«Ոսկե ծիրան»-ում ներկայացված «Օլեգ» ֆիլմն անդրադարձել է միգրացիոն խնդիրներին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհատի անձնական դրամայի միջոցով միգրացիոն տարբեր խնդիրներ արծարծող Լատվիայի, Լիտվայի, Բելգիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրության «Օլեգ» ֆիլմը ներառվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի լիամետրաժ մրցույթում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կինոնկարի ռեժիսորը Յուրիս Կուրսիետիսն է, իսկ գլխավոր դերակատարը` Վալենտին Նովոպոլսկին:
«Ֆիլմը նկարահանելիս կարևորել ենք դեռահասի տղամարդ դառնալու գործընթացը: Դեռ վաղ ժամանակներից տղաները գիտեին, թե ինչ քայլեր պետք է անել կյանքում իսկական տղամարդ լինելու համար: Մեր օրերում, հատկապես որոշ եվրոպական երկրներում, այդ հարցի վերաբերյալ մոտեցումները փոխվել են: Չկա որևէ պահ, երբ հասկանաս, որ դու այսուհետև տղամարդ ես, պատասխանատու քո արարքների համար: Դա իմ հերոսի կարևոր խնդիրներից մեկն էր»,-հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նովոպոլսկին:
Նրա խոսքով` ֆիլմն անմիջական կապ ունի նաև միգրացիայի, ստրկության հետ:
«Ես չէ, որ պետք է ձեզ պատմեմ միգրացիայի մասին, բայց խոստովանում եմ, որ իմ ընկերներից շատերն են լքում երկիրը: Ժամանակին երկրից հեռացել են նաև ծնողներիս ընկերները: Գուցե բոլոր փոքր երկրները ձգտում են լավ ապրել ու հաճախ ստրկանում են այդ նպատակով»,-ասաց Նովոպոլսկին:
Կինոնկարը ներկայացնում է մեր օրերի Բելգիան: Գլխավոր հերոսը` Օլեգը, լատվիացի երիտասարդ մսագործ է: Նա Բրյուսել է եկել՝ հույս ունենալով ավելի լավ վարձատրություն ստանալ մսի կոմբինատում: Գործընկերոջ դավաճանությունից հետո նրա փորձառությունը կարճ է տևում: Օտար երկրում միայնակ Օլեգը շուտով ընկնում է լեհ հանցագործ Անջեյի լծի տակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում