«Եթե Քրիստոս ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար»

«Եթե Քրիստոս ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար»

«Իսկ եթէ Քրիստոս ի ձեզ է, ապա մարմին մեռեալ է վասն մեղաց և հոգին կենդանի է վասն արդարութեան»:

«Եթե Քրիստոս ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, և հոգին կենդանի է արդարության համար» (Հռոմեացիներ 8:10):

Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Կիրակնօրյա պատարագ է, և Աստծո Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի զոհաբերումն է՝ հանուն մեր փրկության: Ամեն կիրակի Նա պատարագվում է աշխարհի բոլոր եկեղեցիների սուրբ սեղաններին: Պատարագվում է՝ հրավիրելով Իր մարմնի ճաշակմանը, որպեսզի մեզ մեղքերից մաքրի, սրբի և ազատի:

Ադամի ու Եվայի անկմամբ մարդկությունն ընկավ մեղքի իշխանության տակ, որի վրա տեր և իշխան էր կարգված: Քրիստոս եկավ ազատագրեց մեզ այդ իշխանությունից, մեղքի հպատակությունից, մեղքին ենթակա լինելուց: Մենք՝ իբրև մեղքով հիվանդացածներ, մոտենում ենք Սուրբ Սեղանին՝ մեղքերից բժշկվելու, մաքրվելու և Աստծո հետ միավորվելու:

Սիրելինե՛ր, բոլոր կրոններն ունեն իրենց բարոյականության սահմանումը, իսկ բարոյականությունը հիմնվում է մաքրության գաղափարի վրա: Բոլոր կրոններն ունեցել են քավության նոխազի իրենց պատկերացումը, որը մեղքերի թոթափումն ու մաքրագործումն է: Մաքրությունը մեղքից ձերբազատումն է: Աստվածաշնչի բոլոր գրքերը աղաղակում են մարդկային մեղքի մասին: «Ծննդոց գիրքը» ցույց է տալիս նախաստեղծ մարդկանց անկումը և մեղքի ծագումը: «Ղևտական» և «Երկրորդ օրենք» գրքերում Հայր Աստված Մովսեսի միջոցով պատվիրաններ և օրենքներ է տալիս հրեա ժողովրդին, որպեսզի մարդիկ սահմանազատեն անօրինությունը արդարությունից: Դատավորաց գրքում տեսնում ենք, որ Աստված դատավորներ է կարգում, որ դատեն Իր ժողովրդին՝ հանցանքների համար համապատասխան պատիժներ սահմանելով: Սաղմոսները, ինչպես Դավիթ թագավորի համար, այնպես էլ մեզ համար, մեղքերի զղջման և ապաշխարության լավագույն աղոթքներն են մնում: Առակների, Ժողովողի գրքերը կրթում և հորդորում են մարդկանց մեղքերից հեռու մնալ: Թագավորությունների չորս գրքերում Աստված ցույց է տալիս, թե ինչպես հրեա ժողովուրդն իր մեղքերի ու կռապաշտության պատճառով կորցնում է իր պետականությունն ու անկախությունը և ընկնում այլ ժողովուրդների լծի և իշխանության տակ: Ի վերջո մինչև Քրիստոսի ծնունդը Աստված մարգարեների միջոցով խոսում է իր ժողովրդի հետ՝ նրանց սթափեցնելու մեղքերի թմբիրից և ավետում մարդկության Փրկչի ծնունդը: Ավետարանում արդեն Աստծո Միածին Որդին է խոսում, անխտիր բժշկում բոլոր հիվանդներին: «Գնա՛ ու այլևս մի՛ մեղանչիր», ասում է մեզ բարեգութ Տերը: Սուրբ Գիրքը ամբողջությամբ մեզ կոչ է անում՝ դառնալու մեր մեղքերից, որոնց ենթակա էին աստվածաշնչյան սուրբերը նույնպես: Նրանք տկար էին մեզ նման և մեր աչքի առջև ունենում են իրենց անկումներն ու մեզ նման մեղքեր են գործում, բայց մնում են Աստծո հավատարիմ ծառաները: Սուրբ Գիրքը միաժամանակ մեզ ազդարարում է նաև Աստծո ներողամտության, ողորմածության և գթառատության մասին, որ Նա մեզ շնորհներ է տալիս՝ հաղթահարելու մեղքերը Իրենով:

Քրիստոս շնորհում է մեզ մեղքից ազատագրումը Իր արյամբ: Որովհետև այլևս կենդանիների զոհաբերությունը չէ, որ մաքրում է մեզ մեր մեղքերից, այլ Աստծո Որդու խաչի վրա թափված արյունը: Աստված մեզ տալիս է փրկություն՝ առանց մեր հայցելու:

Նրա հոգատարությունը անսահման է մարդու նկատմամբ, երբ Նա ասում է մեզ՝ որքան որ ընկնում ես, որքան մեղանչում ես, վե՛ր կաց, զղջա՛ և դարձի՛ր դեպի Ինձ, որովհետև Իմ Որդու արյունը փրկագործ է, կենսատու է և կենարար, ձեզ տալիս եմ այդ հնարավորությունը՝ Ինձ Հայր կոչելու և դիմելու, ամեն մեղքից հետո էլ չեմ մերժում ձեզ, այլ սիրով սպասում եմ ձեր զղջմանը: Սուրբ Պողոս առաքյալը գրում է, որ Հիսուս Քրիստոսով մարդկության մեղքերի պարտամուրհակը պատռվում է. «Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռել էիք մեղքերի և ձեր մարմնի անթլպատության մեջ, կենդանացրեց իր հետ: Նա ներեց մեզ մեր բոլոր հանցանքները և ոչնչացրեց հրամաններով հաստատված այն պարտամուրհակը, որ մեր դեմ էր, վերացրեց այն մեջտեղից և մեխեց խաչափայտին» (Կողոսացիներ 2:13,14):

Քրիստոսի խաչելությունը շրջադարձային նշանակություն է ունեցել ողջ մարդկության համար: Այն աշխարհում պատմվող մտացածին առասպելներից կամ ավանդազրույցներից չէ, այլ հավաստի կատարված ճշմարիտ իրողություն է, որին մարդկությունը պիտի ուշ դարձնի: Պատրանք կամ խաբկանք չէ մարդ-Աստված հարաբերությունը, պատրանք չէ նաև մեղքերից մաքրվելը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսով, խաբեություն չէ մարդու հոգու և մարմնի բժշկությունը: Քրիստոս Ճշմարիտ Աստված է և մեզ ճշմարտապես փրկություն է շնորհում: Մենք՝ քրիստոնյաներս, ինքնախաբեությամբ չենք զբաղվում, որովհետև սատանան մոլորեցրեց նախաստեղծ մարդկանց, այդպես շարունակաբար մոլորեցնում է մարդկությանը՝ ներշնչելով, որ Աստված չկա, պետք չէ անհանգստանալ մեղքերի համար, կամ մարդն ազատ է անելու այն, ինչ ցանկանում է: Եվ մարդկության մեջ ընդհանրապես և մարդու հոգում անհատապես մեղքը դառնում է գերակա:

Քրիստոսի խաչելությամբ ու պատարագմամբ ոչ միայն ներում է շնորհվում մեզ, այլև Տերն Իր սերն ու շնորհներն է տալիս, ոչ միայն մատնացույց է անում մեր հիվանդություններն ու վերքերը, այլև բուժում է դրանք, ոչ միայն ցույց է տալիս մեր քաղցն ու սովը, այլև կերակրում է մեզ ու Երկնային Արքայության սեղաններն է բաց անում մեր առջև, ոչ միայն մշակում է մեր հողը, այլև գիտի, թե ինչ է մեզ անհրաժեշտ պտղատու լինելու համար:

Սիրելինե՛ր, մարդկային հոգու կործանումը այնժամ է տեղի ունենում, երբ նա հանդուրժող է դառնում մեղքի նկատմամբ: Մարդկային հոգին անուշահոտություն է բուրում առանց մեղքի, իր մաքրության մեջ: Առանց մեղքի՝ մարդկային հոգին հոգևոր խաղաղության մեջ է և պատրաստ է՝ ընդունելու իր Արարչին: Մինչդեռ մեղքը փոթորկում է մեր հոգիները, աղտոտում և հիվանդացնում: Մեղքերը գլխավոր խոչընդոտն են՝ Աստծո հետ միավորվելու: Դրանք անջրպետ են ստեղծում մեր և Սուրբ Հոգու միջև: Անհրաժեշտ է անհանդուրժող լինել մեղքի նկատմամբ և Սուրբ Հոգով լցվել: Ինչպես հռոմեացիներին ուղղված նամակում է ասվում. «Այժմ, ազատված մեղքից և ծառա դարձած Աստծուն՝ ձեր պտուղն եք տալիս սրբությամբ, և նրա վախճանը կյանք է հավիտենական. քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմեացիներ 6:22, 23):

Ուստի՝ մաղթում եմ կիրակնօրյա պատարագների շնորհով և զորությամբ մաքրվել մեղքերից, զղջումով և ապաշխարությամբ հաղորդվել Տիրոջ Կենարար Մարմնին և Արյանը, քանի որ «Նրանով է, որ ունենք փրկություն, Նրա արյան միջոցով՝ մեղքերի թողություն» (Եփեսացիներ 1:7):

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

Տեր Վահան քհն. Առաքելյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում