհուրդների պատերազմից, քանի դեռ դրանք դուրս են քո մտքի ամրոցից: Իսկ եթե մարտնչելով վերցնեն ամրոցդ և ներս մտնեն, այն ժամանակ առավել ջանքեր կպահանջվեն քեզանից:
Սրա համար էլ դու զորացի´ր և մշտապես մտքերդ աստվածահաճո պահի´ր, որ դառնաս Սուրբ Հոգու տաճար, և Նրան վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և հավիտյանս. ամեն:
Գրաբարից փոխադրեց՝ Լուսինե ԹՈՒՄԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում