Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի մահը և նշխարների գյուտը
Նմանատիպ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիները անցկացրեց առանձնության մեջ՝ ճգնելով Սեպուհ լեռան Մանյա անունով մի քարայրում: Քարայրը Մանյա էր կոչվում, քանի որ այստեղ ժամանակին Սբ. Հռիփսիմյանց կույսերից Մանեն էր բնակվում: Երբ նրա քահանայապետության երեսուն տարին լրացավ «բարի պատերազմը պատերազմած, հավատը պահած, ընթացքը ավարտած և անթառամ պսակին հասած» Տիրոջ հրամանով ելավ Սեպուհ լեռան կատարը և առանձնացավ լռության մեջ: Սբ. Գրիգորը, ապրելով քարայրում, բոլորովին չմոռացավ իր առաքելության մասին. երբեմն-երբեմն թողնում էր քարայրը և այցելում ժողովրդին, իր աշակերտների հետ միասին մեկնում էր քարոզչական շրջագայության և բոլորին իրենց հավատքի մեջ հաստատում: Տրդատը, նկատի ունենալով Լուսավորչի պարբերաբար մեկուսացումները, Կեսարիայից բերել տվեց նրա որդիներին՝ Արիստակեսին, որ արդեն կուսակրոն կյանքն էր ընտրել, և Վրթանեսին, որ ամուսնացած և երկու զավակների հայր էր: Նրանք եպիսկոպոս ձեռնադրվեցին իրենց հոր կողմից և օգնական կարգվեցին հայրապետանոցում և արքունիքում: Ծերունի հայրապետի վերջին այցելությունը Վաղարշապատ կապված էր որդու՝ Արիստակեսի՝ 325 թ. Ա Տիեզերական ժողովից վերադառնալու հետ: Նա այլևս չլքեց իր ճգնարանը: Այդ խաղաղ քարայրի մեջ, շատ հուզիչ լռությամբ տեղի ունեցավ Հայոց երկրորդ Լուսավորիչ՝ Սբ. Գրիգոր Հայրապետի մահը, միայնակ, առանց որևէ մեկի ներկայությամբ: Նա Աստծուն ավանդեց իր անարատ հոգին՝ լինելով մենակ Աստծո հետ: Նրա մահվան հանգամանքներն անհայտ են: Միայն որոշ ժամանակ անց տեղաբնակ հովիվները, երբ պատահմամբ քարայր մտան հանգստանալու, գտան քաջ հովվի անշնչացած մարմինը, առանց իմանալու ով է և ենթադրելով, որ պարզ ճգնավոր է, քարակույտի տակ ամփոփեցին նրա մարմինը և հեռացան:
Տարիներ հետո Բասենցի Գառնիկ անունով մի ճգնավորի աստվածային տեսիլքով հայտնվեց նրա թաղման տեղը: Վերջինս հայոց հայրապետի նշխարները փոխադրեց և ամփոփեց Դարանաղյաց գավառի Թորդան ավանում: Հետագայում այդ վայրում կանգնեցրին մի վկայարան: Այս հիշատակը չմոռացվեց և Լուսավորչի նշխարների գտնվելու այս պատմությունն է ընկած «Գյուտ նշխարաց» տոնի հիմքում:
Հայտնի չէ, թե Լուսավորչի՝ Թորդանում ամփոփված նշխարները որ ժամանակներից սկսած բաժանվեցին տարբեր վայրեր: Նշխարների մի մասը տարվեց քաղաքամայր Վաղարշապատ, մինչև անգամ Բյուզանդիոն և Իտալիա: 5-րդ դարում Թորդանից Զենոն կայսրը (474-491թթ.) Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարները տարավ Կ.Պոլիս, իսկ հետո, 7-րդ դարում Քրիստոսի շնորհով Գրիգոր Պատրիկի ձեռքով բերվեց Հայաստան: Նրա ոսկորների կեսը դրվեց Զվարթնոցում, իսկ մնացածը պահվեց այլ եկեղեցիներում և բազում վայրերում: Հետագայում հայ կույսերը Սբ. Գրիգորի ոսկորներից Զվարթնոցի տաճարից տեղափոխեցին Նեապոլ (Իտալիա), որտեղ եկեղեցի կառուցվեց ի պատիվ Լուսավորչի: Սբ. Գրիգորը Նեապոլ քաղաքի երկրորդ պահապան սուրբն է Սբ. Գենարիոսից հետո և ունի հատուկ տոն սեպտեմբերի 30-ին:
Սբ. Էջմիածնում է պահպանվում նաև նշխարներից նրա լուսընկալ և շնորհաբաշխ Սուրբ Աջը: Այն սրբալույս Մյուռոնի օրհնության գլխավոր սրբություններից մեկն է և Հայրապետական աթոռի իշխանության պաշտոնական նշանակը:
Ի նշանավորումն քրիստոնեության Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը 2000թ. նոյեմբերին հայրենիք բերեց Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքներից: Այդ մասունքները դրվեցին Երևանի նորակառույց Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված տոներից երրորդը՝ նշխարների գյուտը, տոնում է Հոգեգալստի երրորդ շաբաթ օրը: Այս տոնն ունի իրեն նախընթաց շաբաթապահք:
Կազմեց Կարինե Սուգիկյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում