Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի չօգտագործված կադրերով ինստալացիան ներկայացվելու է Երևանում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերգեյ Փարաջանովի 95-ամյակի կապակցությամբ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 8-ին «Այրարատ» կինոթատրոնի նախասրահում ցուցադրվելու է «Կինոյի տաճար» խորագրով ինստալացիան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինստալացիան, որն առաջին անգամ ներկայացվել է Ռոտերդամի կինոփառատոնում, ընդգրկում է Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնը« ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված կադրերը:
«Այրարատ» կինոթատրոնում «Կինոյի տաճար» ինստալացիայի ցուցադրությանը զուգահեռ կինոսրահում ներկայացվելու է Ռուբեն Գևորգյանցի «Աշխարհումս» վավերագրական ֆիլմը: Փարաջանովի կյանքի եզակի դրվագներով, լուռ զրույցով ժապավենն անընդմեջ պտտվելու է էկրանին:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հուլիսի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Կինոյի տաճար» նախագծի մտահղացման հեղինակը Դենիել Բըրդն է, որի հետ կինոկենտրոնի համագործակցությունը սկսվել է 2018 թվականին: «Թվայնացնում և վերականգնում էինք «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը, որը ցուցադրվեց մի շարք հեղինակավոր կինոփառատոններում` արժանանալով կինոգործիչների ուշադրությանը: Այդ ֆիլմն ավարտելուց հետո Դենիելի հետ սկսեցինք աշխատել «Նռան գույնը» կինոնկարի հիմնական մոնտաժից դուրս մնացած հատվածները վերականգնելու վրա»,- նշեց Միրզախանյանը:
Նա ընդգծեց, որ կա 103 տուփ ժապավեն, որոնք պահվում են Հայաստանի ազգային կինոկենտրոնի արխիվում: «2017 թվականին 27 տուփ ժապավեն ենք ուղարկել Լեհաստան: Հենց այդ կադրերը սկսեցինք պատրաստել Ռոտերդամի փառատոնում ներկայացնելու համար: Ինստալացիան նախորդ տարի Ռոտերդամի կինոփառատոնի շրջանակում ցուցադրվեց «Արմենիուս» եկեղեցում: Հենց այնտեղ մեծ հետաքրքրություն առաջացրեց, և որոշվեց այն ներկայացնել նաև «Ոսկե ծիրան»-ի ընթացքում»,-պատմեց կինոկենտրոնի տնօրենը:
Անդրադառնալով ցուցադրման վայրին` Միրզախանյանն ասաց, որ տեղն ընտրել է Դենիելը:
«Առաջին անգամ Երևան եմ եկել 2004 թվականին: Ինձ շատ է տպավորել «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնի շենքը: Դա ճարտարապետական հրաշալի կառույց է: Երբ որոշվեց ինստալացիան ներկայացնել Երևանում, առաջարկեցի այն ցուցադրել հենց այդ շենքում: Կարծում եմ` տարածքը շատ կարևոր է նման ցուցադրության համար»,-ներկայացրեց Դենիել Բըրդը:
Խոսելով նախագծի խորագրի մասին` նա ասաց, որ այն անվանել են «Կինոյի տաճար», քանի որ ֆրանսիացի ականավոր ռեժիսոր Ժան Լյուկ Գոդարը Փարաջանովի արվեստն ու կինոն նկարագրելիս օգտագործել է «կինոյի տաճար» արտահայտությունը:
«Կինոյի տաճար» ծրագրի շրջանակում հուլիսի 9-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայանալու է Փարաջանովի «Եռաֆիլմ», «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով», «Կիևյան որմնանկարներ» վերականգնված կարճամետրաժ ֆիլմերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում