Գյումրիից Երեւան՝ գրպանում 2500 դրամ, ապա Գրիգորիչի «տանիքից» մինչեւ մեծ բեմ

Գյումրիից Երեւան՝ գրպանում 2500 դրամ, ապա Գրիգորիչի «տանիքից» մինչեւ մեծ բեմ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, Aravot.am: Հարցազրույց Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասան Մանվել Խաչատրյանի հետ:

– Ռուսական թատրոնում առաջին անգամ բեմ բարձրացաք Սլեյդի «Հաջորդ տարի նույն օրը» ներկայացման մեջ, երբ դեռ սովորում էիք Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոցում: Դա, եթե չենք սխալվում, 2008թ. էր: Մասնագետներն ասում են, որ մինչ օրս դերի պակաս չեք ունեցել: Վերջերս էլ խաղացիք ձեր թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով բեմադրված Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետում»: Հիմա էլ դարձյալ Ներսիսյանի ռեժիսուրայով սկսվել են Թումանյանի «Քաջ Նազարի» փորձերը, որտեղ նույնպես դուք կաք: Այլ ռեժիսորների հետ էլ եք աշխատել… Կեսկատակ-կեսլուրջ ասում են, թե բոլոր ժամանակներում բոլոր ռեժիսորների սիրելին եք…

– Ուսանել եմ Ալեքսանդր Սամսոնիչի արվեստանոցում, մեզ մոտ փոխադարձ էր հարգանքը, կարճ ասած՝ ստեղծագործական իմաստով ամեն ինչ: Տարիներ անց՝ 2012թ., «Արտավազդ» մրցանակաբաշխությունում հենց Սամսոնիչի բեմադրության շնորհիվ (Գանա Սլուցկի «Մոլագարը») ճանաչվեցի «Տարվա լավագույն դերասան»:

Այսօր էլ, երբ խաղում եմ վարպետի բեմադրություններում, նրա շունչը զգում եմ դահլիճում, ավելին՝ թատրոնի շենքը առանց իրեն չի կարելի պատկերացնել: Նոր գեղարվեստական ղեկավարի հետ էլ է հետաքրքիր աշխատելը: Ներսիսյանը, ինչպեսեւ Սամսոնիչը, «վառվում» է նյութով, մեզ է վարակում: Անչափ աշխատասեր արվեստագետ է: Օրինակ՝ «Ռոմեո եւ Ջուլիետի» փորձերը սկիզբ ունեին, վերջ չունեին: Մի փոքր տեսարանի փորձը կարող էր տեւել ժամեր, նույնիսկ օրեր:

– Այնուամենայնիվ, Սամսոնիչի հե՞տ էր ավելի հեշտ աշխատելը, թե՞ նոր գեղարվեստական ղեկավարի:

– Հարցը նման է՝ մամայի՞դ ես շատ սիրում, թե՞ պապայիդ…

– Այնուամենայնիվ, որոշ երեխաների մոտ ծնողներից մեկի հանդեպ սերը ավելի ընդգծված է լինում: Այսինքն՝ բոլոր ռեժիսորների հանդեպ ունեք հավասարաչափ մոտեցում կամ բոլորին սիրում եք…

– Ցանկացած ռեժիսորի մոտ առաջին փորձին ներկայանում եմ ինչպես առաջին դասարանցին՝ առաջին դասին: Նրանք յուրաքանչյուրն ունեն յուրատեսակ աշխատաոճ: Օրինակ՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի հետ շա՜տ հետաքրքիր էր աշխատելը: Բայց նրանից ես ու գործընկերներս մի տեսակ վախենում էինք: Ինքն իր մեջ արդեն նյութը բեմադրած ուներ, եւ եթե մի բան այնպես չէր ստացվում, կարող էր պարզապես պայթել… Սիրով եմ աշխատել Նիկոլայ Ծատուրյանի, Վիգեն Ստեփանյանի հետ: Վերջինս առաջինն էր, որ ինձ վստահեց Կոկինի ու Լիվանովի դերերը Չեխովի «Մադամ Օվիսյեում»: Սամսոն Մովսիսյանի հետ մի քանի անգամ եմ համագործակցել: Առանձնացնեմ նրա ռեժիսուրայով Գոգոլի «Վիյը»: Այս ներկայացումը վերջերս Կրակովում կայացած փառատոնին արժանացավ ժուրիի հատուկ մրցանակին, իսկ Սամսոնը՝ Ուկրաինայի մշակույթի նախարարության մրցանակի: Երկար ճանապարհ եմ անցել Նորա Գրիգորյանի հետ: Նրա աշխատանքներից Դարիո Ֆոյի «Ազատ զույգը» կատակերգության բեմադրությունը հետաքրքիր լուծում ուներ՝ հանդիսատեսը նույնպես բեմում էր…

Կամ՝ Գոհար Փոքրիկյանի՝ Գլադիլինի «Ուրիշի մարդը» բեմադրությունը, որը 2014թ. Սանկտ Պետերբուրգում կայացած «Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնում ֆուրոր արեց թե՛ մասնագետների, թե՛ հանդիսատեսի, թե՛ լրատվամիջոցների շրջանում: Ի դեպ, այս օրերին ընթանում են փորձերը՝ ներկայացումը վերականգնելու նպատակով:

– Փաստորեն, վերականգնում եք ներկայացումը, մինչդեռ ձեր սերնդակից դերասաններից շատերը դեմ են խաղացանկային թատրոններին:

– Եթե չլինի խաղացանկային թատրոն, կարծում եմ՝ կվերանա թատրոնը: Կմնան կոմերցիոն, շոու ներկայացնող թատերախմբեր:

– Չե՞ք կարծում, որ Երեւանը մեգապոլիս չէ: Նույն հանդիսատեսը նույն ներկայացումը կարո՞ղ է տասնամյակներ շարունակ դիտել: Էլ չխոսենք, որ այն հավանաբար ձանձրալի կլինի դերասանի համար:

– Ներկայացումը, ինչպես զգեստը, «մաշվում» է, բայց ժամանակի ընթացքում հանդիսատեսի մոտ էլ սերնդափոխություն է լինում: Ընդամենը մեկ օրինակ բերեմ, որով շուրջ 20 տարի բացվում է մեր թատրոնի խաղաշրջանը, դա Սամսոնիչի ռեժիսուրայով Գորինի «Հիշատակման աղոթք» ներկայացումն է: Մյուս կողմից՝ պրեմիերայից հետո, տարիների ընթացքում նույն ներկայացումը նոր երանգներ է ստանում: Անձնական օրինակով էլ կարող եմ պատասխանել. երբ ես եւ դերասանուհի Լիլիա Մուկուչյանը 6-7 տարի առաջ խաղացինք «Ուրիշի մարդը», այն ժամանակ դեռ ծնող չէինք, հիմա, երբ երեխա ունենք, ներկայացմանը մոտենում ենք այլ զգացողություններով…

– Դուք դերասանների ընտանիքից եք: Ձեր ծնողները՝ վաստակավոր արտիստ Սամվել Խաչատրյանն ու Նատալյա Խաչատրյանը Գյումրիի Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ են: Տիկին Խաչատրյանը, եթե չենք սխալվում, միակ ազգությամբ ռուս դերասանուհին է, որ խաղում է հայերեն: Հետաքրքիր է, նրանք ժամանակին ողջունե՞լ են ձեր մասնագիտական ընտրությունը, մանավանդ որ՝ 2000-ականների սկզբներին Արթուր Գրիգորյանի ստեղծած «Թիվ 5» խմբի երգիչ էիք:

– Ի սկզբանե խուսափել եմ արվեստի հետ որեւէ առնչություն ունենալուց: Մորս երազանքն էր ինձ բանկիր տեսնել: Ընդունվեցի Մոսկվայի Ձեռներեցության ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղը: Հետո Գյումրիի թատրոնում աշխատում էի որպես լուսավորող եւ երբ լուսարձակները ուղղում էի բեմ, մեջս զգացողություն կար, որ ես ոչ թե լուսարձակների հետեւում, այլ բեմում պետք է լինեմ…

– Ու եկաք Երեւանի Երգի պետական թատրոն…

– Մի օր արթնացա, ծնողներիս հայտարարեցի, թե գնում եմ տնից, գրպանումս ընդամենը 2500 դրամով հայտնվեցի Երեւանում, որտեղ ոչ մի երեւանցի ծանոթ չունեի: Ընդունվեցի Երեւանի Ջազ քոլեջ, միառժամանակ անց համակուրսեցուս՝ Րաֆֆի Մուրադյանի հետ գնացինք Երգի պետական թատրոն, իսկ հետո միասին հանդես էինք գալիս Գրիգորիչի հիմնած «Թիվ 5» խմբում:

– Ձեր ունեցած 2500 դրամով սովորում ու ապրո՞ւմ էիք: Ասացիք, որ երեւանցի ծանոթ անգամ չեք ունեցել:

– Արթուր Գրիգորիչը, որն իմ կնքահայրն է, բնակության տեղ էր հատկացրել թատրոնի տանիքում: Բախտս բերել է վարպետների առումով՝ Արթուր Գրիգորիչ, Ալբերտ Մկրտչյան, Ալեքսանդր Գրիգորյան: Բայց բախտս բերել է, որ, այնուամենայնիվ, ծնողներս ինձ դաստիարակել են արվեստագետի ոգով:

– Իսկ դերասանությո՞ւնը:

– Դա կապված է մի աղջկա հետ (անունը չասաց-Ս.Դ.), որը սովորում էր թատերականում: Նա ինձ առաջարկեց ու վստահեց ամենաառաջին դերը: Իսկ դրանից հետո արդեն ճակատագիրն ինձ ուղղեց Սամսոնիչի արվեստանոց ու հետո Ստանիսլավսկու թատրոն…

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում