«Աստված գոյություն ունի, անունն էլ` Պետրունյա» ֆիլմը ցուցադրվեց Երևանում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մակեդոնական Շտիպ փոքրիկ քաղաքում ամեն տարվա հունվարին ծխական քահանան գետն է նետում փայտե խաչը: Հարյուրավոր տղամարդիկ խաչի ետևից սուզվում են գետը: Բարեբախտության ու բարգավաճման երաշխիքը բաժին է ընկնում նրան, ով կգտնի խաչը: Այս անգամ Պետրունյան ևս պահի մղումով սուզվում է ջուրն ու մյուսներից առաջ ընկնելով՝ հանում խաչը: Մրցակիցները բորբոքված են. ինչպե՞ս է համարձակվել կինը մասնակցել իրենց ծեսին: Չնայած բարձրացած աղմուկին՝ Պետրունյան չի հանձնվում: Հաղթանակը նրանն է, և նա մտադիր չէ խաչը զիջել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է պատմում ռեժիսոր Թեոնա Ստրուգար Միտևսկայի «Աստված գոյություն ունի, անունն էլ` Պետրունյա» կինոնկարը: Մակեդոնիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Սլովենիայի, Խորվաթիայի համատեղ արտադրության ֆիլմն այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի լիամետրաժ (խաղարկային և վավերագրական) մրցույթում:
Հուլիսի 9-ին լրագրողները հնարավորություն ունեցան հանդիպել և զրուցել Պետրունյայի դերակատար Զորիցա Նուշևայի հետ, որը խոստովանեց` կյանքում իր մարմնավորած հերոսուհու պես համարձակ ու խիզախ չէ:
«Թվում է, թե Պետրունյան հասարակ աղջիկ է, և մեզնից յուրաքանչյուրը կարող է նրա միջոցով տեսնել իրեն: Նա ապրում է տղամարդկանց աշխարհում և ամեն օր պայքարում է հավասարության համար, ձգտում է այդ երջանկությանը», – նշեց դերասանուհին:
Նուշևան անկեղծացավ` ասելով, որ իր համար հեշտ չէր Պետրունյային մարմնավորելը, քանի որ նա կին է, որն անընդհատ կոտրում է կարծրատիպերը, իսկ սահմաններ չգծելը հերոսուհու կյանքում մեծ դերակատարություն ունի:
«Մեծ սիրով կասեի, որ, այո, ես Պետրունյայի պես կվարվեի նման իրավիճակում, կպայքարեի, բայց իրականությունն այն է, որ այդպիսին չեմ. վախ, ցավ էի զգում անգամ ֆիլմի նկարահանման ժամանակ, ծնկներս դողում էին: Բայց, եթե կա վախ, կա նաև ուժ: Ըստ իս` բոլոր կանայք են ուժեղ, և նրանք ծայրահեղ իրավիճակներում կարող են սարեր շուռ տալ», – ընդգծեց Նուշևան:
Խոսելով իր մասին` դերասանուհին ասաց, որ մինչ այս ֆիլմը, փոքր դերակատարմամբ հանդես է եկել մեկ այլ կինոնկարում: «Աշխատում եմ թատրոնում: Այս ֆիլմն իմ առաջին քայլն էր պրոֆեսիոնալ կինոարվեստում: Մասնակցեցի ֆիլմի քասթինգին և հեշտությամբ անցա: Ընդգծեմ, որ երկու երեխայի մայր եմ: Կարելի է ասել, որ հաջողակ եմ և՛ մասնագիտական, և՛ անձնական կյանքում», – նշեց Զորիցա Նուշևան:
Նա չմոռացավ անդրադառնալ նաև Հայաստանին` շեշտելով, որ առաջին անգամ է մեր երկրում և շատ է հավանում այն: «Այստեղ ստեղծարար մթնոլորտ է: Հայաստանում հետաքրքիր ավանդույթներ կան, որոնք դուք շարունակում եք պահպանել, փոխանցել սերունդներին: Եթե հետագայում հնարավորություն լինի նորից ձեզ այցելել, սիրով կգամ», – եզրափակեց դերասանուհին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում