Հովհաննես Երանյան․ Այրված սարեր
Նմանատիպ
Առաջ էլ միշտ նկուղը ջուր էր լցվում, բայց իսկույն դույլերով դուրս էին թափում, որովհետև այնտեղ պահելու բան կար: Պահելու բան լիներ, տանտիրոջ ծերությունը՝ հեչ. թեև ձեռքերի դողն ամեն գործ անհարմար էր դարձնում, բայց դժվար կյանքի երկարատև փորձը դեռևս ուժ էր նշանակում, անգործ չմնալու սովորույթ ու առօրյա: Վերջին մի քանի տարում նկուղն, այնուամենայնիվ, դեպքից դեպք էր մաքրվել, ջուրը մնացել, նեխել էր, գարշահոտն անցել պատերին, և հայր ու աղջիկ հյուր կանչելուց առաջ զուր տանջվեցին երկու օր:
Խնջույքը դեռ չէր սկսվել, երբ գյուղական տան բակում շարած սեղանների ծայրին նարդի խաղացողներից մեկը բացականչեց.
– Նայեք, նայեք, էդ ի՞նչ ա:
Հավաքվածները շրջվեցին, նայեցին լեռանն ու համրացան: Լռության մեջ նրանք վախ էին կուլ տալիս, մինչ մեկը կեղծ անտարբերությամբ ասաց.
– Տո հեչ, է, ամերիկյան ռազմական բազայի լույսերն են:
– Չէ, -առարկեց տանտերերի հարևանը, -բազան ավելի աջ ա ու ավելի բարձր:
– Թռչող օբյեկտ ա երևի, – ասաց ռազմաբազայի վարկախն առաջ քաշած կեղծ անտարբերը:
Սա էլ հեշտությամբ ժխտվեց. Սարի կրծքին օղակ դարձած նշանն արագորեն փոփոխվում էր, մեծացնում պարագիծը, կարցնում կլորությունը, տձևանում:
– Չլինի՞ թուրքերը մեր սարն են պայթեցրել, – տարբերակ առաջարկեց մայրաքաղաքից եկած լրագրողը:
– Ադ մեկ բանն ունինք հավերժ անփոփոխ, – ասաց ջահել սփյուռքահայը:
– Դրա համար էլ պայթեցնում են, -վարկածին հավանություն տվեց տանտիրոջ փեսաներից մեկը:
-Չէ, ջանմ, ի՞նչ պայթեցում, հրաբուխ է անշուշտ, -քննարկմանը միացավ տարեց սփյուռքահայը:
Այս մեկն էլ փորձեցին հերքել.
– Միլիոն տարվա հանգած հրաբուխ է:
– Ոչ մեկ նշանակություն ունի, – առարկեց տարեցը, – ինչ ալ ըսես՝ կպատահի, բոլոր քնածներն ալ օր մը կարթնանան, հանգածները՝ կբռնկին, մեռածները՝ հարություբ կառնին:
Չվիճեցին՝ գեղեցիկ էր: Սկսեցին քննարկել, թե հրաբխի լավան սովորաբար ինչքան է դեմն եկածը լափելով առաջ գնում, որքան է սարի ու գյուղի միջև եղած հեռավորությունը:
Տանտիրոջ ավագ փեսայի՝ խնջույքն սկսելու հրավերով՝ տեղավորվեցին սեղանների շուրջը, բայց հայացքներն էլի լեռան կողմն էի, և ողջ երեկոյի ընթացքում տեսնելով ծավալվող կրակե օղակը՝ ներբորբոքում էին կուլ տված վախը: Լրագրողը պտտվեց սեղանի շուրջն ու ասաց. ՛ «Ինչի՞ մուսուլմանների պես նստեցիք՝ առանձին-առանձին: Ես, օրինակ, ուզում եմ կնոջս կողքը նստել»: Կանայք իրենց մեջ տեղ բացեցին նրա համար, իսկ միջնեկ փեսան իր կրտսեր քենակալի ականջին շշնջաց.
– Էդ ղզիկը վերջը ծեծա ուտելու, նարդու մեջ էլ հարամություն էր անում:
Վազվզող երեխաներն անընդհատ բաց էին թողնում նկուղի դուռը, և այնտեղից գարշահոտ էր տարածվում: Ծեր տանտերը մի քանի անգամ վեր կացավ, գնաց փակեց ու սաստեց երեխաներին, իսկ միջնեկ փեսան խորհուրդ տվեց. «Մի կողպեք ճարի կամ լարով կապիր»:
Սեղանապետը երգելու առաջարկ չէր արել, ոչ ոք մյուսին չէր խնդրել երգել, մեկը քթի տակ մի մեղեդի էր դնդնացել, մյուսը միացել, երրորդը՝ փոխել երգը, երգում էին, բայց տանտերն ընդատեց. «Կողքի տանն էսօր թաղում կար, մարդիք դեռ չեն ցրվել, ամոթ ա»:
– Ղազարոս բիձուն ասեք, թող գնա խաթր առնի, քեֆի թույլտվություն առնի, -առաջարկեց հարևանը:
– Չեն տա, – ասաց Ղազարոսը, ամոթ ա, գնամ ի՞նչ ասեմ: Առանց երգելու էլ կդիմանաք:
– Մենք էլ հո թաղում չե՞նք եկել, ի՞նչ ես ասում, թողնենք գնա՞նք, -նեղացավ ավագ փեսան:
Համոզեցին, Ղազարոսին ճանապարհեցին հարևանի տուն, իսկ նկուղի դուռը մինչև նրա գալը բաց մնաց, և նեխահոտը սրտխառնուք էր առաջացնում: Սկսեցին խմբով երգել:
– Հիմա թույլ տված կլինեն, – ասաց լրագրողը:
Ղազարոսը վերադարձավ մեկ ժամից էլ ուշ: Ձեռքերը դողում էին, գլուխը՝ տմբտմբում, ինքը՝ ճոճվում:
– Պահո, բիձեն լավ-լավ ա, -ասաց միջնեկ փեսան, – արի, արի: Արի, տեսնենք՝ ինչ ասացին:
Նստիր, նստիր՝ րընկնես, ձեռի հետ էլ էն դուռը փակիր, կերածներս հարամ ա անում:
Երբ արդեն նստել էր, հարցրին.
– Հը, բիձա, պատմիր տեսնենք՝ ի՞նչ ասիր, ի՞նչ պատասխանեցին:
– Ի՞նչ պիտի, պատասխանեց դժգոհ, – ասացի՝ հազար օղորմի Ռոզային:
– Հազար օղորմի էս ասել, հո հազար անգամ չե՞ս ասել օղորմի, -բողոքեց ավագ դուստրը, ժամից ավել է՝ չկաս: Խի հազար օղորմի ասելու համար էդքան խմու՞մ են: Քեզ էնտեղ ավելի՞ հաճելի էր, քան մեզ հե՞տ: Ինչի՞ց ես դժգոհ, առավոտից ման ես գալիս ու փնթփնթում:
Ղազարոսը մշուշված աչքերով նայեց դստերը.
– Ախր, մի շաբաթ մնաց՝ մի օր առաջ չտեսանք: Մի ձեռքն անընդհատ սրտին էր, մեկելը՝ փորին: Եղանակն էլ հենց ամպեց՝ մեջքը բռնեց: Տնքաց ու տնքաց: Բա իմ Նանարը դրա՞ն էր հալալ:
– Պապ, խնդրում եմ, – թախանձեց Նանարը:
– Բիձա, ի՞նչ ասին, երգու՞մ ենք, թե՝ չէ, – նորից հարցրեց միջնեկ փեսան:
Ղազարոսի համբերության բաժակը լցվում էր.
– Ի՞նչ ասին, ի՞նչ ասին, – թնդաց, – ասին՝ գիտենք, որ քեֆի ծախսն էլ, ճանապարհի փողն էլ ամերիկացին է ուղարկել. քո ձեռքին որտեղի՞ց փող, ասին: Ասին, Ղազարոս, գնացեք ձեր քեֆն արեք, հո ամեն օր աղջիկ չե՞ք ճանապարհում Ամերիկա:
– Լավ, լավ, պապ, հանգստացիր, – խնդրեցին երեք դուստրերը, իսկ Նանարը գլուխն ափերի մեջ առավ:
– Չէ, թող իմանա՝ ինչ ասին: Ասին, քանի անգամ է օղորմածիկ Ռոզան լողացրել, մազերը սանրել, հյուսել: Ասին, ո՞նց ես ապրելու առանց Նանարի, Ղազարոս: Էն երեքը մեծ էին, Նանարը փոքրուց որբացավ: Կուրծք տալուց բացի, ամեն ինչ մոր տեղ դու ես արել, ասին, Ղազարոս:
– Բիձու խելքն էլ ձեռքերի պես դողում է, – ասաց ավագ փեսան միջնեկին, – լավ պապ ջան, վերջացրու, թող Նանարին ուրախ սրտով ճամփա գցենք:
Բայց Ղազարոսն էլ հանգստացողը չէր:
– Ոչինչ, ասին, Ղազարոս, ասին՝ կտեսնես, տարին չբոլորած՝ Նանարը քեզ Ամերիկա կտանի:
– Կտանի, պապ, կտանի, – ասաց ավագ դուստրը, – մեզ էլ կտանի, քեզ էլ: Ամբողջ ընտանիքով կհավաքվենք այնտեղղ, էլի միասին կլինենք:
– Իշտահներիդ քացախ, – գոռաց Ղազարոսը, – դրա համա՞ր Նանարիս համոզեցիք: Ես գիտեմ ձեր մտքինը: Ինչքան լացացրիք խեղճին:
– Գիտեի, էլի, որ հարամ ա անելու, -ասաց միջնեկ փեսան ավագին, -բիձա, չորս փեսա ունես, ո՞ր մեկից ես գոհ, -հետո նորից շրջվեց քենակալի կողմը, -իզուր էլ Բաբկենի բանկետը թողեցի՝ եկա:
Տարեց սփյուռքահայը ոտքի ելավ և փորձեց գեղեցկախոսությամբ մեղմել մթնոլորտը:
– Զվարթորեն երջանկություն մաղթիր դստերդ, հայրիկ: Հոն ընդունված է՝ իրարմե մեծ ալ կառնին, պզտիկ ալ: Տարիքը ոչ մեկ նշանակություն ունի երջանիկ ըլլալու համար:
– Իհարկե, չունի, -ձայնակցեց միջնեկ դուստրը, երեկ զանգել էր, Նանարին հարցրել, թե «Լինքոլնը» ի՞նչ գույնի է ուզում: Խեղճ Նանարն ի՞նչ իմանա՝ «Լինքոլն» ինչ է: Պապ, դու գիտե՞ս ինչ է «Լինքոլնը»: Հենց էնպես պատասխանել էր, թե ծիրանագույն: Ասել էր. «Կստանաս հենց օդանավակայանում՝ որպես հարսանեկան նվեր»:
– Հինգ օրից մեկնում են Կարիբյան կղզիներ՝ ամուսնական ճամփորդության, – առաջին անգամ խոսակցությանը միացավ երրորդ դուստրը:
– Օ, «Լինքոլն», Կարիբյան կղզիներ, – մեջ մտավ երիտասարդ սփյուռքահայը, ինչու՞ չէիք ըսեր, որ մեր փոսացուն հարուստ անձ մըն է: լոս Անջելես ու՞ր կապրի, իմ հասցեն կուտա՞ք:
– Լսեցիր, պապ, – շարունակեց միջնեկ դուստրը, – հասցե է ուզում: Թեքվիր, հարցրու՝ էսքան աղջիկ կա սեղանի շուրջ, ո՞ր մեկը կհրաժարվեր նման բախտից:
Նանարը գնում-գալիս, սեղանի ափսեներն էր փոխում, դատարկ շշերը հավաքում սեղանից, աչքերը կարմրած էին, մերթ ընդ մերթ փորձում էր սրբել աննկատ: Ղազարոսը կարծես խաղաղվում էր, քղջիկներն էին շարունակում:
– Կամ ի՞նչ վատ բան կա, որ ասում ենք՝ ընտանիքով կհավաքվենք այնտեղ, -շարունակում էր միջնեկը:
– Այ աղջի, հերիք ա ճառ ասես, – փորձեց լռեցնել ամուսինը, մեկա բիձուն չես համոզի:
– Մեկ էլ բիձա ասեցիր՝ չնեղանաս, լսեցի՞ր, -շշպռեց ամուսնուն ու էլի հորը դիմեց, – Նանարը քո հարազատն է, մենք՝ խո՞րթը: Հարազատ քույրեր չե՞նք: Ի՞նչ վատ բան կա, որ ուզում ենք մեզանից մեկը լավ ապրի, օգնի մյուսներին: Էս պրեսսային հարցրու, թե ոնց եղավ, որ եկավ: Քանի՞ տարի ոտք չէր դրել մորաքրոջ տուն, քանի՞ տարի չէր տեսել Նանարին: Ի՞նչ վատ բան ենք ուզում, պապ:
Սկսեց հեկեկալ:
– Այ աղջի, քեզ ասացի՝ վերջացրու, նորից ոտքի ելավ միջնեկ փեսան՝ չստացված խնջույքի սեղանապետը: – Չէ, ես գնացի, Բաբկենը կնեղանա, գնամ գոնե բանկետի վերջին հասնեմ:
Ես էլ եմ գալիս, – ասաց ավագ քենակալը, – ինձ էլ հետդ տար: Բաբկենին ճանաչում եմ: Էն չի՞, որ կոնտուզիայից կուրացավ:
– Չէ, կոնտուզիայից չէր, արկի բեկորը աչքը հանեց, բայց կյանքը փրկեցին:
– Գալիս եմ, գնացինք: Ի՞նչ բանկետ ա անում:
– Քրդի անձնագիր ա առել, Եվրոպայում պետք կգա:
– Քուրդի անձնագի՞րն ինչ կընե, այժմ ալ Օջալանի կողքի՞ն պիտի կըռվե, – փորձեց կատակել ջահելը:
– Քեզ միամիտի տեղ մի դիր, – պատասխանեց միջնեկը, – բարի գիշեր քեզ: Նանար ջան, վաղը կեսօրին կգամ, կտանեմ աերոպորտ:
– Ես էլ վաղը կգամ, – միացավ ավագը:
Մեկական շիշ կոնյակ վերցնելով սեղանից՝ դուրս եկան: Բարի գիշեր մաղթեց և հեռացավ նաև հարևանը: Ավագ դուստրը շոյում էր Ղազարոսի ուսը: Հոր մյուս կողքին Նանարն էր նստել: Վերջապես սեղան էր նստել՝ իր հարսանիքի սեղանին:
– Բա, պապ ջան, քեզ թողնեին՝ էս տկլորին կտայիր աղջկադ, – հեռացեղ հարևանին ցույց տալով՝ ասաց միջնելը, – մինչև հիմա դպրոցի վերջին զանգի շալվարն ա հագնում:
– Պապային էլ պիտի հասկանանք, – միացավ ավագը, – ուզում էր Նանարին մոտը պահել, չէ՞ պապ: Հա, արդեն ծեր ես, մենակ դժվար կլինի, բայց աղջկադ ճակատագրի հետ խաղալու իրավունք չունես:
– Լավ էլ տղա էր, – մի կերպ շշնջաց Ղազարոսը:
– Գիտե՞ս ինչի են մորը միաչքանի ասում, – շարունակում էր միջնեկը, որովհետև արդեն քանի տարի ա՝ ակնոցի մի ապակին ընկել ա, միակնանի ակնոցով ա մարդամեջ դուրս գալիս:
– Լավ էլի, վերջացրեք, նորից թախանձեց Նանարը:
Ղազարոսի արմունկները սեղանին դրեց, գլուխը գցեց արմունկներին:
– Արի քեզ տանեմ, քնիր, – ասաց Նանարն ու փորձեց բարձրացնել հորը և նրա անօգնականությունից էլի հեծկլտաց:
– Լացիր, բալես, կուշտ լացիր, – ասաց Ղազարոսը՝ մի կերպ ոտքի կանգնելով: -Էստեղ լաց եղիր, որ էնտեղ չլացես: Ոչ կարոտից, ոչ էլ ուրիշ բանից՝ չլացես:
Մայրաքաղաքից եկածները՝ թղթակիցը, հայր և որդի սփյուռքահայերը, էլի մի քանիսը ոտքի ելան: Քամի խաղաց ու նկուղի գարշահոտն ավելի խիստ զգացվեց:
– Էս հոտը չկտրվեց ու չկտրվեց, -քրթմնջաց երրորդ դուստրը:
– Հոտը հեչ, – ասաց Նանարի օգնությամբ դեպի տան վերնահարկ տանող աստիճանները քայլող Ղազարոսը, – խնավությունը քաշել ա պատերի ջանը, մի օր տունը փուլ կգա:
– Ափսոս, ֆոտոապարատ չկա, – ասաց լրագրողը՝ սարի կրծքին ծավալվող կրակը ցույց տալով, տեսնես՝ ի՞նչ են արել շան որդիք:
Քաղաքացիների գնալուց հետո, լռության մեջ նորից ահն ուժգնացավ: Մթության մեջ հրկիզված լեռը ահասարսուռ էր ու վհատեցնող:
– Իսկապես, էս ի՞նչ ա, մամա ջան, – շշնջաց հորը դռան մոտ հասցրած Նանարը:
– Բան չկա, մի վախեցեք, -հանգստացրեց Ղազարոսը, -քրդերը ցորենի տակն են վառել:
Չորրորդ տարին ա՝ սարի փեշին ցորեն են ցանում: Հնձել են, տակի սալոմն են վառել: Մի վախեցեք, սարին բան չի պատահի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում