«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում մեկնարկեց «Հայացք: Լեհաստան» ծրագիրը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման ֆոնդը Ադամ Միցկևիչի ինստիտուտի, Լեհական կինոինստիտուտի և Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կյանքի կոչեց «Հայացք: Լեհաստան» ծրագիրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագրի բացումն ազդարարվեց հուլիսի 8-ին լեհական հետպատերազմական կինոյի նշանավոր գործիչ Վոյցեխ Հասի «Կլեփսիդրայի առողջարանը» ֆիլմի ցուցադրությամբ:
Ցուցադրությանը զուգահեռ «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց Վոյցեխ Հասի կինոպաստառների ցուցահանդեսը:
«Լեհական ծրագրի միջոցով մշակութասեր հանրությանը ներկայացնում ենք մեր կինոարվեստի լավագույն նմուշները, իսկ «Կլեփսիդրայի առողջարանը» ֆիլմը գլուխգործոց է ոչ միայն Լեհաստանում, այլև ամբողջ աշխարհում: Մարտին Սկորսեզեն այն համարում է աշխարհի կինեմատոգրաֆի ադամանդներից մեկը»,- ասաց ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության ներկայացուցիչ Մարեկ Ռեսզուտան:
Նա շեշտեց, որ ֆիլմում նկարահանվել է լեգենդար դերասան, երաժիշտ, գրող, Լեհաստանի ազգային արժեք Յան Նովիցիկին, որն ավելի քան 250 տարբեր ստեղծագործությունների հեղինակ է:
Նովիցկին, որը ներկա էր ծրագրի մեկնարկին, խոստովանեց, որ առաջին անգամ է Հայաստանում, և մինչ այս պահը մեր երկիրը ճանաչել է կոնյակի միջոցով: «Ասում են, որ ես 250 տարբեր ֆիլմերի ստեղծող եմ: 200-ը կարելի է մի կողմ դնել, բայց մնացյալ հիսունն իսկապես հաջողված են»,- հումորով ասաց նա:
Նրա խոսքով` եթե այդ 250 ֆիլմը ջնջեին ու թողնեին միայն «Կլեփսիդրայի առողջարանը» ֆիլմը, նա իրեն հաջողակ կհամարեր ստեղծագործական կյանքում:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիրները, գնահատելով Նովիցիկիի մեծ ավանդը համաշխարհային կինոյում, նրան հանձնեցին «Փարաջանովյան թալեր» հեղինակավոր մրցանակը: Նովիցկին ասաց, որ շատ զգացված է ու շնորհակալ ուշադրության համար:
Ծրագրի շրջանակում անցկացվելու են միջոցառումներ թե՛ կինոմասնագետների, թե՛ լայն հանրության համար: Այն ընդգրկում է ութ ֆիլմի ցուցադրություն, որոնցից չորսը լեհ դասական Վոյցեխ Հասի վերականգնված ֆիլմերն են և ժամանակակից լեհական կինեմատոգրաֆի նմուշներ:
Վոյցեխ Հասի «Հրաժեշտներ» ֆիլմի վերականգնված տարբերակի առաջին ցուցադրությունը տեղի կունենա Հայաստանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում