Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, Ter-hambardzum.net: Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին՝ առաջնորդությամբ Բոստոնի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Առաքել քահանա Ալջալյանի և Օլբանիի Ս. Պետրոս եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Ստեփանոս քահանա Դուդուկչյանի:
Առաքել քահանան Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտավոր հայորդիներին` նշելով, որ ուխտավորներն եկել են Սուրբ Էջմիածնով իրենց ուխտը նորոգելու և Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը ստանալու, որպեսզի դրանով զորացած վերադառնան իրենց համայնքները: Ս. Պետրոս եկեղեցու համայնքի անդամների անունից այցի առիթով իր ուրախությունը հայտնեց նաև Ստեփանոս քահանան:
Այնուհետև, հայրական իր օրհնությունը բերելով ամերիկաբնակ հայորդիներին, Ամենայն Հայոց Գարեգին Բ. Հայրապետը ողջունեց սփյուռքի տարբեր համայնքներից ուխտագնացությունների կազմակերպումը՝ կարևորելով այդ գործում սփյուռքում իրենց ծառայությունը մատուցող հոգևոր սպասավորների դերը:
Անդրադառնալով հայրենիք-սփյուռք անքակտելի կապին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ այսպիսի ուխտագնացություններով սփյուռքի հայորդիները ոչ միայն իրենք են քաջալերվում ու նորոգվում իրենց հավատքի մեջ, այլ նաև ոգեշնչում են հայաստանաբնակ ժողովրդին: Վեհափառը վստահեցրեց, որ հայրենիքը զորեղ է սփյուռքով, սփյուռքի իր զավակներով, քանզի հայրենի հողից հեռու գտնվելով հանդերձ՝ նրանք միևնույն է իրենց մեջ կրում են պատասխանատվության զգացումը և այդ իմաստով կարևոր մասնակցություն են բերում հայրենիքի կյանքի առաջընթացին:
Նորին Սրբությունը խոսեց նաև հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների և դժվարությունների մասին, որոնք ինչպես պատմության ընթացքում, այնպես և այսօր ժողովուրդը հաղթահարում է Աստծո օգնականությամբ ու զորակցությամբ, Աստծու ընտրյալ ժողովուրդ լինելու հավատքով ու գիտակցությամբ: Նորին Սրբությունը պատգամեց հայորդիներին նույն նախանձախնդրությամբ շարունակել իրենց հայրենանվեր ընթացքը և հոգ տանել երիտասարդների հայեցի դաստիարակության համար, որպեսզի որտեղ էլ գտնվեն հայ ժողովրդի զավակները՝ մշտապես պատասխանատվություն զգան իրենց հայրենիքի և հայ ժողովրդի ապագայի համար:
Վերջում Նորին Վեհափառությունն իր գնահատանքը փոխանցեց թեմակալ առաջնորդին և հոգևոր հովիվներին իրենց ժրաջան ծառայության համար, իսկ ուխտավորներին մաղթեց մշտապես զորանալ իրենց սրբազան հավատքի մեջ և Սուրբ Էջմիածնի մշտամնա օրհնությամբ շարունակել կերտել իրենց կյանքը իբրև Աստծո հավատարիմ զավակներ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց հայորդիներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցականների պատրաստությանն ու ծառայությանը, վերջին տարիներին եկեղեցական կյանքում արձանագրված ձեռքբերումներին, առկա մարտահրավերներին, Եկեղեցու սոցիալական ծառայությանը ի նպաստ կարիքավորների և Միածնաէջ Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքներին: