«Խաղաղության հրեշտակը» մեկ ցուցանմուշի ցուցադրությունը կոչ է մարդկանց պահպանել սերը միմյանց նկատմամբ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ ցուցանմուշի ցուցադրությունը Երևանի Ժողովրդական արվեստի կենտրոնում (Folk Art Center) իր դռներն է բացել ժամանակակից արվեստի սիրահարների առջև։ Ցուցադրվում է երիտասարդ արվեստագետ,Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի բակալավրիատի ուսանողուհի,գեղանկարիչ Մարիամ Մանուկյանի գործը՝ «Խաղաղության հրեշտակը» խորագրի ներքո:
««Խաղաղության հրեշտակը», որովհետև իմ հրեշտակը այլ կերպ չէր կարող լինել… Գիտակցում եմ, անշուշտ, որ աշխարհում խաղաղությունը բոլորին է պետք: Խաղաղություն ընտանիքում, հանրապետությունում… Համոզված եմ՝ եթե մարդիկ իրենց հոգիներում պահեն սերը միմյանց հանդեպ, ապա թե աշխարհում և թե հոգիներում խաղաղության հրեշտակը կհաստատվի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մարիամ Մանուկյանը:
Ցուցադրվեցին նաև Մարիամի մի քանի նկարներ,որոնք տարբերվում էին իրենց ոճով, գունային գամմայով, ասելիքով:
Մարիամ Մանուկյանը ծնվել է 1997 թ. Էջմիածին քաղաքում: Ժող.վարպետ,անվանի արծաթագործ Արշակ Մանուկյանի դուստրն է: 2019 թ․ ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության բաժինը։ 2015 թ. մասնակցել է ՀԳՊԱ ուսանողական ցուցահանդեսին, 2016 թ․՝ «Սուրբ Սարգիս» ցուցահանդեսին և Նկարիչների միությունում «Մի կտոր կրակ» ցուցահանդեսին, 2017 թ.՝ Մոսկվայի տանը անցկացվող ռուսական ցուցահանդեսին։ 2019 թ․ Նկարիչների միությունում մասնակցել է «Սուրբ Սարգիս» ցուցահանդեսին։
Մելինե Մարության
Հետևեք մեզ նաև Telegram-ում